ժողովուրդը՝ արդեն մունաթի մատերիալ․ «Կարճ ասած»

9 Մարտի, 2026

 

Ընտրությունները մոտենում են, մասնակից ուժերի մի մասը, կասեի՝ առանցքային խաղացողները, արդեն հայտնի են, և կարելի է ասել՝ ով ինչի ընդունակ է՝ այդ կերպարով ներկայանում է ընտրողին։ Հիմա բերեմ մասնակիցներից երկուսի օրինակը՝ Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի, երկուսն էլ շաբաթվա վերջում հանդես եկան հրապարակային ու երկուսն էլ ներկայացրին ինչ են առաջարկում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փոդքասթում վերլուծեց տարածաշրջանային իրավիճակը, խնդիրները, ինչի առաջ ենք կանգնել, ինչ պետք է անել, հիշեց իր ղեկավարած տարիների ձեռքբերումները և խոստացավ իր վերադարձի դեպքում դրանց շարունակականություն։

Իսկ ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը։ Նա արդեն երկու-երեք շաբաթ է ակտիվ քարոզարշավի մեջ։ Նա, իր մի ավտաբուս թիմակիցների հետ, մարզեր են այցելում, ինչը, ասեմ, չափազանց լավ է ընդդիմադիրների համար։ Այցելում է գյուղ ու քաղաքներ, մտնում է խանութ, ով առևտուր է արել, խնդրում է ինքը տեղափոխի տուն, մտնում մարդկանց վարագույրներն է ուղղում, էնտեղ կախում իր փոքրացրած քարտեզի զարդանշանը։  Եթե վաղը-մյուս օրը Նիկոլ Փաշինյանը գա ու խնդրի, որ թողնեք ձեր աղբը թափի, չզարմանաք․ ժողովուրդ ջան, չզարմանաք, եթե գա խնդրի ձեր ամանները լվա, չզարմանաք, եթե գա-կթի ձեր կովը, անասունները տանի սարը արածացնելու։ Ես, իհարկե, նրան հատկապես այդ գործը չէի վստահի ու կարծում եմ՝ մեր գյուղի անասուններն էլ չէին համաձայնի նրա նախրապանությամբ սարը գնալ, բայց դե նա հանուն մեկ ձայնի, ամեն ինչի պատրաստ է։ Մի կողմից մենք տեսնում ենք նման թեթևսոլիկություն, կուկուռուզը փոխարինում է կարկանդակով, կարկանդակը՝ սուջուխով և վիդեոների կեսում ծամում է անխնա, ցույց տալիս իր անպատասխանատվության աստիճանը, մյուս կողմում խոսում է նրա քաղաքական հակառակորդը, ու տեսնում ենք իրավիճակին լուրջ գնահատական, անհանգստություններ, ու ակամա համեմատում ես պատասխանատու, իր խոսքի տեր ու անպատասխանատու մարդկանց խոսքի ու գործի տարբերությունը։

Երկուսի խոսքն էլ ուղղված է հանրությանը, իսկ ի՞նչ եք կարծում, նրանք ավելի շատ ձայն են կորցնո՞ւմ, թե ձայն են բերում։ Փաշինյանը, օրինակ, իր պահվածքով ձա՞յն է հավաքում, թե կորցնում է։ Մեր աչքի առաջ է նրա նյարդային քարոզարշավը։ Ո՞վքեր են գնում Նիկոլի հետ հանդիպման․ 95 և ավելի տոկոս հավանականությամբ՝ նրա ընտրողները։ Նիկոլին ով չի ընտրելու, նրան հանդիպելու իմաստ չի էլ տեսնում, սպասում է ընտրություններին, որ գնա-մերժի։ Եվ ուրեմն, նրան գնում են հանդիպելու գրեթե միայն իրեն աջակցողները կամ նրանք, ում նախապես բերման են ենթարկում՝ մարդաշատություն ցույց տալու համար։ Բայց Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն անցնում են իր ընտրազանգվածի վրա մունաթ գալով, ջղայնանալով, սադրելով։ Էլ անվանում է անամոթներ, էլ ասում է՝ մեր էշ խելքն ասա, որ աշխատում ենք, սրա աղջկան հանկարծ չնշանակեք աշխատանքի և այլն։ Քաղաքացին հիմա արդեն մունաթի մատերիալ է։

Նիկոլն ասում է՝ ես՝ փրկիչս, տիեզերքից ուղարկվել եմ, որ դուք ինձ անհարմար հարցեր տա՞ք, ձեր պրոբլեմներից խոսե՞ք, ինձնից դժգոհե՞ք, թե՞ երկրպագեք։ Մարդիկ, որոնք գնում են Նիկոլին հանդիպման, եթե չեն փառաբանում, արժանանում են մունաթի։ Պետք է գովեն դրան, ասեն, թե ինչ վատն են նախկինները, ինչ լավն է Նիկոլը։ Դրա տրամաբանությամբ, պետք է ժողովուրդը մեռնի սովից, բայց փառաբանի կես տարի դիմացող ասֆալտը, 250 դպրոց փակի, բայց գովեն, որ 50 հատ դպրոց է սարքել 8 տարում։ Նիկոլի էն ընտրողը, որ ասում է՝ երեք տղա ունեմ, աղջիկներիցդ մեկնումեկին տուր տամ տղուս, այ նա լավ աջակից է, իսկ Նիկոլի էն ընտրողը, որը բողոքում է  ասֆալտից, այ նա վատն է, մունաթի մատերիալ։ Էն նիկոլականը, որ ասում է՝ ոտքդ դիր գազին, սաղ ճիշտ ես անում, լավ նիկոլական է, էն, որ բողոքում է գործազրկությունից, վատ նիկոլական է։ Որովհետև դուք ո՞վ եղաք, որ տիեզերքից եկած փրկչին ասեք՝ 8 տարի մեր պրոբլեմներից ոչ մեկը չեք լուծել։ Էն նիկոլականը, որ ասում է՝ դու իմ տղուց թանկ ես, դա լավն է, էն նիկոլականը, որ բողոքում է կառավարության պարգևատրման ֆոնին իր վատ պայմաններից, նա վատն է։ Էն Նիկոլականը, որ ասում է՝ վարչապետ ջան, քեզ տեսա գլխացավս անցավ, դա լավն է, էն նիկոլականը, որ ասում է՝ աղջկաս տեղավորի մանկապարտեզում աշխատանքի՝ մունաթի մատերիալ է։

ժողովուրդ ջան, որպեսզի դրան դուր գաք, Նիկոլի ընտրողներին եմ ասում, նրա հետ ձեր շփման ձևը պետք է փոխեք։ Իմանում եք, որ ձեր գյուղ է գալիս, չէ՞, ի՞նչ է ինքը շատ սիրում, դրանից տվեք․ փող է, չէ՞ սիրում, գյուղում հանգանակություն արեք, բերեք տվեք, տանը պեռաշկի սարքեք հյուրասիրեք, չկրծած կուկուռուզ տվեք, գառ մորթեք ոտքերի առաջ, մոմ վառեք․ թե չէ ի՞նչ եք պրոբլեմներից խոսում։

Է՜ն մարդը, որ հարցնում է ինչո՞ւ եք եկեղեցու դեմ պայքարում, այ նա նախկինների կողմից ուղարկված սադրիչ է, իսկ էն մարդը, որ ասում է՝ ինչի՞ պիտի Սամվել Կարապետյանը դրսում փող աշխատի, գա ինձ ղեկավարի, լավ մարդ է, կարելի է հետը գյալաջի անել։ Սամվել Կարապետյանի ունեցվածքը գնահատվում է 5,5 մլրդ դոլար, որը աշխատել է, այո, դրսում, իր քրտինքով․ իսկ Նիկո՞լը որտեղ է փողերն աշխատել, ում հաշվին։ Հենց Սամվել Կարապետյանի ունեցվածքի չափ, ի դեպ, գնահատվում էր Արցախը․ 5 մլրդ դոլար էին կարծեմ տալիս հանձնելու դիմաց․ ի՞նչ եղավ։ Լավ, որ դրսում փող աշխատած Սամվել Կարապետյանի կառավարմանը համաձայն չէ, իսկ դրսի ֆոնդերի փողեր ստացողների կառավարմանը համաձա՞յն է։

Մի խոսքով, նույն օրվա մեջ մենք տեսանք սուջուխ-շոու և երկրորդ նախագահի փոդքասթը՝ բավականին կարևոր գնահատականներով։ Ի դեպ, նախագահ Քոչարյանին հարցնում են՝ ինչո՞ւ դուք էլ չեք գնում ժողովրդի հետ պեռաշկի ուտելու, պատասխանում է՝ երբ Հայաստանում ստանձնեցի վարչապետի պաշտոնը, 56 տոկոս աղքատություն կար, ամիսներով չվճարված թոշակ ու ուսուցիչների աշխատավարձ։ Ես խնդիր դրեցի արդյունավետ կառավարմամբ ժողովրդի բարեկեցության բարձրացումը, ու դա ստացվեց․ եթե ընկնեի ժողովրդին դուր գալու, տներ մտնել-դուրս գալու հետևից, ոչինչ չէի անի։ Իմ խնդիրն էր, որ ժողովուրդը լավ ապրի, ոչ թե ինձ սիրեն, ոչ թե ժողովուրդը սովի շեմին՝ հետները կարկանդակ ուտեմ։

Ժողովուրդ ջան, արդյունքներն են կարևոր, ընդունենք։ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հայտարարել է, որ 65 տոկոս խփելու է․ մեկն էլ կար՝ 80 տոկոս էր խփում։ Նիկոլը էն Գյումրիում է  հայտարարել, որտեղ մի հատ շենք չի սարքել, դեռ աղետի գոտի է։ Քոչարյանը Գյումրիում 90-100 հատ շենք է սարքել, փողոցներ, դպրոցներ, մշակույթի տներ, Նիկոլը եկավ ու Քոչարյանին զրկեցին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից, չնայած դա ո՛չ հաց էր, ո՛չ ջուր․ բա Նիկոլի օրոք՝ մի հատ գարաժ չեն սարքել, ի՞նչ է ակնկալում, պատվավոր քաղաքացու կոչո՞ւմ տան, խնդիրներից չխոսե՞ն։

Քոչարյանն ասում է՝ դու ժամանակ չունես շոու անելու, կա՛մ պետք է քո գործը տանես՝ ռեալ արդյունք ստանալու համար, կա՛մ պետք է ռեալ արդյունքի փոխարեն կարկանդակ ուտելդ ցույց տաս։ Եվ իրականում, այսօր Նիկոլը որտեղ գնում է՝ ներկայանալու ցուցանիշ չունի․ մի կիսատ-պռատ ասֆալտ է, մեկ էլ ինչ-որ դպրոցների սարքում։ Դրան էլ կանդրադառնամ, թե ինչպես է 50 հատ դպրոց սարքում, 250-ը փակում։ Իսկ Քոչարյանի ժամանակ կառուցվել է 142 դպրոց։ Քոչարյանի օրոք ավելի շատ ասֆալտ են արել, ավելի շատ դպրոց են սարքել, ավելի շատ շենք ու բնակարան են սարքել ու բաժանել ժողովրդին, ոչ թե վաճառել մարդկանց վրա, աղքատություն են կրճատել, 10 տարի էլ երկիրը խաղաղ են պահել։ Դո՞ւ ինչ ես արել, 3 տարվա ընթացքում 3 հատ պատերազմ ես բերել։ Ու հիմա էլ մունաթ է գալիս հենց իր ընտրողների վրա։ Այսինքն՝ ռեալ արդյունք ցույց տալու փոխարեն, մարդկանց դուր գալու համար պեռաշկի է կրել, սրտիկ է ցույց տվել, հիմա գնում է հանդիպման ու ցույց տալու բան չունի, մնում է մունաթը։ Էն վախտ թե ասում էին՝ զաթո լավ ա խոսում, հիմա տեսան, որ խոսքերն էլ փուչիկ են։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, այսօր արդեն դուք տեսնում եք առաջիկա ընտրություններին ովքեր են մասնակցում, ինչ տեսակի հետ գործ ունենք, լուրջ և անլուրջ, կարող ու անկարող մարդկանց։ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ երկու անգամ արել եմ, կարողացել եմ, մի անգամ էլ կարող եմ։ Նիկոլն էլ ասում է՝ ինձ ընտրեք, որ շարունակեմ։ Ի՞նչը շարունակես։ Ի՞նչը շարունակես։ Ո՞վ է, որ ուզում է դու շարունակես այն, ինչ անում ես այս 8 տարին։ Իշխանության հույսը ժողովրդին հիմարացնելն է, բայց հիմարներ վաղուց չկան, անընդհատ խաբել չի լինում։

Իրականում թե ինչու պետք է թուրքերն աջակցեն Նիկոլին, հասկանում եմ, թե ինչու պետք է ադրբեջաբնցիները «վիզ դնեն» իր համար, հասկանում եմ, ամերիկացիներին էլ եմ հասկանում․ բայց թե ինչու պետք ՀՀ ընտրողը նրան վստահի, այ դա չեմ հասկանում։ Չվստահելու պատճառները շատ են, իսկ վստահել ինչի՞ համար, որ ի՞նչ լինի։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի. ՌԴ ԱԳՆ

Հայաստանը չի կարող միաժամանակ գտնվել ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում, երկու հարսանիքում պարել չի հաջողվի։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Միաժամանակ երկու միություններում գտնվելն ըստ սահմանման անհնար է։...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Lexus»-ը, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են «Lexus» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի...

Արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում. Սամվել Կարապետյան

Մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելեու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել, նվերներ ստանալ Հայաստանում: Այս մասին «Երեք հարց Սամվել Կարապետյանին» հաղորդաշարի ժամանակ սաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության...

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանը երբեք Ռուսաստանի քաղաքացիություն չի ունեցել. Գալուզին

Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն չունենալը հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում: Գերատեսչության ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին հայտարարել է, որ հայ քաղաքական գործիչներին այժմ վերագրվում են «բաներ, որոնք բոլորովին տեղի չեն ունեցել»:  «Նարեկ...

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներկրման սահմանափակումներ է մտցնում: Մեկ տարի առաջ կառույցը բարձրաձայնել էր  Հայաստանից ծաղկային արտադրանքի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։  ...