Երևանին շատ մոտ՝ Արարատի մարզի Գայ համայնքի տարածքում, գտնվում է գյուղմթերքի մեծածախ շուկա, հայտնի է որպես «Մեյմանդարի» շուկա։ Բավական է այնտեղ այցելել՝ հասկանալու համար, թե ինչ ողբերգության մեջ է գյուղացին։ Միայն թե տեսախցիկով չպետք է գնաս, վախենում են խոսել։ Աբսուրդ է, իհարկե, որ մարդիկ հացից զրկվել են, հայտնվել պարտքերի մեջ, վարկերի, տոկոսների տակ ճռում են, բայց վախենում են բաց խոսել։ Ակցիա անել վախենում են, դժգոհությունը հայտնել վախենում են։ Բայց առանց կամերայի ամեն մեկը դարդերն է պատմում, նյարդայնացած, ջղային։ Ասում է՝ 22 մլն դրամ վարկ եմ վերցրել, ջերմոց դրել, հիմա բերքս չեն տանում, անգամ վառածս գազի փողը չեմ կարողանում հանել։ Էն մեկն ասում է՝ 30 տոննա պոմիդոր ունեմ, սենց արկղերով ինչքա՜ն բերեմ էժան դատարկեմ։ Միշտ եկել ջերմոցից տարել են նորմալ գնով։ Եթե կառավարությունը վարկի տոկոսներն անգամ սառեցնի, նշանակություն չի ունենա, որովհետև մայր գումարն էլ փակելու ձև չունեն։ Մյուս զրուցակիցս ասում է՝ Նիկոլի օրոք վախեցել եմ գործ բռնել, գումար եմ ունեցել, բայց անգամ տուն առնել չեմ փորձել, բիզնես չեմ փորձել, որովհետև իմացել եմ, որ նրա օրոք մի հարամ բան լինելու է։ Էս տարի փողերս դրեցի, հսկայական ջերմոցներ սարքեցի ու գնաց կորավ։ Ու հետաքրքիր բան է ասում՝ մյուսներից բիզնես է խլում, բայց ստացվում է՝ գյուղացիներից էլ է խլում բիզնեսը։
Ասում եմ՝ բայց խոստանում են արտահանել Եվրամիություն։ Հակադարձում է՝ բերքը մի ամիս է՝ փչանում է, մի ամիս է խոսում են Եվրամիություն արտահանելուց։ Նիկոլի խոստացած եվրոպական շուկան, ասում է, աղբամանն է, ջորմոցից արտահանում ենք աղբանոց։
Հայաստան է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եկել է գյուղացուն «փրկելու»։ Ու մենք տեսնում ենք ընդամենը խոսքեր, անիմաստ ու ծավալուն խոսքեր։ Ոչ մի գրամ չեն արտահանել։ Տիկին Ուրսուլան բիզնես դասի ինքնաթիռով որ Հայաստանից վերադառնա, 3 տոննա գյուղմթերք կարող է տանել, գոնե եվրահանձնաժողովում բաժանի։ Ասում է․ «Եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական Միությունը կբացի ԵՄ–ն 450 միլիոնանոց սպառողների շուկայում»։ Ինչ է նշանակում եթե փակի, մի ամիս է՝ լրիվ փակ է, իսկ գյուղմթերքը օր օրի աճում է, դե բա տարեք։
Միլիարդ դոլարի արտահանման ուղղություն է փակվել, ընդամենը խոստացել են 50 մլն եվրո, կեսը չեն տվել, էն տվածն էլ չես հասկանում ուր է։ Ասում է՝ ուզում էինք հավաքվել գյուղացիներով գալ կառավարության մոտ, մարզպետն ասաց՝ համբերեք, կփոխհատուցվեք, կառավարության որոշում կա։ Համոզել են մարդկանց, նստել են տանը սպասում են։ Բայց պարզվում է՝ էդ փոխհատուցումը նախ եսիմերբ են տալու, որովհետև դիմումները ընդունելու են հուլիսի 1-ից։ Գյուղացին մեկ ամիս է՝ բերքը թափում է, հուլիսից նոր ընդունում է կառավարությունը փոխհատուցման դիմումները, բայց սա դեռ ողջ զավեշտը չէ․ սուբսիդիան արտահանված բերքի համար է՝ որպես ծախսերի փոխհատուցում, բայց մարդիկ բերքի կեսը թափել են, դրա համար չկա փոխհատուցում։ Աղբամանների մեջ տոննաներով ծաղիկ է, դրա համար չկա սուբսիդիա։
Հայաստան եկած եվրահյուրերին չի հետաքրքրում հայկական մթերքը, հետաքրքրում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզումը։ Իսկ Նիկոլին հետաքրքրում է միայն փողը։ Նա հույս ունի, որ ԵՄ-ից փող կտան, շատ փող։ Շատ էլ չեն տալիս, ինչ էլ տալիս են՝ դիմացը պահանջներ կան։ Պատգամավորը հարցում էր արել էկոնոմիկայի նախարարություն, թե ինչ եք արտահանել ԵՄ, պարզվում է՝ ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել։ Բա էդ որ խոստանում էին հնգապատկել արտահանումը, հունիս ամսին չէ՞ր վերաբերում։ 2025թ․ հունիսի 1-18-ը ԵԱՏՄ է արտահանվել 9325 տոննա պտուղ-բանջարեղեն, այս տարի՝ 131 տոննա։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն Ռուսաստանն է, այլ երկիր չի գնում։ Ունենք արտահանման անկում մոտ 99 տոկոսով։
Հաղորդագրություններ են տարածում, թե պաշտոնյաները երկրների հետ բանակցում են արտահանման ուղղությամբ, քննարկում են եվրոպական շուկա հայկական ծաղիկների հեռանկարը։ Դա պետք էր անել ոչ թե այսօր, այլ 2018 թվականին, երբ որոշել էիք աստիճանական քանդել ՌԴ հետ հարաբերությունները, քանդելուն զուգահեռ կառուցեիք նորը։ Արտադրողին հիմա խոստում մի տվեք, շուկա տվեք։ Չեն կարող սպասել, որ երկու շաբաթը մեկ քննարկեք։ Մեռաք քննարկումներ անելով, բայց փաստ է, որ պտուղ-բանջարեղեն Եվրոպա չի գնացել։
Իրականում մի քանի լարի վրա խաղացած Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած։ Եվրոպա չի արտահանվելու, պետք է մոռանալ այդ մասին, կլինեն միայն խորհրդանշական արտահանումներ, բայց ոչ երբեք՝ լայնածավալ։ Նրա փրկությունը ռուսական շուկան վերաբացելն է, բայց ռուսներն էլ իր հետ աշխատել այլևս չեն ուզում։ Նրանք իրենց պահանջներն ու օրակարգը ունեն, այդ թվում՝ ԵՄ անդամության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ օրենքի չեղարկում։ Հիշո՞ւմ եք, Նիկոլն ասում էր՝ հունիսի 2-րդ կեսին պայմանավորվել է հանդիպել Պուտինին, արդեն հուլիսի մեջ ենք, բայց այդպես էլ ՌԴ-ն չի ընդունում։ Պուտինը Փաշինյանին ոչ շնորհավորել է, ոչ էլ ընդունում է, սա ստիպված է կապեր փնտրել արդեն ՌԴ վարչապետի հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցից առաջ Փաշինյանը զանգեց ՌԴ վարչապետին։ Ըստ երևույթին՝ զանգել էր արդարացումներ հայտնելու։ Տիկին Ուրսուլային էլ, բնականաբար, կփորձի վաճառել զանգը Միշուստինին և կփորձի փող պոկել, նրան միայն փող է հետաքրքրում, դա՛ է անհրաժեշտ։
Փաշինյանին ՌԴ-ն մերժում է, ԵՄ-ն միայն խոստանում է, իսկ մթերքը փչանում է՝ հասունացնելով բունտ։ ԵՄ-ի խոստացած 50 մլն եվրոն արտահանվող գյուղմթերքի միայն 5 տոկոսն է, դա էլ չի հասել արտադրողին։ Եթե ներողություն խնդրի և ծնկի գա ՌԴ առաջ, նրան իհարկե, չեն վստահի, բայց գուցե շարունակեն աշխատել հետը, բայց այդ դեպքում ԵՄ-ն կմոռանա, որ շնորհավորել է Նիկոլին «ժողովրդավարական» ընտրությունների համար և արդեն կբացվեն ԵՄ աչքերը, կհիշի, որ Հայաստանում բռնաճնշումներ կան, քաղբանտարկյալներ կան արդեն 8 տարի, բանտերում մահանում են ընդդիմադիրներ, իսկ ընտրությունները այլանդակ կեղծվել են։ Եթե, այնուամենայնիվ, շարժվի ԵՄ գնալու անհեռանկար ուղով, մեր երկրին սպասում է տնտեսական կոլապս, մի քիչ սով, ցուրտ ձմեռներ և բունտեր։
Նիկոլը եվրոպացի այցելուի հետ ճեպազրույցում ասում է․ «Մենք երբեք խնդիր չենք դրել և չենք դնի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծել, մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում»։ Հիմա հարց՝ ՀՀ շահը ո՞րն է ըստ դրա․ հայ գյուղացու արտադրանքը աղբամանը նետե՞լն է ՀՀ շահը, Լարսի անցակետում մեռնող տնտեսությո՞ւնն է ՀՀ շահը, կուտակվող միլիարդ դոլարների պա՞րտքն է ՀՀ շահը, բոլոր արտաքին խաղացողների ու բոլոր հարևանների առաջ կզե՞լն է ՀՀ շահը։ Այդտեղ ՀՀ շահ չկա, այդտեղ կա թուրքական շահ, այդտեղ կա ադրբեջանական շահ, այդտեղ կա ՔՊ-ի շահը, բայց ՀՀ-ի շահը՝ երբեք։
Կարճ ասած՝ Նիկոլի համար կարևորը սրանք չեն․ եթե մեզ թվում է, թե նա դարդոտել է՝ ոնց անի, որ գյուղացու բերքն իրացվի, ոնց արտահանումը կազմակերպի, ոնց սահմաններն անվտանգ դարձնի, ոնց անի, որ պարտքը չավելանա, գնաճ չլինի, չարաչար սխալվում ենք։ Սրա համար կարևոր է, ոեր պահի իր աթոռը։ Իշխանությունը պահելու համար այսօր այս քայլերն են պետք, սրանք է անում, վաղը այլ քայլեր պետք լինեն, դրանք կանի։ Վաղը արվելիք քայլերը կարող է լրիվ հակասեն այսօրվա քայլերին, բայց մեկ է՝ կանի, որովհետև իր համար կարևորը իր իշխանությունն է։ Նրա որևէ գործողություն ժողովրդի շահի հետ, պետության շահի հետ, ինքնիշխանության ու անվտանգության հետ կապ չունի, չի ունեցել և չի ունենալու
Սևակ Հակոբյան






