Եվրոպական ապագայից՝ Ռումինիայի հետ միավորում․ ի՞նչ է կատարվում Մոլդովայում

13 Նոյեմբերի, 2026

Եվրամիությանն ինտեգրվելու հայտ ներկայացրած Մոլդովան հայտարարել է երկիրը Ռումինիային ձուլելու մտադրության մասին։ Ինչպես սկսվեց այս ամենը և ինչ իրավիճակ է այսօր։
 
Մոլդովայի եվրոպական ուղին

Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը նոր թափ ստացավ 2022 թվականին՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։
2022 թվականի մարտի 3-ին Մոլդովան պաշտոնապես դիմեց Եվրամիությանն անդամակցելու համար։ Նույն թվականի հունիսի 23-ին երկիրը ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ 2023 թվականի դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը որոշում կայացրեց Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու մասին, իսկ 2024 թվականի հունիսի 25-ին բանակցություններն արդեն պաշտոնապես մեկնարկեցին։
Այսպիսով, Մայա Սանդուի իշխանության օրոք եվրոպական ինտեգրացիան հռչակվեց երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ռազմավարական ուղղություններից մեկը։
 
2024 թվականի հանրաքվեն․ հասարակության արձագանքը եվրոպական ինտեգրացիային

Եվրոպական ինտեգրման ճանապարհին Մոլդովայի իշխանությունները սահմանադրական հանրաքվե անցկացրեցին՝ 2024 թվականի հոկտեմբերի 20-ին, նախագահական ընտրությունների հետ համատեղ։ Քաղաքացիներին առաջարկվում էր պատասխանել հետևյալ հարցին․
«Աջակցո՞ւմ եք Սահմանադրության փոփոխությանը՝ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու նպատակով»։
Հանրաքվեի մասնակիցների 50.35 տոկոսը կողմ քվեարկեց եվրոպական ինտեգրմանը, իսկ 49.65 տոկոսը՝ դեմ, 50.72 տոկոս մասնակցության դեպքում։ Այսինքն՝ ընդամենը 0.7 տոկոսի տարբերությամբ կողմ քվեարկածները հաղթեցին դեմ արտահայտվածներին։ Եվրոպական ինտեգրացիայի սահմանադրական ամրագրումը հասարակության կողմից ստացավ ոչ թե ճնշող, այլ նվազագույն առավելությամբ աջակցություն։ Ընդ որում՝ Մոլդովայի ներսում քվեարկության արդյունքները տարբեր էին, և արտերկրում բնակվող մոլդովացիների ձայներն էական ազդեցություն ունեցան վերջնական արդյունքի վրա։
Հանրաքվեի արդյունքները հոկտեմբերի 31-ին հաստատեց Սահմանադրական դատարանը։ Սահմանադրության մեջ եվրոպական ինտեգրացիան ամրագրվեց որպես երկրի ռազմավարական նպատակ։

ԵՄ անդամությո՞ւն, թե՞ միավորում ԵՄ անդամ երկրի

Եվրոպական ինտեգրման մասին խոստումների ֆոնին Մոլդովայի քաղաքական օրակարգում աստիճանաբար ավելի հաճախ սկսեց շրջանառվել մեկ այլ հարց՝ Ռումինիայի հետ միավորումը։
2026 թվականի հունվարի 11-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հարցազրույց տվեց բրիտանացի լրագրողներ Ռորի Ստյուարտի և Ալասթեր Քեմփբելի վարած «The Rest Is Politics» փոդքասթին և հետևյալ միտքը հայտնեց․ «Եթե հանրաքվե անցկացվեր, ես կքվեարկեի Ռումինիայի հետ միավորման օգտին»,- պատասխանեց Սանդուն։
Նա իր դիրքորոշումը բացատրեց աշխարհաքաղաքական իրավիճակով՝ նշելով, որ Մոլդովայի նման փոքր պետության համար գնալով ավելի դժվար է դառնում գոյատևել որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկիր՝ դիմակայելով Ռուսաստանի ազդեցությանը։
Հունվարի 22-ին Սանդուն կրկին անդրադարձավ թեմային՝ հայտարարելով, որ հասարակության շրջանում միավորման համար անհրաժեշտ մեծամասնություն չկա, իսկ նման հարցը կարող է լուծվել միայն քաղաքացիների կամարտահայտությամբ։ Նա որևէ կոնկրետ հանրաքվեի անցկացման ծրագիր չներկայացրեց։
Նախագահի հայտարարությունից մի քանի օր անց նույն թեմային անդրադարձավ նաև Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն։ Հունվարի 16-ին նա նույնպես հայտարարեց, որ անձամբ կողմ կքվեարկեր Ռումինիայի հետ միավորմանը, եթե նման հանրաքվե անցկացվեր։
«Որպես Ալեքսանդր Մունտյանու՝ ես կքվեարկեի կողմ։ Բայց որպես Մոլդովայի վարչապետ՝ ես պետք է իրականացնեմ բնակչության մեծամասնության կամքը, որը որոշել է, որ մեր նպատակը եվրոպական ինտեգրումն է»,- հայտարարեց նա։
Այսպիսով, վարչապետը փորձեց տարանջատել իր անձնական նախապատվությունը պետական պաշտոնից բխող պարտավորություններից՝ ընդգծելով, որ կառավարության պաշտոնական նպատակը շարունակում է մնալ ԵՄ-ին անդամակցությունը։
Ավելի կոշտ ձևակերպմամբ հանդես եկավ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը։ Հունվարի 19-ին նա հայտարարեց, որ Ռումինիայի հետ միավորումը կարող է անհրաժեշտություն դառնալ, եթե Ռուսաստանը չափազանց մոտենա Մոլդովայի սահմաններին։

Նրա խոսքով՝ եթե վտանգի տակ հայտնվեն երկրի գոյությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու քաղաքացիների անվտանգությունը, ապա ստիպված կլինեն դժվար որոշումներ կայացնել։ Նա նաև ընդգծել էր, որ նման որոշումը պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով, իսկ դրա համար անհրաժեշտ է հասարակության ճնշող մեծամասնության աջակցությունը։
Այս հայտարարությունների հաջորդականությունը ուշագրավ է․ երկրի նախագահը, վարչապետն ու արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրեթե նույն ժամանակահատվածում հրապարակայնորեն արտահայտվեցին Ռումինիայի հետ միավորման օգտին։
Իսկ ահա տարեվերջին՝  07․11․2026թ․, TVR Moldova հեռուստաալիքի եթերում Մոլդովայի փոխվարչապետ և արտգործնախարար Միհայ Պոպշոյը հայտարարեց, որ Ռումինիայի հետ միավորման գործընթացն «արդեն տեղի է ունենում»։ Որպես երկու երկրների մերձեցման գործնական օրինակներ՝ նա նշեց Միավորման ավտոմայրուղու կառուցումը, Պրուտ գետի վրայով նոր կամուրջների նախագծերը և էներգետիկ կապերի զարգացումը։ Նրա խոսքով՝ նման համատեղ ծրագրերի գործնական արդյունքները կարող են քաղաքացիներին ավելի արդյունավետ համոզել միավորման առավելությունների հարցում, քան քաղաքական քննարկումները։

Ընդդիմության՝ դավաճանության մեղադրանքը՝ իշխանություններին

Մոլդովայի ընդդիմության հիմնական ուժերը կտրուկ դեմ են արտահայտվել Ռումինիային միավորվելու գաղափարին և Միհայ Պոպշոյի հայտարարությունները որակել են որպես պետականության կորստի ու անեքսիայի նախապատրաստում։
Կոմունիստների կուսակցությունը (PCRM) պահանջել է Պոպշոյի հրաժարականը: Կուսակցությունը նրա խոսքերը որակել է որպես «ծանր հանցագործություն Մոլդովայի պետության դեմ»՝ իշխող «Գործողություն և համերաշխություն» (PAS) կուսակցությանը մեղադրելով երկիրը դեպի բռնի միավորում տանելու և պետականությունը ոչնչացնելու մեջ։
Նախկին նախագահ և սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնը քննադատել է միավորման ցանկացած քայլ՝ դրանք անվանելով «տարածքային անեքսիայի» նախապատրաստում։ Նրա դիրքորոշմամբ՝ Մոլդովայի անկախությունն ու չեզոքությունը սակարկման ենթակա չեն և չեն կարող զիջվել։

Քիշնևի քաղաքապետ Իոն Չեբանը (MAN կուսակցություն) մեղադրել է իշխանություններին երկիրը թուլացնելու մեջ: Ազգային այլընտրանքային շարժման առաջնորդ Իոն Չեբանը հայտարարել է, որ իրենք «չեն վաճառում իրենց երկիրը» և պետք է հարգել քաղաքացիների կամքը։ Նա իշխանություններին մեղադրել է տնտեսական ու ինստիտուցիոնալ անկում հրահրելու մեջ՝ պնդելով, որ նրանց նպատակը Մոլդովան «չկայացած պետության» վերածելն է, որպեսզի հեշտացվի միավորման գործընթացը։

Իսկ ի՞նչ է ուզում Մոլդովայի հասարակությունը

2025 թվականի հունիսին IMAS հետազոտական ընկերության անցկացրած սոցիալ-քաղաքական հարցման համաձայն՝ եթե այդ պահին Մոլդովայում անցկացվեր Ռումինիայի հետ միավորման հանրաքվե, քաղաքացիների 62 տոկոսը դեմ կքվեարկեր, իսկ 28 տոկոսը՝ կողմ։ Մնացածը դեռ որոշում չէր կայացրել կամ չէր պատասխանել հարցին։ Հարցումն անցկացվել էր հունիսի 17-28-ը՝ 1116 քաղաքացիների շրջանում, իսկ սխալի հավանականությունը կազմել էր 3 տոկոս։
Մեկ այլ՝ iData-ի 2025 թվականի օգոստոսյան հարցման տվյալներով՝ միավորմանը դեմ արտահայտվողների թիվը նույնպես գերազանցում էր կողմ արտահայտվողներին՝ կազմելով շուրջ 61.5 տոկոս։
Այս թվերը ցույց են տալիս, որ Ռումինիայի հետ միավորման գաղափարը, չնայած իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հրապարակային աջակցությանը, դեռևս չի վայելում հասարակության մեծամասնության աջակցությունը։

Պատմական ակնարկ

1359 թվականին հիմնադրվեց պատմական Մոլդովական իշխանությունը, որն ընդգրկում էր ինչպես ժամանակակից Մոլդովայի, այնպես էլ Ռումինիայի արևելյան հատվածները։ Դարեր շարունակ այն գտնվել է Օսմանյան կայսրության վասալական կախվածության մեջ։
1812թ․՝ ռուս-թուրքական պատերազմի արդյունքում, Օսմանյան կայսրությունը իշխանության արևելյան հատվածը՝ Բեսարաբիան (ներկայիս Մոլդովայի հիմնական մասը), զիջեց Ռուսական կայսրությանը։ Միևնույն ժամանակ, իշխանության արևմտյան հատվածը 1859 թվականին միավորվեց Վալախիայի հետ՝ հիմք դնելով ժամանակակից Ռումինիայի պետությանը։
Առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսական կայսրության փլուզման ֆոնին՝ 1918 թվականին, Բեսարաբիայի խորհրդարանը քվեարկեց Ռումինիայի հետ միավորվելու օգտին։ Այս շրջանում երկու տարածքները կազմում էին մեկ միասնական պետություն։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում՝ 1940 թվականին, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի գաղտնի արձանագրությունների հիման վրա, Խորհրդային Միությունը գրավեց Բեսարաբիան։ Ստեղծվեց Մոլդովական ԽՍՀ-ն, որը մնաց ԽՍՀՄ կազմում մինչև 1991 թվականը, իսկ Ռումինիան շարունակեց գոյություն ունենալ որպես առանձին պետություն։
1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո Մոլդովան հռչակեց իր անկախությունը։ Ռումինիան առաջին պետությունն էր, որը ճանաչեց Մոլդովայի անկախությունը, և մինչ օրս երկու երկրները պահպանում են սերտ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապեր։

Ի՞նչ խոստացավ մոլդովական իշխանությունը և ի՞նչ ունենք այսօր

Ստացվում է, որ Մոլդովայի իշխանությունների քաղաքական օրակարգում այսօր միաժամանակ երկու ուղղություն կա՝ Եվրամիությանն անդամակցություն և Ռումինիայի հետ միավորման գաղափար։
Եվրամիությանն անդամակցելու համար Մոլդովան անցնում է պաշտոնական բանակցությունների, բարեփոխումների և օրենսդրության համապատասխանեցման գործընթաց։ Ռումինիայի հետ միավորումը, մյուս կողմից, ենթադրում է երկու ինքնիշխան պետությունների պետական միավորման հարց։
Հենց այստեղ էլ առաջանում է գլխավոր հարցը․ եթե իշխանությունը ժողովրդին խոստանում էր եվրոպական ապագա, ինչո՞ւ է այսօր այդքան մեծ տեղ զբաղեցնում Ռումինիայի հետ միավորման գաղափարը։
Եվ արդյո՞ք Ռումինիայի հետ միավորման գաղափարը պարզապես անվտանգության հնարավոր այլընտրանք է, ինչպես ներկայացվում է։

Նմանատիպ նյութեր

Թբիլիսիի փորձով ոգևորվելու փոխարեն Երևանի իշխանությունը նախ պետք է քաղաքը կառավարել սովորի. Բադալյան

Թբիլիսիի փորձով ոգևորվելու փոխարեն Երևանի իշխանությունը նախ պետք է քաղաքը կառավարել սովորի. Բադալյան

Թբիլիսիի քաղաքապետի՝ խցանումների դեմ պայքարում որոշ թաղամասեր մուտքը վճարովի սահմանելու հայտարարությունը ոգևորել է Երևանի քաղաքային իշխանությանը. բայց, այդ ոգևորությունը ,մեղմ ասած, անհիմն է, գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: «Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն...

ԿԸՀ-ն որոշել է դիմել վարչական դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

ԿԸՀ-ն որոշել է դիմել վարչական դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար

Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի...

«Ի դեպ»․ Որքա՞ն է վճարել հարկատուն Փաշինյանի բանանային ռոլիկների համար

«Ի դեպ»․ Որքա՞ն է վճարել հարկատուն Փաշինյանի բանանային ռոլիկների համար

Նոյեմբերի 9-ից 13-ը Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցեր է ունեցել Ֆրանսիա, Թուրքիա և Իռլանդիա։ Ֆրանսիայում մասնակցել է Փարիզի Խաղաղության համաժողովին, Թուրքիայում՝ COP31-ին, իսկ Իռլանդիաայցի նպատակը եղել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Առաջին հայացքից...

Փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան. Սիվիլնեթ

Փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան. Սիվիլնեթ

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փորձել է համոզել իշխանություններին՝ հրաժարվել Եվրամիությանն անդամակցելու օրակարգից։ Այս մասին նա հայտարարել է ՍիվիլՆեթին տված հարցազրույցում՝ բացատրելով, թե ինչու է հենց հիմա հրապարակայնորեն դեմ արտահայտվում...

Դատախազությունն ապօրինի հարստացածներին թաքցնո՞ւմ է․ «Կարճ ասած»

  Վերջին տարիներին ամենաշատը լսած կլինեք «ապօրինի գույք», «թալանի վերադարձ ժողովրդին» արտահայտությունները, որոնց վերաբերյալ ինչ-որ հաղորդագրություններ են տարածում, ռեպորտաժներ պատրաստում-լցնում պետական եթերը։ Հայաստանի...