Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ոչ թե վախի ու ատելության մթնոլորտում, այլ սթափ մտածելով. Սերովբե սրբազան

29 Մայիսի, 2026

Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարը, որ այս օրերին մտել է վճռական փուլ, ցավոք, հաճախ դուրս եկավ եւ դուրս է գալիս քաղաքական առողջ մրցակցության սահմաններից՝ վերածվելով փոխադարձ ատելության, թշնամանքի եւ հասարակության պառակտման վտանգավոր գործընթացի։ Այս մասին գրել է Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։

«Հանրային դաշտը ողողված է սարսափելի ապատեղեկատվությամբ, վիրավորանքներով, փոխադարձ զրպարտությամբ ու անվանարկմամբ։ Սոցիալական ցանցերը, լրատվամիջոցները և քաղաքական հարթակները վերածվել են ատելության խոսքի տարածման վայրերի, որտեղ փաստարկված բանավեճի փոխարեն գերիշխում են պիտակավորումը, կեղծ մեղադրանքներն ու մարդկանց միմյանց դեմ տրամադրելու փորձերը։ Տպավորությունն այնպիսին է, թե քաղաքական ուժերն ու նրանց աջակիցները ոչ թե նույն ժողովրդի զավակներն են, նույն պետության քաղաքացիները, որոնք պարզապես տարբեր պատկերացումներ ունեն երկրի ապագայի վերաբերյալ, այլ իրար բզկտելու պատրաստ թշնամական ճամբարներ։

Այս մթնոլորտը մեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Այն միայն ավելի է խորացնելու առանց այդ էլ ահավոր չափերի հասնող հասարակական պառակտվածությունը, թուլացնելու է պետությունը եւ խաթարելու ազգային համերաշխությունը։ Մենք բոլորս պարտավոր ենք հիշել, որ հունիսի 7-ին պետք է հաջորդի խաղաղ հունիսի 8, ոչ թե` նոր ցնցումներ, նոր ատելություն, առավել եւս՝ նոր ողբերգություններ։ Հայաստանն իրավունք չունի վերապրելու մի նոր «Մարտի 1»։

Ուշքի եկեք, սիրելի քաղաքական ուժեր, քանի դեռ ուշ չէ։ Մղեցեք թեժ, բայց սկզբունքային քաղաքական պայքար՝ գովաբանելով ձեր ծրագրերը, ներկայացնելով ձեր տեսլականը եւ համոզելով քաղաքացիներին, որ հենց դուք եք ի վիճակի լավագույնս կառավարել Հայաստանը։ Քննադատեցեք ձեր մրցակիցներին, բացահայտեցեք նրանց սխալները, եթե անպայման ուզում եք` օգտագործեք նաեւ կոշտ եւ կծու լեզու, բայց մի՛ զրպարտեք, մի՛ անվանարկեք, մի՛ տարածեք ատելություն եւ մի՛ պառակտեք մեր ժողովրդին։

Հայաստանը բոլորիս երկիրն է։ Եւ ընտրություններից հետո մենք շարունակելու ենք ապրել նույն երկրում, նույն քաղաքներում կամ գյուղերում, քայլել նույն փողոցներով, ունենալ նույն հայրենիքն ու պետությունը։ Հետեւաբար քաղաքական պայքարը չպետք է վերածվի ազգային ինքնակործանման։ Այն պետք է լինի գաղափարների, ծրագրերի, արժեհամակարգերի մրցակցություն, այլ ոչ թե անձնական թշնամանքի պատերազմ։

Այս առումով պատասխանատվության բաժին ունեն թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, քանի որ քաղաքական մշակույթի որակը ձեւավորվում է երկուստեք վարքագծով։

Բնականաբար իշխանությունը կրում է առավել բարձր պատասխանատվություն եւ պարտավորություն, քանի որ տիրապետում է պետական, վարչական ու իրավական լծակների, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն պետական ու հանրային շահի, այլ նաեւ քաղաքական հակառակորդների վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչի դրսեւորումները, ցավոք, նկատվում են Հայաստանում։

Ժողովուրդը պետք է ընտրություն կատարի ոչ թե վախի ու ատելության մթնոլորտում, այլ սթափ մտածելով, համեմատելով ու գնահատելով քաղաքական ուժերի գաղափարախոսությունները, ներկայացված ծրագրերն ու դրանք (գոնե մասամբ) իրագործելու հնարավորությունները։

ՀՀ սիրելի քաղաքացիներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ,

Մի՛ տրվեք ատելության քարոզին, կամա թե ակամա մի՛ դարձեք կեղծիքի տարածողներ, մի՛ կորցրեք մարդկային ու ազգային արժանապատվությունը քաղաքական նախասիրությունների պատճառով։ Կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց մնալ իրար հարգող քաղաքացիներ, որովհետեւ, վերջիվերջո, բոլորիս նպատակը պետք է լինի մեկ բան՝ խաղաղ ու անվտանգ, արդար ու ուժեղ Հայաստան ունենալը»։

 

Նմանատիպ նյութեր

Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին

Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին

Իրանի գերագույն առաջնորդն ուղերձով դիմել է ազգին։ Ուղերձի ամենակարևոր կետերը. Մոջթաբա Խամենեին նշել է, որ ստորագրված համաձայնագրի կրկնակի խախտումը Միացյալ Նահանգների կողմից կրկին ապացուցեց աշխարհին, թե որքան անարժեք է ԱՄՆ նախագահի ստորագրությունը: .Սա ևս մեկ անգամ...

Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը

Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։ Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ...

Վիլնյուսի փողոցում պայթել է «Թիմ Տելեկոմի» ավտոմեքենան, ինչից հետո ՀԷՑ-ի ենթակայանում հրդեհ է բռնկվել․ Շամշյան

Վիլնյուսի փողոցում պայթել է «Թիմ Տելեկոմի» ավտոմեքենան, ինչից հետո ՀԷՑ-ի ենթակայանում հրդեհ է բռնկվել․ Շամշյան

Այսօր` հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի 9-րդ Մասիվում՝...

Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը չի ուշանա․ Կարասին

Ուկրաինայի հարվածներին Ռուսաստանի պատասխանը չի ուշանա․ Կարասին

Ռուսաստանն արձագանքել է Ուկրաինայի ԶՈւ կողմից երկրի քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու փաստին՝ հայտարարելով՝ պատասխանը չի ուշանա։ «Ռուսաստանի պատասխանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտների վրա իրականացվող հարձակումներին կլինի շատ շուտով և...

Ծովասարում մեքենաներ են բախվել․ տուժածներ կան

Ծովասարում մեքենաներ են բախվել․ տուժածներ կան

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 13:40-ի սահմաններում Ծովասար բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Կորյուն Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 54-ամյա Արամ Մ․-ի վարած...