ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 3.5 անգամ նվազել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

23 Մայիսի, 2025

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է 2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։

ՀՀ տնտեսական ակտիվությունը կտրուկ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 3.5 անգամ, նվազել է՝ կազմելով 4.1%։ Դանդաղման հիմնական պատճառը ռուս-ուկրաինական զինված հակամարտության հետևանքով առաջացած արտածին բարենպաստ գործոնների էական թուլացումն է (որոշ արտածին դրական գործոնների ընդհանրապես չեզոքացումը)։ Նշված բացասական ազդեցությունն ամենաընդգծված կերպով դրսևորվել է արդյունաբերության ոլորտում, որն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 18.5%-ով, նվազել է։

Առևտրի աճի տեմպը կտրուկ նվազել է՝ հասնելով 6%-ի, այն դեպքում, երբ նախորդ տարվա առաջին եռամսյակում այն 26.5% էր։

Արտահանումը և ներմուծումը կտրուկ կրճատվել են՝ համապատասխանաբար  61.8%-ով և 47.9%-ով։ Այսպիսի կտրուկ անկումը հիմնականում պայմանավորված է վերաարտահանման ծավալների զգալի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները 2025թ. առաջին եռամսյակում կազմել են 597.4 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 102.1%-ով ավելի։ Բյուջեի ընդհանուր եկամուտների՝ պլանավորվածից ավելի հավաքագրումը հիմնականում հաջողվել է շնորհիվ այլ եկամուտների գծով մուտքերի։ Դրանց կատարողականը 149.6% է: Մինչդեռ, պաշտոնական դրամաշնորհների գծով արձանագրվել է 22.9% թերակատարում։ Ընդ որում, պաշտոնական դրամաշնորհների թերակատարման առումով 2025թ. առաջին եռամսյակը բացառություն չէ՝ դրանք, ըստ էության, գործող կառավարության իշխանավարման ողջ ընթացքում թերակատարվել են, քանի որ պատկան մարմինները շարունակաբար թերանում են դոնորների հետ նախապես համաձայնեցված նախապայմանների կատարման հարցում։

2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 576.2 մլրդ դրամ՝ ճշտված պլանի ցուցանիշից 29.6%-ով կամ 242.1 մլրդ դրամով պակաս։ Ընդ որում, թերակատարված ընդհանուր գումարի 37.6%-ը՝ ընթացիկ ծախսերի, իսկ 62.4%-ը` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է։

Ընթացիկ և կապիտալ ծախսերը թերակատարվել են՝ համապատասխանաբար 15.4 և 67.1 տոկոսով։

Այս տարի ևս (ինչպես և նախորդ տարի) առաջին եռամսյակում թերակատարվել են ընթացիկ ծախսերի բոլոր բաղադրիչները։

Ծրագրված ընդհանուր կապիտալ ծախսերի` 228.9 մլրդ դրամի ցածր կատարողականն առավելապես պայմանավորված է կապիտալ ծախսերի հիմնական մասը կազմող` ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերով, որոնք կազմել են ծրագրված 170.2 մլրդ դրամ ցուցանիշի ընդամենը 29.9%-ը` 50.9 մլրդ դրամ: Ի դեպ, 2025թ. բյուջեն ներկայացնելիս, որպես դրա կարևոր առավելություն, իշխանությունը շեշտում էր հենց պաշտպանության գծով կապիտալ ծախսերի համար մեծ գումարների հատկացումը։ Ստացվում է, որ կարևորը միջոցները հատկացնելն է, ոչ թե նախատեսված աշխատանքները կատարելը։

Թերակատարվել են հաշվետվությունում առանձին-առանձին նշված բոլոր պատասխանատու մարմինների գծով իրականացվող ծրագրերի շրջանակներում կատարված ծախսերը։ Առավել նշանակալի են պաշտպանության,  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, շրջակա միջավայրի և առողջապահության  նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով թերակատարումները՝ համապատասխանաբար 57.5%, 53.0%, 48.9% և 36.7%:

Կասկածից վեր է, որ գործող իշխանությունը պարզապես ի զորու չէ ապահովել պետական կարևորագույն ծրագրերի (ինչպիսիք են, օրինակ՝ «ՀՀ պաշտպանության ապահովում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում», «Գյուղատնտեսության խթանում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» և «Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրերը) արդյունավետ իրականացումը։

2025թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն ունեցել է 21.2 մլրդ դրամ հավելուրդ՝ ծրագրված  233.3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.9 մլրդ դրամ փաստացի պակասուրդի դիմաց: Հավելուրդի հիմնական պատճառը ծախսերի ցածր կատարողականն է։

2025թ. առաջին եռամսյակի մակրոտնտեսական իրավիճակի վատթարացումը պետական կառավարման թերությունների ու տնտեսության նվազած դիմադրողականության հետևանք է, և բոլոր հիմքերը կան մտահոգվելու, որ արդեն իսկ դրսևորվող բացասական միտումները մոտ ապագայում առավել կխորանան՝ վտանգելով պետական բյուջեի կատարումը։

Նմանատիպ նյութեր

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

Դիջեյ Էդոն նախագիծ է մշակել եկեղեցու վերաբերյալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաքիի դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը թիմին թեպետ հանձնարարել էր հանրային ուշադրությունը թեմայից շեղելու համար օրակարգային դարձնել եկեղեցու թեման ու գործի դնել ԱԺ-ում եկեղեցու հարցով ձեւավորված քննիչ հանձնաժողովը, սակայն այդ հանձնաժողովը չի...

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը, թե սահմանադրական փոփոխությունների գործընթացի չիրականացման դեպքում հնարավոր է արտահերթ խորհրդարանական ընտրություններ...

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ եթե չստացվի համոզել ընդդիմությանը Սահմանադրության փոփոխություն անցկացնելու հարցում, կգնան այլ ճանապարհով, օրինակ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս հայտարարությունն իրար է խառնել իշխանական...

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվում էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։ Հիմնական զեկուցողը ՀՀ...