Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու. Դիվանագետների համահայկական խորհուրդ

17 Մարտի, 2025

Դիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է․

«Մինչ Հայաստանի գործող իշխանությունները վայելում են տարբեր երկրների ու միջազգային կազմակերպությունների քաջալերող հայտարարությունները, իշխող վարչախմբի տարբեր տրամաչափի գործիչների մեկնաբանությունները բացահայտում են հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» նախապատրաստման և համաձայնեցման ողջ գործընթացի պերճանքն ու թշվառությունը:

Վերստին հաստատվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի շատ բանակցային իմիտացիա է եղել, որի նպատակը տպավորություն ստեղծելն է, թե այն ոչ թե Հայաստանի միակողմանի զիջումների, այլ կողմերի դիրքորոշումները մոտեցնելու նպատակով իրականացված դիվանագիտական աշխատանքի արդյունք է:

Ակնհայտ է, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պատասխանատուները ոչ մի հիմնավորում չեն կարողանում բերել Ադրբեջանի կողմից ընդառաջ կատարված քայլերի, հրաժարված ձևակերպումների մասին: Ոչ մի փաստարկ չկա նաև Հայաստանի օկուպացված տարածքներից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման, Բաքվի բանտերում խոշտանգվող և կեղծ դատավարություններից տառապող հայ ռազմագերիներին ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ արձակելու պահանջված կետերը հետապնդելու և դրանք առաջ մղելու ջանքերի մասին:

Ուշադրություն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված լինելու մասին Հայաստանի կառավարող վարչախմբի ներկայացուցիչների ոգևորված ելույթներից հետո նույնիսկ այդ փաստաթղթի բովանդակությունը շարունակում են գաղտնի պահել հանրությունից: Կասկածի տեղիք է տալիս նաև իբրև թե համաձայնեցված պայմանագրի հետագա ընթացքը. քանի դեռ հայկական կողմից ակնարկում են ստորագրման տեղի ու ժամանակի մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական պատասխանատուները, առանց փակագծերի, խոսում են այդ կարգի հարցերի վաղաժամ լինելու մասին և առաջադրում են նորանոր պահանջներ:

Որևէ արդարացում չի կարող լինել Հայաստանի ներկայիս կառավարիչների կողմից հայ ժողովրդի անվտանգ և արժանապատիվ գոյության բանաձևի կամայական խեղաթյուրումների համար, որոնք արվում են միմիայն սեփական իշխանությունը երկարաձգելու և պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում թույլ տված տապալումները քողարկելու նպատակով:

Դիվանագետների համահայկական խորհուրդը, հիմք ընդունելով իր անդամների նախկինում ներկայացրած տեսակետները և հաշվի առնելով մեր ժողովրդի իրական ու արժանապատիվ խաղաղության հասնելու բնական ձգտումները, արձանագրում է, որ տևական և կայուն խաղաղություն չի կարող հաստատվել հակամարտության միայն մեկ կողմի առավելապաշտական ցանկությունները բավարարելու միջոցով: Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս անվստահության մթնոլորտը խիստ պահանջված է դարձնում անկողմնակալ, հուսալի և պատասխանատու միջնորդական առաքելության ներգրավումը, իսկ արդար կարգավորման համար պարտադիր ենք համարում հետևյալ հիմնադրույթների հասցեագրումը.

— ՀՀ ինքնիշխանության իրական վերականգնումը՝ տարածքային ամբողջականության ճանաչման և ադրբեջանական զորքերի դուրսբերման ճանապարհով

— ապաշրջափակում և տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում՝ բոլոր կողմերի համար շահավետ տնտեսական համագործակցության հեռանկարով

— միջազգային իրավունքի շրջանակներում Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի և այլ հիմնարար իրավունքների ամրագրումը

— բոլոր գերեվարված և պատանդառված անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը և ակտիվ աշխատանք՝ անհայտ կորած քաղաքացիների ճակատագրերը պարզելու ուղղությամբ:

Թվարկված պահանջների հետ մեկտեղ շարունակում է առաջնային պայման մնալ համաձայնեցված պայմանագրի հրապարակումը:

Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու, հայկական Արցախի թեման մոռացության տալու և հայ ազգի զավակների ճակատագիրը Բաքվի բռնապետի քմահաճույքին թողնելու համար, ուստի եզրակացությունը մեկն է՝ այս պայմանագիրը որևէ առնչություն չունի խաղաղության հետ, հակառակը, նման կարգի պայմանագրի ստորագրումը բարձրացնելու է Ադրբեջանի կողմից նոր պահանջներ ներկայացնելու գայթակղությունը կամ ճանապարհ է բացելու Հայաստանի դեմ նոր պատերազմի համար»:

 

Նմանատիպ նյութեր

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային արդիական հարցեր, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պուտինը անձամբ շնորհավորել է Թրամփին և ամերիկացի ժողովրդին...

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...