Հայաստանը մտադիր է 250 մլն եվրոյի նոր վարկ վերցնել Ֆրանսիայի զարգացման գործակալությունից։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։
Ըստ նախագծի՝ վարկային ծրագրի ֆինանսավորմանը մասնակցելու է նաև Ասիական զարգացման բանկը։ Վարկային միջոցների հիմնական մասը նախատեսվում է ուղղել 2026 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։
Նախատեսվող վարկի ժամկետը 20 տարի է, որից 5 տարին՝ արտոնյալ ժամանակահատված։ Կառավարությունը դեռ պետք է որոշի վարկի ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքի տարբերակը։ Լողացող տոկոսադրույքի դեպքում այն կկազմի տարեկան 5.1 տոկոս։
Հիշեցնեք՝ սեպտեմբերի 3-ի նիստում Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանը հերթական վարկի տակ գցելու նախագծին։
Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև 2026թ․ հուլիսի 8-ին և 16-ին ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 80 մլն եվրո արժողությամբ, որը նպատակաուղղված է ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանը:
Նույն օրը Կառավարությունը հաստատեց 293 մլն դոլարի մեկ այլ վարկի ներգրավման համաձայնագիր՝ 50 սեյսմակայուն դպրոց կառուցելու համար:



