Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել են «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Շտապօգնությունը մեծ դժվարությամբ է հասել դեպքի վայր, քանի որ որոշ վարորդներ անգամ լսելով շտապօգնության ձայնային ազդանշանը, չէին փորձում ճանապարհ տալ։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Վթարի հետևանքով դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածին մոտ 4 կմ խցանում էր առաջացել, քանի որ վթարված ավտոմեքենաներից 3-ը հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Lamborghini Urus»-ը բախվել էր ծառին։Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Վիրավորներից անչափահասը տեղափոխվել է Երևանի «Ուիգմոր» բժշկական կենտրոն»,-հայտնում է shamshyan.com-ը։






