13 11 2023

Ի՞նչ կարիք կա մեզ արգելել՝ այցելելու Կարակալա կամրջի սահմանային հատված. Զարուհի Փոստանջյան

Ի՞նչ կարիք կա մեզ արգելել՝ այցելելու Կարակալա կամրջի սահմանային հատված. Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ` Ռ. Բոխյանին

Պահանջագիր

Հարգելի պարոն Բոխյան,

Դուք տեղեկացված եք, որ 31.10.2023 թվականին, մենք՝ Նաիրա Արտաշեսի Մելիքյանը և Զարուհի Համազասպի Փոստանջյանն՝ ազգությամբ հայեր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, հանրային-հրապարակային գործիչներ, նպատակ ունեինք այցելելու Հայաստանի Հանրապետության Մ5 միջպետական նշանակության ճանապարհի հարող տարածքի այն հատվածը, որը Կարակալա (Ղարաղալա) կամրջով կապվում է Թուրքիայի D080` Իգդիր-Էրզրում, ճանապարհին (ի դեպ` այս ճանապարհը գնում է նաև Նախիջևան, որտեղ՝ ըստ որոշ տեղեկությունների, անմիջապես մեր սահմանին, շուրջ 25 կիլոմետր երկայնքով, տեղակայված են թուրքական զորամիավորումներ` ծանր զրահատեխնիկա):

Դուք տեղեկացված եք, որ 31.10.2023 թվականին Հայաստան-Թուրքիա Կարակալա (Ղարաղալա) կամրջի հատվածի սահմանը հսկող սահմանապահ զորքերի ջոկատի հրամանատարությունը` զորամասում (հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք.Արմավիր, Շահումյան փ. 25) և Ձեր աշխատակիցները Ձեր աշխատավայրում` (հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք.Արմավիր, Շահումյան փ.23), զրուցելով մեր հետ ստացել են մանրամասն պարզաբանումներ մեր այցելության նպատակի վերաբերյալ:

Բացի այդ, մենք Ձեզ ներկայացրել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստաված չափանիշներով Դիմում, որում նշված էր մեր այցի նպատակը: Դուք՝ ըստ էության, մերժել եք մեր Դիմումը և մեզ համար սահմանել եք օրենքով չնախատեսված լրացուցիչ պահանջ` «հստակ մանրամասնելով նշված տարածք մուտք գործելու նպատակը»: Ձեր պատասխանը մենք ստացել ենք բավականին ուշացած, և ուշացման պատճառը ևս անհասկանալի է, ո՞վ կամ ի՞նչն էր Ձեզ կաշկանդում մեր դիմումին անմիջապես չպատասխանելու համար, և այդքան սպասեցնելուց հետո, պատասխանել անհիմն մերժմամբ:

Պարոն Բոխյան, այն ինչ պահանջվում է օրենքով մենք Ձեզ ներկայացրել ենք, և թեպետ պարտավոր չենք Ձեր կողմից մեզ ներյակացված ոչ իրավաչափ պահանջը կատարել, այնուամենայնիվ նպատակահարմար և անհրաժեշտ ենք համարում Ձեզ և ազգային անվտանգության ծառայությանն էլ ավելի մանրամասն ներկայացնել մեր այցելության նպատակը:

  • Արաքսի Կարակալա (Ղարաղալա) կամուրջ այցի հոգևոր նշանակությունը.

Մեզ նման հայերի համար Կարակալա (Ղարաղալա) կամրջի տարածքը կարոտի և տագնապի իմաստ ունի: Այն կարևոր է, չափազանց կարևոր` հասկանալու համար որտեղից է փչում քամին: Այն մեր սարերի քամին է, թե՞ թուրքական` արհեստածին փոթորիկ:

Անհրաժեշտ է և կենսական` հասկանալ դա թուրքական հերթական «անցաքամին է», թե՞ մեր Էրգրի և կարոտի քամին: Եթե սա թուրքական հերթական «անցաքամին է», ապա պետք է հասկանալ, որտեղի՞ց է գալիս և ուր է շտապում:

Ցանկացած հայ Արաքսի հովտում իրավունք ունի ժամադրվել և հանդիպել մեր սարերի քամուն: Մենք էլ ենք սպասում մեր ժամադրության օրվան սարերի քամու հետ, նա «շատ հեռուներից՝ ավերակ դարձած մեր հայրենիքից» պատրաստվել է գալ մեր հետ հանդիպման՝ Կարակալա (Ղարաղալա) կամրջի մոտ, որ «տանի մեր կարոտն այն լեռներին, որոնց մենք թողել եք գետի այն ափին»:

Արաքսի ափից այն կողմ մենք կարոտով նայելու ենք հեռու և տեսնելու ենք Կողբասարը: Հիանալու ենք նրա գեղեցկությամբ: Մտովի բարձրանալու ենք լեռան գագաթը, հետո տեսնելու ենք աղի հանքերը: Արաքսի այն ափին մնացած մեր լեռները պետք է տեսնեն մեր աչքերում չմարած կարոտը, կարոտ, որն ուղղված է հեռվին և տենչում է մի օր հայտնվել իրեն սպասող լեռների գրկում:

122 տարի է Կողբասարը գտնվում է գերության մեջ: Մեր մտովի հաղորդակցությունը գետի այն ափին գտնվող լեռների հետ կազմում է 122 տարի:

  • Արաքսի Կարակալա (Ղարաղալա) կամուրջ այցի աշխարհաքաղաքական նշանակությունը.

Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում դադարեց գոյություն ունենալ չորս կայսրություն՝ Ռուսական (դադարել է գոյություն ունենալ որպես տերություն՝ իշխանությունը տալով բոլշևիկներին), Ավստրո-հունգարական, Օսմանյան և Գերմանական։

Մենք` հայերս այս պատերազմի ընթացքում տուժեցինք՝ բացարձակ բոլոր իմաստներով: Հայրնեազրկում, հայ քաղաքակրթության ավերում և ցեղասխանություն: Սա Առաջին համաշխահրային պատերազմի ահավիրքն էր, որ անցավ մեր հողով:

Առաջին համաշխարհային պատերազմի հաղթողները մեզ մեծ խոստումներ տվեցին: Բայց, ավաղ, խոստումները մնացին սին խոստումներ, իսկ տարածաշրջանի քաղաքական քարտեզը գծեցին բացարձակ ոտնահարելով բնիկ ազգերի` առաջին հերթին հայերի, հետո հույների, քրդերի և ասորիների շահերը:

2021 թվականի Կարսի խորհրդաժողովում Ռուսատանի բոլշեվիկների կողմից Թուրքիո բոլշեվիկներին Անիի ավերակները, Սուրմալուն, Օլթիին և Կողբը հայերին թողնելու առաջարկներն ապարդյուն էին:

Աշխարհում չճանաչված երկու պետությունների՝ «հեղափոխական» բոլշևիկյան «կարմիր» Ռուսաստանի և «հեղափոխական» քեմալական «կարմիր» Թուրքիայի միջև կնքված 1921 թվականի քեմալա-բոլշևիկյան պայմանագրով Կողբը և սրբազան Արարատը, և մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ զգալի մասը, տվեցին Թուրքիային:

Հայերի հողերը մեջ-մեջ անելու պայմանագրի վերջնական տարբերակը ստորագրվեց 2021 թվականի հոկտեմբերի 13-ին։ Այդ պայմանգրի առաջին հոդվածով կողմերը հրաժարվում էին միջազգային բոլոր պայմանագրերից, որոնք նախկինում կնքվել էին կողմերի միջև՝ բացի 1921 թ. Մոսկվայի պայմանագրից։ Իսկ 5-րդ հոդվածով Թուրքիայի կառավարությունը և Ադրբեջանի ու Հայաստանի կառավարությունները համաձայնում էին, որ Նախիջևանի մարզը լինի ինքնավար տարածք՝ Ադրբեջանի ներքո։

Այժմ տեղի է ունենում երրորդ համաշխարհային պատերազմը, և մեր հողերը կրկին մեջ -մեջ են անում:

  • Արաքսի Կարակալա (Ղարաղալա) կամուրջ այցի շրջանակներում Երևան-Իգդիր-Էրզրում նոր ճանապարհի շահագործման վարկածի հաստատում/հերքում.

Հինավուրց ժամանակներից մինչև 20-րդ դարի սկիզբ Կողբից դուրս եկող ճանապարհը բանուկ ճանապարհ էր, այն կոչվում էր «Աղի ճանապարհ», և ի տարբերություն «Մետաքսի ճանապարհի», ոչ թե անցել է խաչմերուկ հանդիսացող Հայաստանի տարածքով, այլ սկիզբ է առել հենց նրա տարածքից և ձգվել երկրի սահմաններից դուրս:

Հայ-թուրքական սահմանը ցամաքային ճանապարհով, բացի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մարգարա կամրջից, ժամանակին հատում էր նաև Շիրակի մարզի Ախուրիկի կամրջով (Գյումրի-Կարս երկաթգիծ և ավտոմոբիլային ճանապարհ)։ Այս երկու հատվածները գրանցված են, որպես պաշտոնական անցակետեր, որոնք, ըստ նպատակային նշանակության կարելի է շահագործել ցանկացած ժամանակ: Այս պահի դրությամբ դրանք փակ են և՛ պաշտոնապես, և՛ արբանյակային քարտեզներով:

Պարզվում է` Արաքսն անցնելու և Թուրքիա գնալու համար մենք կարող ենք օգտվել նաև ցամաքային այլ ճանապարհից, դա Մ5 միջպետական նշանակության ճանապարհն է, որը Կարակալա (Ղարաղալա) կամրջով կապվում է Թուրքիայի D080` Իգդիր-Էրզրում, ճանապարհին: Այս ճանապարհը Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերով գոյություն չունի, սակայն արբանյակային քարտեզներով առկա է, և արձանագրված է որպես բաց` գործող ճանապարհ:

Այս ճանապարհի մասին անհանգստացնող հուշումը հանրությանը հասանելի դարձավ վերջերս` երբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տարածեց հայտարարություններ: Այս ճանապարհին հարող գյուղերի տարածքում` Վանանդ (1165 բնակիչ), հոկտեմբերի 17-ին, Արտամետ (273 բնակիչ) հոկտեմբերի 25-ին, Տալվորի (338 բնակիչ) նոյեմբերի 2-ին, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից «Ազդարարում, պատսպարում և տարհանում» գործնական պարապմունքների անցկացման մասին:

Այս ճանապարհը մեր ուշադրությունն է գրավում նաև այն փաստական հիմքով, որ Թուրքիայի դաշտային 3-րդ բանակի շտաբի մշտական տեղակայման վայրը՝ Երզնկան (Erzincan), ներառող այլ զորամիավորումներ տեղակայված՝ Խարբերդում (Elazyg), Կարինում (Erzurum), Սվասում (Sivas), Ամասիայում (Amasya) և Տրաբզոնում (Trabzon), միանում են միմյանց նաև Թուրքիայի D080` Իգդիր-Էրզրում ճանապարհով, այս ճանապարհը նաև գնում է Նախիջևան: Այսինքն` այս ճանապարհով, թուրքական կողմը լոգիստիկ մատչելի հնարավորություն ունի լուծելու Թուրքիայի դաշտային 3-րդ բանակի խնդիրը` Հայաստանի դեմ գործողություններ կատարելու համար:

Վերոնշված գյուղերը գտնվում են գրեթե նույն հեռավարության վրա` շուրջ 5 կիլոմետր հեռու Կարակալա (Ղարաղալա) կամրջից և Թուրքիայի D080 ճանապարհից, իսկ Էրզրում-Իգդիր D080- Մ5 ճանապարհով Երևանի հետ հնարավորություն ունեն կապ հաստատել 50-60 րոպեում (60 կմ):

Այդ տարածքը թուրքերի համար հսկայական ռազմավարական նշանակության թիրախ է: Այստեղ է գտնվում նաև Ախուրյանի ջրամաբարի ամբարտակը:

  • Արաքսի Կարակալա (Ղարաղալա) կամուրջ այցի շրջանակներում թուրքական տրամադրության ստուգում.

Թուրքերը շատ լավ հիշում են այս տարածքում շուրջ 100 տարի առաջ իրենց դաս տված Դրոյին: 1920 թվականի թուրք-հայկական պատերազմի ժամանակ չնայած այն հանգամանքին, որ մարտերը ծավալվում էին ռազմաճակատի գրեթե բոլոր հատվածներում, թուրքերի առաջնային և գլխավոր հարվածի ուղղությունն էր Արաքսի երկու՝ Մարգարա և Կարակալա, կամուրջները: 1920 թվականի աշնանը Մարգարայի և Կարակալայի կամուրջների հատվածում թեժ մարտեր են ընթանում: Այս կամուրջների պաշտպանությունը ստանձնել էր Դրոն: Մարգարայի ուղղությամբ թուրքերը չեն ունենում հաջողություն, Կարակալայի կամրջի հատվածում թուրքական գրոհն ունենում է կարճատև հաջողություն: Դրոյի՝ կայծակնային արագությամբ ձեռնարկված միջոցների շնորհիվ, թուրք-քրդական զորքերը Կարակալա կամրջից և հարակից տարածքից մաքրվում են: Նոյեմբերի 12-ին՝ Կարակալայի կամրջի ուղղությամբ թուրքերի հարձակումն ավարտվում է հայերի հաղթանակով, թշնամին ջախջախվում է վերջնականապես: Այս հաղթանակը կարևոր պատմական նշանակություն ունեցավ ողջ Արարատյան դաշտի, Երևանի և իհարկե հայերի համար: Դրոն թույլ չտվեց գետանցնել Արաքսը՝ ներխուժել Արարատյան դաշտի խորքերը և հասնել Երևան: Չնայած նրան, որ Կարսը հանձնվեց, Հայաստանի Հանրապետության զգալի մասն անցավ թշնամուն, Հայաստանի Հանրապետության սիրտը` Երևանը, չխոցվեց ի շնորիվ Կարակալա (Ղարաղալա) կամրջի պաշտպանության:

  • Արաքսի Կարակալա (Ղարաղալա) կամուրջ այցին խոչընդոտելու վերաբերյալ ունեցած կասկածների փարատում.

31.10.2023 թվականին ես և Նաիրա Մելիքյանը ցանկանալով պարզել արդյո՞ք գործում է Էրզրում-Իգդիր D080-Արմավիր-Երևան Մ5 ճանապարհն, այցելել էինք Կարակալա (Ղարաղալա) կամրջի հարակից տարածք: Իհարկե գրեթե նույն պայմաններում ինչպես՝ 30.04.2023 թվականին, երբ ինձ և Նաիրա Մելիքյանին թույլ չտրվեց Հակարիի կամրջով գնալ Ստեփանակերտ, չնայած նրան, որ կամուրջը բաց էր գրեթե բոլորի համար, այս դեպքում էլ ռուս սահմանապահները բավականին բարեհամբյուր մեզ տեղեկացրեցին, որ թույլ կտան անցնել արգելված տարածք, եթե մենք ունենանք հատուկ թույլտվություն մեր ԱԱԾ-ից: Հիշեցնենք՝ Հակարիի կամուրջն անցնելու համար թույլտվությունը պահանջվում էր Արցախի Հանրապետության, Շուշիի շրջանի ոստիկանապետ` Հայկ Ղամբարյանից:

Ինչ վերաբերում է Կարակալա կամրջի հարակից տարածք մեր այցին, մենք, նուն օրը` 31.10.2023 թվականին, դիմեցինք Հայաստանի Հանարապետության Արմավիրի մարզի ԱԱԾ, սակայն թույլտվություն ստանալու փոխարեն ստացանք անհիմն մերժում: Փշալարերից այն կողմ մեզ չհաջողվեց տեսնել ինչ է կատարվում: Մենք պարզեցինք, որ այդ տարածքում լայնացվել էր ճանապարհը` նոր թարմ գրունտային աշխատանքներ էին կատարվել, և ըստ մեր դիտարկումների, մենք ունենք կասկածներ, որ այդ հատվածից հնարավոր է թուրքական ներխուժում Երևանի ուղղությամբ:

  • Արաքսի Կարակալա (Ղարաղալա) կամուրջ այցը մերժելու մասով եղած կասկածների փարատում

Արբանյակային լուսանկարները փաստում են, որ Կարակալա (Ղարաղալա) կամուրջը ենթարկվել է վերանորոգման: Մ5 միջպետական նշանակության ճանապարհը գրեթե ամբողջությամբ վերանորոգված է` այն երկու կողմանի է, ունի վեց գիծ: Տարօրինակ սկզբունքով Կարակալա (Ղարաղալա) կամրջի հարակից երեք գյուղերում` Վանանդ, Արտամետ, Տալվորի օրերս տեղի են ունեցել «Ազդարարում, պատսպարում և տարհանում» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից: Ի՞նչ պայմանավորվածություններ կան Կարակալա (Ղարաղալա) կամրջի և նրա հարակից տարածքի շահագործման վերաբերյալ մեզ հայտնի չէ, հետևաբար եթե չկան հանցավոր պայմանավորվածություններ, ապա ի՞նչ կարիք կա մեզ արգելել այցելելու Կարակալա (Ղարաղալա) կամրջի սահմանային հատված:

  • Արաքսի Կարակալա (Ղարաղալա) կամուրջ այցի նպատակների ամփոփում.

Մենք, ցանկանում ենք վայելել Արաքսը, շփվել բնության հետ, որսալ ձուկ: Ձուկը պատրաստելու ենք հին հայկական բաղադրատոմսով, այն համտեսելու ենք մի գավաթ սպիտակ գինով, որը գնելու ենք Տալվորիկ գյուղից:

Այցելության արդյունքները ամփոփելու ենք սեղանի շուրջ Արաքսի և Արաքսի հովտի բարիքները համտեսելով: Նաև լսելու ենք Դրոյի քաջության և կարոտի մասին երգը:

Դուք նույնպես հրավիրված եք:

Հարգանքով`

Նաիրա Արտաշեսի Մելիքյան

Զարուհի Համազասպի Փոստանջյան

13 նոյեմբեր, 2023 թվական»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ