21 10 2023

Պայմանավորվել են պատերազմ․ Զարուհի Փոստանջյան

Պայմանավորվել են պատերազմ․ Զարուհի Փոստանջյան

Պայմանավորվել են պատերազմ
Հոկտեմբերի 22-ից 25-ը մեր անմիջական հարևանությամբ թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու, ներգրավելով ավիացիա։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներն արդեն Ադրբեջանում են:
Զորավարժությունները տեղի են ունենալու մի քանի ուղղություններով ու վայրերում ներառելով` Բաքուն, Նախիջևանը և Ադրբեջանի վերահսկողությանն անցած Արցախի տարածքը։
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի՝ Արմաշ, Երասխ, Տիգրանաշեն, Պարույր Սևակ, Զանգագատուն և Վարդաշատ գյուղերի, Գեղարքունիքի մարզի՝ Սոթք, Ազատ, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա գյուղերի, Վարդենիս քաղաքի, Վարդենիսից դեպի Մարտունի ընկած հատվածի գյուղերի, Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի գյուղերի, Կապան քաղաքի՝ Դավիթ Բեկ, Ներքին Հանդ գյուղերի, Վայոց Ձորի՝ Ելփին, Արենի, Գնիշիկ և Խաչիկ գյուղերի և Ջերմուկ քաղաքի բնակիչները պետք է պատրաստ լինեն մոտ օրերին լայնածաված ռազմական հարձակման:
Հրթիռակոծությունից հավանաբար չի խուսափի նաև Երևանը:
Այս պատերազմը հնարավոր դարձնելու համար առնվազն շուրջ հինգ տարի կառուցվել են ռազմական ենթակառուցվածքներ: Արցախի, Հայաստանի և Նախիջևանի Հանրապետությունների տարածքում կառուցվել են ռազմական նշանակության օդանավակայաններ, ճանապարհներ, հորեր, խրամատներ, դիտակետեր: Այս շինարարությունը իրականացվել է համատեղ երկու ստորաքարշ տեղապահների անմիջական պատասխանատվության ներքո, մի քանի գծերով և հոսքերով հնարավորություն է ստեղծվել անխափան զորքի բաշխշում և զենքի մատակարարում իրականացնել:
Զինվորների և ռազմական պարագաների տեղափոխման համար որոշակի կարևոր դեր է հատկացված Կովսականի (Զանգելանի), Ջրականի (Ջաբրաիլի) և Կապանի օդանավակայաններին:
Կատարված փորվածքների քարտեզները հուշում են, որ բաժանելու են տարածաշրջանը երկու մասի` օտարվելով մեզանից մի քանի մարզ: Պարզ չէ թե ի՞նչ է մնալու Հայաստանի Հանրապետությունից:
ՔՊ և նրա պարագլուխն ունեն առաքելություն նաև ստորագրելու ինչ որ մի թուղթ, որով փորձ կկատարվի վերացնել խորհրդային փլատակների վրա առաջացած Հանրապետությունները:
Բայց դեռ պարզ չէ ո՞ւմ են պատկանելու լուծարված հանրապետությունների տարածքները, ո՞ւմ է հասնելու Նախիջևանը, ովքե՞ր են կարողանալու այնտեղ նախիջևանել, ո՞ր զորքերը` ռուսական, իրանական, թուրքական կամ այլ:
Ծանր, դաժան շրջան է` նորից պայմանավորվել են պատերազմ և մեզ խաբում են:
Պայմանավորված պատերազմով և 1994 թվականի պայմանվորված հրադադարով, Խորհրդային միության փլատակների վրա շուրջ 30 տարի գոյատևեցին Արցախի, Հայաստանի, Ադրբեջանի և Նախիջևանի Հանրապետությունները:
Այժմ կրկին հետխորհրդային այս Հանրապետությունների տարածքում ընթանում է պայմանավորված պատերազմ: Ի՞նչ է ծնվելու այս պայմանավորվածություններից, դժվար է կանխատեսել:
ԽՍՀՄ-ի ավերակների վրա ի հայտ եկած քաղաքական քարտեզը այժմ հետաքրքրում է երրորդ համաշխարային պատերազմում ներգրավված կողմերին: Այդ կողմերը կրքոտ են, սադրիչ և խորաթափանց` պատրաստ տարածաշրջանը վերածել ավերակների: Իսկ տարածաշրջանի անմիջական թիրախներից` հայերը և ռուսները փող են ուզում, թուրքերը՝ թուրանական բախտախնդրություն, պարսիկներն իրենց բնօրրանի պատմական տարծքի անվտանգություն և կրկին առաջատար տերություն դառնալու կարգավիճակ:
Հ.Գ.
Պայմանավորված պատերզամի մասին վկայություններ` 1992 և 2018 թվականներից:
Աշոտ Մանուչարյան.
«Իմ եւ Ալիևի երկամյա հարաբերությունների ընթացքում ոչ մեկը մեզանից դիմացինին ոչ խաբել, ոչ էլ հարվածի տակ է դրել: Իմ և Ալիևի միջև հեռախոսային ամենօրյա կապ կար, կային նաև անձնական հանդիպումներ: Մեր հարաբերությունների մեծ մասը մամուլի համար փակ էր»: 1992 թ.
Նիկոլ Փաշինյան.
«Ես Ալիևի հետ այս պայմանավորվածության և հնարավոր պայմանավորվածության մասին տեղյակ եմ պահել Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանին և նրա համար նույնպես ընդունելի է եղել: Ըստ էության կարող ենք ասել, որ կա պայմանավորվածություն Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով միջոցներ ձեռնարկվեն հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը կանխարգելելու վերաբերյալ»: 2018 թ.
Զարուհի Փոստանջյան
21.10.2023 թ.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ