Մոլդովայի և Ռումինիայի միավորման գործընթացը փաստացի մեկնարկել է՝ երկու երկրների միջև ընդհանուր ճանապարհների կառուցման և էներգետիկ համակարգերի միավորման միջոցով։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը։ Գրում Ռիա նովոստին։
«Պետք է իմանալ, որ դա (միավորման գործընթացը՝ խմբ.) արդեն տեղի է ունենում։ Կառուցվում է Միավորման մայրուղին, Պրուտ գետի վրայով կամուրջներ են կառուցվելու։ Էներգետիկ կապերն ու ենթակառուցվածքային այլ ծրագրերը գործնականում մերձեցնում են Պրուտի երկու ափերը»,- Պոպշոյը հայտարարել է TVR Moldova հեռուստաալիքի եթերում։
Մոլդովայի ընդդիմությունը կարծում է, որ Ռումինիան պատրաստվում է հանրապետության տարածքային բռնակցմանը։ Երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Քիշնևում այդ գաղափարին աջակցելը կարող է հավասարազոր լինել ազգային շահերի դավաճանությանը։
Մոլդովայի երրորդ նախագահ Վլադիմիր Վորոնինը նախկինում հիշեցրել է, որ երկրի պատմության մեջ նման ծրագիր արդեն իրականացվել է։ 1918-1940 թվականներին տեղի ունեցած՝ այսպես կոչված, Ռումինիայի հետ միավորումը, նրա խոսքով, հանգեցրել է դաժան օկուպացիայի և ժողովրդի ցեղասպանության։
Նոյեմբերի սկզբին հանրապետության նախագահ Մայա Սանդուն ընդունել է, որ ներկայումս Մոլդովայում Ռումինիայի հետ հնարավոր միավորմանը բավարար աջակցություն չկա։
Մոլդովայի Սահմանադրությամբ երկիրը չեզոք պետություն է, սակայն 2022 թվականից Քիշնևի իշխանություններն ակտիվացրել են ԵՄ-ի և Ռումինիայի հետ մերձեցման քաղաքականությունը։
2023 թվականի գարնանը երկրի խորհրդարանն օրենքներում և նորմատիվ ակտերում պետական լեզվի անվանումը փոխարինել է «ռումիներենով»։






