59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ դրամ. գործը քրեական դատարանում է

3 Սեպտեմբերի, 2026

Դատախազը 2026 թվականի սեպտեմբերի 1-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան է հանձնել 59 քաղաքացիներից 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ հափշտակած, ևս 19 քաղաքացիներից 38 միլիոն 879 հազար դրամի հափշտակության փորձ կատարած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիներ Մ.Շ.-ն, Մ.Մ.-ն, Ա.Պ.-ն, ոմն «Մաքս»-ը և քննությամբ չպարզված այլ անձինք 2025 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2026 թվականի ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում ստեղծել և մասնակցել են հանցավոր կազմակերպության գործունեությանը։

Հանցավոր կազմակերպության անդամները, փոխլրացնելով միմյանց գործողությունները, մշակել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու միասնական մեխանիզմ։ Մասնավորապես՝ «WhatsApp» և «Viber» հավելվածներում, օգտագործելով հանցավոր կազմակերպությանը օժանդակած Հ.Բ.-ի, Ռ.Ս.-ի և իրենց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարները, հանրության շրջանակում հայտնի անձանց անուններով և լուսանկարներով ստեղծել են կեղծ օգտահաշիվներ։

Այդ օգտահաշիվներից տվյալ անձանց ծանոթներին ուղարկվել են հաղորդագրություններ այն մասին, որ իրենց ծանոթը խնդիրներ ունի պետական տարբեր մարմինների հետ, և այդ կապակցությամբ իրենց հետ կապ կհաստատի ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցը։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ՝ տարբեր անուններով, այդ թվում՝ «Դավիթ Աշոտի Օգանեսյան», «կապիտան Վազգեն Հարությունյան», «Գուրգեն Լևոնի Սիմոնյան», «Վահան Սեյրանի Պողոսյան» և «Արման Տիգրանի Սարգսյան», զանգահարել են քաղաքացիներին, հոգեբանական ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, ֆինանսական միջոցների վերաբերյալ ենթադրյալ խնդիրների մասին ձևավորել վախի և տագնապի մթնոլորտ, պահանջել պահպանել գաղտնիություն և հետևել իբրև ՀՀ կենտրոնական բանկի աշխատակցի ցուցումներին։

Այնուհետև, ներկայանալով որպես ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից՝ «Դավիթ Նիկոյան» տվյալով, առավել ամրապնդել են տուժածների վստահությունը։

Շարունակելով հանցավոր գործողությունները՝ հանցավոր կազմակերպության անդամները ներկայացել են նաև որպես ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցներ՝ տարբեր անուններով, ներկայացրել կեղծ վկայագրեր և քաղաքացիներին համոզել, որ հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է իրենց բանկային հաշիվներում առկա ֆինանսական միջոցները փոխանցել այլ՝ իբրև «անվտանգ» հաշիվների։

Հանցավոր կազմակերպության անդամները, գործելով մեկ միասնական դիտավորությամբ, ընդհանուր առմամբ 59 քաղաքացիներից հափշտակել են 1 միլիարդ 73 միլիոն 486 հազար դրամ, իսկ 19 քաղաքացիներից փորձել են հափշտակել 38 միլիոն 879 հազար դրամ։

Մ.Մ.-ի նկատմամբ հայտարարված է հետախուզում։

Քրեական վարույթից առանձնացված մասը՝ Մ.Շ.-ի. Ա.Պ.-ի, Հ.Բ.-ի և Ռ.Ս.-ի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ»

«Տաշիր Կապիտալ» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը։ 2026 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ)...

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ինչպե՞ս Ֆրանսիայում սոցիալական բողոքը վերածվեց քաղաքական ճգնաժամի

Ֆրանսիայում արդեն մի քանի օր է, ինչ տեղի ունեցող զանգվածային անհնազանդության ակցիաներն ուղեկցվում են թալանով, ավերումներով և ոստիկանության հետ բախումներով։ Միայն հոկտեմբերի 17-ի համազգային ցույցերին, իշխանությունների տվյալներով, մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, իսկ...

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել

Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է...

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․  ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։  Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում...