Վարչական ռեսուրսն էլ հանես, տակը բան չի մնա. «Փաստ»

Ապր 1, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 30-ին Փարաքար խոշորացված համայնքում (9 բնակավայր) և Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ (ավագանու) ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն, մեծ հաշվով, պարտվեց: Սակայն տեղի ունեցածի քաղաքական հնարավոր հետևանքներին ու նշանակությանն անդրադառնալուց առաջ, կարծում ենք, չի խանգարի, անգամ օգտակար կլինի մի փոքր «թվաբանությամբ» զբաղվել:

Նախ՝ ընտրողների մասնակցության մասին. Փարաքարում ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների մոտ 55 %-ը, իսկ Գյումրիում՝ 47452 ընտրող կամ՝ մոտ 43 %-ը: Սրանք, Հայաստանի չափանիշներով ու վերջին համեմատաբար խոշոր ընտրությունների արդյունքները նկատի առնելով, բավականին բարձր ցուցանիշներ են: Բավական է ասել, որ կոնկրետ Գյումրիում քվեարկության մասնակիցների ցուցանիշը, 2021 թ. ՏԻՄ ընտրության համեմատ, գրեթե կրկնապատկվել է (2021 թ.՝ 26417 ընտրող, 2025 թ.՝ 47457): Սա կարող է վկայել քաղաքացիների ավելի մեծ հետաքրքրվածության կամ ինչ-որ բան փոխելու հնարավորության հետ կապված որոշակի վստահության աճի մասին:

Նախնական արդյունքների մասով. Փարաքար խոշորացված համայնքում մրցում էր 4 ուժ, որոնցից ՔՊ-ն ստացել է ձայների 31,8 տոկոսը, իսկ «Միասնություն» դաշինքը, որի համայնքապետի թեկնածուն «Ապրելու երկիր» կուսակցությունից Վոլոդյա Գրիգորյանն է, 56,4 տոկոսը: Գյումրիում, ինչպես հայտնի է, ընտրապայքարի մեջ էր մտել 9 ուժ, որոնցից անցողիկ շեմը հաղթահարել ու ավագանու կազմ են անցել ՔՊ-ն, ի դեմս Սարիկ Մինասյանի (36 տոկոս), Հայկոմկուսով ներկայացված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը (21,9 տոկոս), «Մեր քաղաքը»՝ Մարտուն Գրիգորյան (14,8 տոկոս), «Իմ հզոր համայնքը»՝ Ռուբեն Մխիթարյան (7,8 տոկոս) և «Մայր Հայաստանը»՝ Կարեն Սիմոնյան (6,16 տոկոս):

Չնայած արդեն իսկ կան որոշակի նախնական հայտարարություններ, անկախ նրանից, թե վերջնական ինչ դասավորություն կունենան քաղաքապետի ընտրության արդյունքներն արդեն ավագանու առաջին նիստում, այս պահին հնարավոր է որոշակի ամփոփումներ կատարել: Եվ ուրեմն, ի՞նչ են հուշում այս, ինչպես ասվում է, «նախնական արդյունքները»:

Առաջին. Փարաքարում Փաշինյանի ՔՊ-ն հստակ պարտություն է կրել, չնայած վերջինիս՝ երեք տարվա բոլոր ջանքերին իշխանազավթում իրականացնել այս համայնքում:

Երկրորդ. ՔՊ-ն Գյումրիում թեպետև ստացել է ավելի շատ քվե, քան մյուս մրցակիցները՝ առանձին-առանձին, սակայն դա բավարար չէ, որպեսզի Փաշինյանի կուսակցությունը վերցնի քաղաքային իշխանությունը, մանավանդ որ ավագանի անցնող գրեթե բոլոր ուժերն ընտրություններից առաջ (նաև երեկ) հայտարարել են ՔՊ-ի հետ կոալիցիա չկազմելու, առավել ևս՝ ՔՊ-ին իշխանազրկելու և այդ նպատակով ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր թեկնածուին աջակցելու կամ առնվազն ՔՊ-ի թեկնածուին քվե չտալու մասին:

Երրորդ. Հատկանշական է, որ ինչպես Փարաքարում, այնպես էլ Գյումրիում ՔՊ-ի ստացած քվեների ցուցանիշները բավականին մոտ են միմյանց՝ 32 տոկոս և 36 տոկոս: Այ, սա արդեն իսկապես արժե մի փոքր հանգամանորեն վերլուծել: Պետք է նկատել, որ ՏԻՄ ընտրությունները, որքան էլ համամասնական ընտրակարգով են անցկացվում, մեր երկրում դրանք, ըստ էության, մեծամասնական տրամաբանության մեջ են: Մարդիկ մեծամասամբ կոնկրետ թեկնածուի են նկատի ունենում՝ ընտրություն կատարելիս: Այսինքն, միշտ պետք է աչքի առջև ունենալ կոնկրետ առաջին համարների «անհատական քվեների» գործոնը: Սրան գումարենք վարչական ռեսուրսը, և վիճակն առավել հստակ կդառնա: Այսինքն, եթե Փարաքարում ու Գյումրիում ՔՊ-ի «ստացած» 32 և 36 տոկոս ձայներից մի կողմ դնենք անհատապես թեկնածուների ունեցած քվեները, մի կողմ դնենք «վարչական ռեսուրս» ասվածի ազդեցությունը, որ գնահատվում է 15-20 տոկոս, ապա տակը կմա 7-10 տոկոս իրական «վարկանիշ»: Ավելին, երբ ՔՊ-ն կորցնի իշխանությունը (իսկ դա անխուսափելիորեն լինելու է) և շարունակի մասնակցել երկրի քաղաքական կյանքին, ապա, շատ փորձագետների համոզմամբ, նույնիսկ այդ 7-10 տոկոսի մասին կարող է միայն երազել: Հիշենք, որ 2016 թվականին նույն Գյումրու ավագանու ընտրություններում ՔՊ-ն ստացել է… 638 ձայն, այսինքն՝ մոտ 1,4 տոկոս:

Ի դեպ, ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ակնհայտորեն պարտություն են կրել, որոշեց «մեջքը գետնով չտալ» և… շնորհավորեց ընտրություններին մասնակցած ու հաջողություն գրանցած ուժերին, ապա փորձեց դա վերագրել իր իշխանությանը, թե ընտրությունները եղել են ազատ, արդար, «քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է» ու էլի նման բաներ: Սա, ի դեպ, սպասելի էր, և առաջիկա օրերին այս թեման ավելի թափով են քպականները շահարկելու:

Այս առումով ասելիք շատ կա, բայց անդրադառնանք միայն մի քանիսին: Նախ՝ «արդար ընտրությունից» ու նման բաներից խոսում է ղեկավարը մի իշխանության, որ այս օրերին ուղղակիորեն չարաշահեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիվ մարմինների միջոցով ընդդիմադիր թեկնածուների դեմ բռնաճնշումների դիմեց (ձերբակալումներ, շտաբների խուզարկություններ, ընտրարշավի բնականոն ընթացքի խափանումներ), ընդդիմադիր թեկնածուների դեմ, կարելի է ասել, «արդյունաբերական մասշտաբներով» հակաքարոզչություն ծավալեց և այլն, և այլն: Անգամ քվեարկության օրը փաշինյանական իշխանությունները ձերբակալեցին ընդդիմադիր թեկնածուներից մեկի կողմնակից 70-80 տարեկան տատիկների ու… նրանց «բերման ենթարկեցին» Երևան: Սա այնքան դիպուկ է բնորոշում փաշինյանական ռեժիմի բուն էությունը, որ նույնիսկ մեկնաբանել չարժե: Ցանկը երկար է, դիտորդներն էլ բազմաթիվ խնդիրներ են արձանագրել ու բարձրաձայնել, կլինեն ամփոփ հաշվետվություններ, այնպես որ չծանրաբեռնենք ասելիքը: Պարզապես պետք է փաստել, որ, այդ ամենով հանդերձ, արդյունքը ՔՊ-ի օգտին չեղավ, ինչը հաստատում է փաշինյանական կուսակցության իրական վարկանիշի վերաբերյալ մեր վերոնշյալ դիտարկումը:

Եվ վերջինը. նախքան ընտրությունները շատ էր խոսվում այն մասին, որ դրանք երկրում իշխանափոխության գործընթաց սկսելու խթան կամ մեկնակետ կարող են լինել: Դե ինչ, ժողովուրդն իր խոսքը քվեարկությամբ ասաց, և այդ խոսքը ՔՊ-ի ու Փաշինյանի օգտին չէ: Գնդակն, ըստ այդմ, ընդդիմության դաշտում է և, ֆուտբոլային եզրաբանությամբ ասված, սպասում է խելացի մոտեցման ու գրագետ հարվածի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հաջորդը հարկվելու են արտագնա աշխատանքի մեկնողները, հետո գյուղատնտեսությամբ զբաղվողները․ Խաչատրյան

ՔՊ-ն չընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը չեղարկելու «Հայաստան» խմբկացության առաջարկը։ Հարցը զեկուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ այն ստվերի կրճատմանը միտված չէ, քանի որ...

Իրանը միջուկային զենք չստեղծելու դիմաց առաջ է քաշել մի քանի պայմաններ․ Վարդան Ոսկանյան

Իրանը միջուկային զենք չստեղծելու դիմաց առաջ է քաշել մի քանի պայմաններ․ Վարդան Ոսկանյան

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում կայացած անուղղակի բանակցությունների առաջին փուլն իրանական դիվանագիտության այնպիսի վարպետաց դաս էր, որ դա ստիպված են խոստովանել նաև Իրանի թշնամի Իսրայելում, որտեղ արդեն իսկ անհանգստություն կա առ այն, որ իրանական կողմը կկարողանա հասնել...

Ուկրաինան գիշերը 115 ԱԹՍ-ով գրոհել է ՌԴ տարածքը

Ուկրաինան գիշերը 115 ԱԹՍ-ով գրոհել է ՌԴ տարածքը

Գիշերվա ընթացքում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի մարզի օդային տարածքում ոչնչացրել են 109 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ, ևս երեք անօդաչու թռչող սարք է խոցվել Վորոնեժի մարզի , և...

Ինչո՞ւ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը. Արա Այվազյան

Ինչո՞ւ օրակարգում հայտնվեց Հայոց ցեղասպանության հարցը. Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը. «Ցեղասպանության 110-ամյակին մենք մոտենում ենք կորսված Արցախի, պետականության կորստի և ազգային ինքնությունից հրաժարվելու  քաղաքականության բեռով։ Մենք կանգնած ենք ծայրահեղ...

Կեղծ են այն պնդումները, որ հայտարարագրման համակարգը կարող է նպաստել ստվերի կրճատմանը․ Թադևոս Ավետիսյան 

Հայտարարագրման ենթակա քաղաքացիների ընդամենը 5%-ն է ներկայացրել հայտարարգիր։ Այս մասին այսօր՝ ապրիլի 15-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ «Ակնհայտ է, որ եթե հայտարարագրման ենթակա քաղաքացին ունի...