Առաջ Նիկոլի արածների համար ամաչում էի, ամոթալի էր, որ Արցախը հանձնեց, որ Ալիևի մշտական ծաղրանքի առարկան է, ամաչում էի, որ հարձակվել է հայկական ինքնության վրա, եկեղեցու վրա գրոհում է, մեր ժողովրդին էսքան խեղճացրել է իր հարկերով, իր ոստիկանական բեսպրեդելով։ Ամաչում էի հատկապես Հայաստանից դուրս կոլեգաներիս հետ շփվելիս, օտարերկրացիների հետ շփվելիս, երբ հարցնում էին՝ այդքանից հետո ոնց եք հանդուրժում, ո՞նց հայ ժողովուրդը թույլ տվեց նա մնա իշխանության։ Իհարկե՝ հիմա էլ ես ամաչում եմ, որ Հայաստան պետությունում նման պետական-իշխանական քաղաքականություն, որ այն շենքը, որի ներսում այդպիսի որոշումներ են կայացնում, գլխին ծածանվում է Հայաստանի Հանրապետության եռագույնը։ Բայց հիմա ինձ մոտ ավելի շատ ոչ թե ամոթի զգացում է, այլ անհանգստության։ Անհանգստությունը ոչ միայն արարքների հետ է կապված, այլ որ այն ինչ անում են, մի տեսակ մեզ հետ կապ չունի, կարծես ինչ-որ այլ ազգության, արժեհամակարգի, մի խոսքով այլ հող ու ջրի մեկը գա սկսի այստեղ ամենը որոշել, այլ ուղղությամբ տանել, անդադար այդ զգացողությունն է։
Այս զգացողությունը, վստահ եմ, շատերի մոտ է․ գրեթե չեմ հանդիպում, սրանց որևէ արածի հավանություն լինի, իրական, սովորական քաղաքացու մոտ։ Ադրբեջանցիներ, ֆեյքեր, քպականներ, հավանում են, փառաբանում, բայց սովորական մարդ չենք հանդիպում։ Կարող է չենք ջոկել, բայց շուտվանից արդեն, շատերը այս իշխանությանը չեն համարում մեզանից մեկը, ես նույնպես նրանց չեմ համարում մեր հայկական ազգային գենը, կոդը կրողներ։ Մեր թշնամիները ամեն օր աջակցություն են հայտնում քպական այս իշխանությանը, քանի որ իրենց համար ձեռնտու է, իրենց ասածների հլու-հնազանդ կատարողն է, Հայաստանում թուրքական, ադրբեջանական շահի սպասարկուներ են։ Ես խորը անհանգստություն ունեմ մեր երկրի ապագայի համար․ վա՞ղը ինչ է լինելու, դեռ որքա՞ն կձգի երկիրը այն բովանդակությամբ, որը մենք կոչում ենք հայրենիք։ Չգիտեմ։
Շաբաթվա վերջին երեք խայտառակություն կատարվեց մեր շուրջ։ Մեկը եկեղեցու վրա նոր մակարդակի գրոհն էր։ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ես միջոցներ կձեռնարկեմ, որ կաթողիկոսը երկրից դուրս չգա, որովհետև կաթողիկոսի արտագնա այցը համարեց կաթողիկոսության ու գանձերի դուրս բերում։ Ու այս հայտարարությունից մեկ օր անց իմացանք, որ կաթողիկոսի դեմ քրգործ է հարուցվել, դատարանն էլ արգելել է նրա ելքը երկրից։ Կարող էր դատարանն ընտրել կալանք, իհարկե, բայց ընտրել է այլ խափանման միջոց։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թույլ չի տալու դուրս գա երկրից, միջոցներ ձեռք կառնի․ ու ստացվում է՝ հեռախոսը վերցրել է ձեռքը, սմս է գրել։ Հետաքրքիր է՝ ո՞ւմ է Փաշինյանը ՍՄՍ գրել, որ անմիջապես դատախազն անցել է գործի։ Ո՞ւմ է ՍՄՍ գրել, որ դատավորն ընտրել է նման խափանման միջոց։ Կրկնում եմ՝ լավ է, որ կալանք չի տվել, չնայած՝ անաստված ժամանակներ են, կարող ա դրա ժամանակն էլ գա։
Չեմ զարմանում, որ մեր երկրում կա դատախազ, որը կաթողիկոսի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել․ 5 տարի առաջ կզարմանայի, այսօր չեմ զարմանում, որովհետև, կրկնում եմ, ներքուստ մեր երկիրը համարում եմ զավթված։ Կան պատգամավորներ, նախարարներ, դատավորներ, դատախազներ ու ամեն ոլորտի աշխատողներ, որ հանուն իրենց աշխատանքի ու փողի, ամենաայլանդակ ծառայությունների տակ կմտնեն։ Գուցե նրանց թիվը քիչ է։ Հուսով եմ՝ խելքի կգան։ Դատելով նրանից, որ այսքան բան կատարվեց մեր երկրում ու ինքնակամ հրաժարականներ չեղան,իսկ եթե նրանց պահանջվի տեսակետ հայտնել, կտարբերվի՞ Նիկոլի տեսակետից։ Մեկ-երկու-երեք հնազանդվում ես, չտեսնելու ես տալիս ու դառնում է արդենս սովորական, հետո դառնում ես նրանցից մեկը։ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ որոշումները ամբողջ պետական ապարատը՝ իշխանության բոլոր ճյուղերը կատարում են, չէ՞։
ԱԺ նախագահ աշխատողը օտարերկրյա լրատվամիջոցի հետ զրույցում մեղադրում է մեր բարձրաստիճան հոգևորականներին մանկապղծության մեջ։ Սրբազանին մեղադրում են կուսակրոնությունը խախտելու մեջ, հետո պարզվում է՝ արհեստական բանականությամբ տեսագրություն են հորինել։ Հեշտ խոսելու, առանց իրենց հաշիվ տալու խոսելու ժամանակներ են, որովհետև այն կառույցները, որ պետք է հետաքննեն, գտնվում են իշխանության գրպանում։
Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, թե եկեղեցու դեմ այս հարձակումը պառակտում է հանրությանը։ Այ այստեղ համաձայն չեմ, ոչ, կարծում եմ՝ միավորում է։ Որովհետև հարձակման կողում ագրեսիվ փոքրամասնություն կա ու ուժայիններ, իսկ ժողովուրդը միանշանակորեն դեմ է։
Այ միանշանակ ոգևորված է Ադրբեջանի ժողովուրդը։ Բա ինչ կանի, դուք իրենց տեղը լինեիք ի՞նչ անեիք, եթե մեր հոգևոր առաջնորդի ցուցումով Ալիևը քրգործ հարուցեր ու խափանմանմիջոց կիրառեր Փաշազադեի նկատմամբ։ Փաշազադեցի ցուցումով խափանման միջոց է կիրառվել Գարեգին երկրորդի նկատմամբ։
Նույն ժամանակ, ելույթ էր ունենում Իլհամ Ալիևը։ Բավականին մեծ տևողությամբ խոսեց, սակայն ամբողջ ելույթում այդպես էլ ես չլսեցի խաղաղության գնացող երկրի ղեկավարի խոսք։ Էլի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպում, էլի վստահություն, որ այն միևնույն է՝ բացվելու է, դարձյալ ասաց՝ քանի դեռ սահմանադրությունը չեն փոխել, ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ դարձյալ պահանջեց, որ ադրբեջանցիները գան Հայաստան ապրելու՝ անվանելով Արևմտյան Ադրբեջան, Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը համարեց հանցագործներ, անգամ՝ նացիստներ, ասաց, որ բաց չի թողնելու։ Սրանք էստեղից ասում էին, թե բոլոր ուղղություններով աշխատում ենք․ անգամ ԱՄՆ ղեկավարության հորդորորը չազդեց որ բաց թողնեն, է՞լ ինչ ուղղությամբ եք աշխատում։ Իրականում՝ գերիների մասին Հայաստանի իշխանության ելույթներից միակ իրականը մնաց ԱԺ նախագահ աշխատողի խոսքը, որ՝ նրանք իրենց համար չկան։
Ալիևի վտանգավոր ելույթը խլացվեց մեզ մոտ կաթողիկոսի նկատմամբ ճնշումներով։ Այո, Ալիևը անընդհատ հոխորտում է, բայց որ հոխորտում է խաղաղության պայմանագիր նախաստորագրած Ալիևը, դա լրիվ ուրիշ ազդակ է, ու ուրիշ վտանգ։ Իսկ Նիկոլի պարագայում մենք տեսել ենք, որ թշնամու պահանջները իրականանում են։
Ես չլսեցի Ալիևը մի բան ասեր, որ պետք է ինքը անի հանուն խաղաղության պայմանագրի․ հանուն այդ պայմանագրչի, միայն Հայաստանը պետք է լիքը պահանջներ կատարի, իսկ Ադրբեջանը, ինչպես ինքն է մեկնաբանում, պետք է գերիներին չտա, իր քաղաքացիներին բերի Հայաստան բնակեցնելու և այլն, Նիկոլը մեզ համար համաձայնեցրել է պարտավորություններ, Ադրբեջանի համար՝ իրավունքներ։
Այս ֆոնին Հայաստան են եկել ադրբեջանցիներ, բավականին մեծ կազմով, այսպես կոչված՝ քաղաքացիական հասարակության, փորձագիտական համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այսպես կոչված «խաղաղության կամուրջ» կառուցելու, վստահության մթնոլորտ վերականգնելու համար, հանդիպել են ԱԳ փոխնախարարին, ԱԽ քարտուղարին և այլն։ Հայաստանից հանդիպողների թիվն էլ էր մեծ, շուրջ 20 հոգի, բայց ոչ մեկի մասնակցությունն անսպասելի չէր։ Կարելի է փողոցում հանդիպել ցանկացած մեկի ու հարցնել իրենց վերաբերմունքը Ադրբեջանի հետ այսպես կոչված բարեկամության, վստահության վերականգնման, անգամ այդ այցերի մասին։ Ու տեսեք, թե այն էլ այս ֆոնին՝ եկեղեցու վրա հարձակման, Ադրբեջանի նախագահի ամենօրյա սպառնալիքի, գերիների, ինչպես կարձագանքեն։ Նման հարցումներ արդեն կան։
Կարճ ասած՝ այս ամենը, իհարկե, պետք է վերջ ունենա, ու դրա այս պահին առավել արագ տարբերակը ՔՊ-ի ու Փաշինյանի չվերընտրվելն է։ Առանց այն էլ այնպիսի կեղտի մեջ են խրել երկիրը, որ եթե գնան էլ, մեկ է՝ տարիներ են պետք դուրս գալու համար իրենց արածի տակից իսկ եթե մնան, վստահեցնում եմ ձեզ, որ այլևս հնարավոր չի լինելու դուրս գալ՝ առանց պատերազմի։
Փաշինյանը հիմա ցույց է տալիս հովանավորներին, թե որքան պատրաստակամ է կատարելու նրանց պատվերներն անգամ այս վիճակում՝ ակնկալելով անվերապահ աջակցություն ամեն կերպ, որ ընտրվի: Որովհետև հայ ազգն այլևս երբեք չի ունենալու այսպիսի ղեկավար․ սա բացառություն է: Կարծես ասի՝ ինձ անցկացնել տվեք, ինչ ասեք՝ կանեմ, ընդունակ եմ ամեն ինչի, տեսնում եք։
Սևակ Հակոբյան






