Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ նաև անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը. Օսկանյան

23 Մայիսի, 2025

Նիկոլ Փաշինյանի վարչապետության յոթերորդ տարում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ նրա կառավարությունը Հայաստանի անկախությունից ի վեր անհամեմատ ամենաանկարողներից և ամենաձախողներից մեկն է։ Ավելի վատ՝ այն խաթարված է կոռուպցիայով և բարեկամապետությամբ (nepotism)։ Եթե կառավարությունը չի տրամադրում վստահելի և համոզիչ բացատրություններ՝ ANIF-ին հատկացված միլիոնավոր դոլարների, «Հայաստան» հիմնադրամի ավելի քան 100 միլիոն դոլարի նվիրատվությունների և արտաքին պարտքի լրացուցիչ յոթ միլիարդ դոլարի ճակատագրի վերաբերյալ (իսկ սրանք ընդամենը առավել տեսանելի օրինակներից են), Փաշինյանի կառավարությունը կարող է արժանանալ նաև անկախությունից ի վեր ամենակոռումպացվածի կոչմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Երբեմնի գերիշխող ընկալումը՝ թեև ռազմական պարտությունները, զոհերը, տարածքային կորուստները, ազգային նվաստացումն ու ներքին խառնաշփոթը ցավալի էին, բայց գոնե Հայաստանը ղեկավարում էին ազնիվ մարդիկ, այժմ ամբողջությամբ փլուզվել է։ Դրա փոխարեն գալիս է սթափեցնող իրողությունը՝ անկարող առաջնորդության գինը շատ ավելի բարձր է, քան երբևէ թվացել է։

Այս իրողությունը առաջ է բերում դժվար, բայց անհրաժեշտ մի փաստարկ. երբ մի ազգ կանգնած է ընտրության առջև՝ «կոռումպացված», բայց կարողունակ կառավարության և «ազնիվ», բայց անկարող իշխանության միջև, առաջինը կարող է ի վերջո ավելի փոքր չարիք լինել։ Կոռուպցիան՝ թեև վնասակար, հնարավոր է հաղթահարել ժամանակի ընթացքում՝ հաստատությունների բարեփոխումների և խելամիտ կառավարման միջոցով։ Ֆինանսական կորուստները հնարավոր է փոխհատուցել քրտնաջան աշխատանքով, արդյունավետ կառավարմամբ ու դատական գործընթացներով։ Իսկ կորցրած տարածքը, կյանքերը, խաթարված հեղինակությունն ու ազգային նվաստացումը՝ հակառակը՝ կամ չեն վերականգնվում, կամ էլ վերականգնվում են ահռելի զոհաբերության՝ հաճախ պատերազմով, արյունահեղությամբ և երկարատև տրավմայով։

Կառավարումը պահանջում է ավելին, քան պարզապես լավ մտադրություններ։ Ազնվությունը, անկեղծությունը և մաքուր ձեռք ունենալը կարևոր են, սակայն առանց արդյունավետ կառավարման կարողության՝ դրանք դառնում են դատարկ առաքինություններ։ Հայաստանի վերջին տարիների պատմությունը՝ Փաշինյանի ղեկավարությամբ, նախազգուշացնող հանգամանք է այն մասին, թե ինչպես անկարողությունը բարձրագույն մակարդակներում կարող է հանգեցնել ազգային աղետի։ Հետևանքները խիստ և անդառնալի են՝ Արցախի կորուստը, ավելի քան 120,000 հայերի տեղահանումը, հազարավոր երիտասարդ զինվորների մահը և Հայաստանի տարածքային ինքնիշխանության խաթարումը։ Հասարակության վրա թողած հոգեբանական և զգայական ազդեցությունն ահռելի է՝ առավել ևս, երբ կա համոզմունք, որ այս ողբերգությունները հնարավոր էր կանխել։

Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք։ Թեև ստեղծվել են նոր հակակոռուպցիոն մարմիններ և ընդունվել են օրենսդրական «բարեփոխումներ», համակարգային կոռուպցիան շարունակվում է։ Ծաղկում են բարեկամապետությունն ու ընտրյալներին արտոնելը՝ վկայելով, որ պետական ապարատը խոցելի է շահադիտական շահագործման համար։ Հանրային վստահությունը կառավարության ազնվության հանդեպ ամբողջությամբ քայքայվել է։

Թերևս առավել տխուր է ժողովրդավարական հաստատությունների հետևողական քայքայումը։ 2018-ի «Թավշյա հեղափոխության» սկզբնական հույսը մսխվել է։ Այն, ինչ երբևէ խոստանում էր համապարփակ մասնակցային կառավարման փորձ, վերածվել է միանձնյա իշխանության։ Դատական համակարգը լայնորեն ընկալվում է որպես կախված, անկախ մամուլը՝ ճնշման տակ, իսկ քաղաքացիական հասարակությունը գործում է կասկածի ու սահմանափակումների մթնոլորտում։ Քաղաքական դաշտը այժմ բնորոշվում է բևեռացվածությամբ և բախումներով՝ այն պահին, երբ ազգի միասնությունը առավել քան երբևէ անհրաժեշտ է։

Փաշինյանի կառավարության ժառանգությունը կարող է սահմանվել ոչ թե իր նախկինում հռչակած արժեքներով, այլ՝ այն անդառնալի վնասով, որ հասցրել է։ Ազնիվ կառավարման պատրանքը ծածկել է ավելի խոր թերությունների իրականությունը։ Եվ երբ բոլորս նայում ենք անցած յոթ տարիների փլատակներին, ստիպված ենք ընդունել մի դառը, բայց անհրաժեշտ ճշմարտություն՝ լավ կառավարումը պահանջում է ավելին, քան մաքուր ձեռքեր։ Այն պահանջում է կարողություն, տեսլական և քաջություն՝ առաջնորդելու և ազնվորեն, և արդյունավետորեն։ Առանց այդ հատկությունների՝ անգամ ամենավեհ արժեքները կարող են փլուզվել իրականության ծանրության տակ»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է 17 համայնքներում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։ Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ համայնքների մեծ մասում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։...

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Նախարար Խուդաթյանը շնորհավորել է Գառնիում իրենց թեկնածուի հաղթանակը, որը ընտրություններին մասնակցում էր միայնակ

Գառնի համայնքում ընտրությանը մասնակից 3433 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Տիգրան Պողոսյանի գլխավորությամբ, ստանում է 3235 ձայն կամ քվեների 94.2%-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Շնորհավորում եմ Տիգրան...

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

«Չայնիի» ոլորանների սկզբնամասում 4 մեքենա է բախվել․ 4 վիրավորներից մեկն անչափահաս է

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi»...

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Առերևույթ 5 դեպքով՝ քվեարկության գաղտնիությունը...

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...