ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ. ՀԺՄ

3 Մայիսի, 2025

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Մամուլի ազատության միջազգային օրը՝ մայիսի 3-ը, ցավոք, Հայաստանում նշվում է մամուլի ու լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների կողմից կիրառվող ճնշումների, անհանդուրժողականության մթնոլորտում։

Քաղաքական դաշտի համակարգային խնդիրների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դերի ու նշանակության աղճատման պայմաններում ազատ մամուլը, իշխանությունների կողմից չվերահսկվող լրատվամիջոցները մնացել են իշխանությանը վերահսկող, հակակշռող գործնականում միակ համակարգը։ Առավելապես այդ պատճառով, ԶԼՄ-ներն ու լրագրողներն իշխանության համար, ըստ էության, դարձել են դասակարգային թշնամիներ, որոնց դեմ պայքարում իշխանությունը՝ ինստիտուցիոնալ առումով, առանձին պաշտոնյաներ՝ անհատապես, միջոցների մեջ խտրություն չեն դնում՝ հաճախ անցնելով ոչ միայն պաշտոնեական, այլ նաև մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը։ Դրա վառ ապացույցն են բռնության դեպքերը, գրոհները լրագրողների նկատմամբ, լրագրողներին և լրատվամիջոցներին թիրախավորելու դեպքերը, լրատվամիջոցների դեմ ներկայացված տասնյակներով դատական հայցերը, ԶԼՄ-ների նկատմամբ ատելության և անվստահության խոսքի տարածումը… Պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության տոտալ անվստահությունը իշխանությունները փորձում են փոխակերպել լրատվամիջոցների նկատմամբ անվստահության:

Ավելին, օգտվելով սոցիալական մեդիայի դարաշրջանի առանձնահատկություններից, իշխանություններն իրենց հետ փոխկապակցված անձանց և կազմակերպությունների միջոցով ստեղծել են սունկ կայքեր, յութուբյան ալիքներ, որոնց միջոցով ապատեղեկատվություն են գեներացնում՝ մոլորեցնելով հասարակության և պատասխանատու և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների հետ դրանց նույն հարթությունում դնելով:

Այս պայմաններում աշխատող լրատվամիջոցներն ու լրագրողները նույնպես, իրենց գործունեության ընթացքում, ցավոք, միշտ չէ, որ պահպանում են մասնագիտական բոլոր չափանիշները։ Ինչ խոսք, դժվար է տեսնել, գիտակցել սպասվող նորանոր աղետները, կորուստները, սեփական հայրենիքի կործանման վտանգները և էմոցիոնալ պոռթկումներ չունենալ, քաղաքացիական կեցվածք չդրսևորել: Թեև նման դեպքերը հաճախ անխուսափելի են և ունեն օբյեկտիվ պատճառներ, այդուհանդերձ, դա մեր մասնագիտական համայնքի համար ոչ թե արդարացման առիթ է, այլ մարտահրավեր՝ անգամ ամենասահմանային, ամենածանր պայմաններում պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելու, իշխանությունների սադրանքներին չտրվելու իմաստով։

Հայաստանում մամուլի ազատության ու լրատվամիջոցների գործունեության վրա ազդող մեկ այլ կարևոր և հակասական իրողություն է այն, որ խոսքի ազատությունը, դրա իրական վիճակի գնահատականը դառնում է արտաքին քաղաքական կոնյունկտուրայի առարկա։ Խոսքի և մամուլի ազատության մակարդակը գնահատող մի շարք միջազգային կազմակերպություններ՝ առաջնորդվելով ոչ թե օբյեկտիվության, այլ պահի իշխանություններին աջակցելու դրդապատճառներով, երբեմն աղճատված, մանիպուլյատիվ գնահատականներ են ներկայացնում Հայաստանում խոսքի ազատության վերաբերյալ՝ ակամա նպաստելով իշխանությունների կողմից մամուլի դեմ ուղղված գործողություններին։ Միևնույն ժամանակ, մի շարք միջազգային լրագրողական կազմակերպություններ, չտրվելով աշխարհաքաղաքական կոնյունկտուրային, հանդես են գալիս բացառապես մասնագիտական անաչառության դիրքերից և իրենց զեկույցներում արտացոլում են Հայաստանում մամուլի ոլորտում առկա իրավիճակը, ինչի համար շնորհակալ ենք մեր գործընկերներին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը շնորհավորում է բոլոր լրատվամիջոցներին, լրագրողներին ու նրանց աշխատանքն ապահովող տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներին՝ մաղթելով առկա մարտահրավերներին ու ճնշումներին դիմակայելու անսասան կամք և անկախ բոլոր պատճառներից՝ մասնագիտական առաքելությանն ու չափանիշներին հավատարիմ մնալու հաստատակամություն։

Շնորհավոր Մամուլի ազատության միջազգային օրը»։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...