Ու՞մ ինքնաթիռն է Փաշինյանին տեղափոխել Գերմանիա. «Հետք»

18 Սեպտեմբերի, 2026

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Գերմանիա՝ Վիսբադեն, որտեղ Հեսսենի դաշնային երկրամասային խորհրդարանում նրան հանձնվել է Հեսսեյան Խաղաղության մրցանակը՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Փաշինյանը Մայնի Ֆրանկֆուրտի արդյունաբերության եւ առեւտրի պալատում հանդիպելու է նաեւ տեղի գործարարների հետ (Վիսբադենը գտնվում է Ֆրանկֆուրտի հարեւանությամբ): Գրում է «Հետք»-ը:

Առավոտյան Փաշինյանը տեսանյութ է հրապարակել օդանավի սրահից, որտեղ երեւում են պատվիրակության անդամները, այդ թվում՝ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը (պատվիրակության կազմը՝ այստեղ): Տեսանյութից հասկանալի է, որ խոսքը բիզնես դասի օդանավի մասին է:

Ֆրանկֆուրտում վայրէջք կատարելուց 20 րոպե անց Ն. Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հեգնանքով գրել է. «Պատերազմի եռագլուխ կուսակցությանը հարող լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, թե ում է պատկանում օդանավը, որով այսօր մեկնել եմ Գերմանիա, պատասխանում եմ. իմ անձանական օդանավն է։ Նախորդ շաբաթ լրիվ պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել։ Հիմա փորձում ենք թղթերը դասավորել։ Այս տեղեկատվությունը հետաքննելու ցանկացած փորձ համարում եմ քաղաքական հաշվեհարդար, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, ժողովրդավարության պանիխիդա»:

Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված կադրերում չի երեւում ինքնաթիռի գրանցման համարը, ինչը դրա նույնականացման առաջին ու ամենահեշտ եղանակն է:

Սակայն հայկական ավիացիային հետեւողների համար օդանավի տեսքից դժվար չէր կռահել, որ սա իշխանամետ գործարար, 2021-2026 թթ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Gulfstream G450 տիպի բիզնես ջեթն է, որի սեփականատերը, ըստ «Ֆլայուան Արմենիա» ընկերության, ինքն է: Հիշեցնենք՝ «Ֆլայուան Արմենիայի» 50 %-ը պատկանում է Խաչատուր Սուքիասյանի եղբայրներից Էդուարդ Սուքիասյանին, 4 %-ը՝ ընկերության գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանին, մնացած 46 %-ը՝ մոլդովական Fly One ավիաընկերությանը: Այսինքն՝ Է. Սուքիասյանը ավիաընկերության ամենախոշոր սեփականատերն է:

Հիշեցնենք, որ այս օդանավի գնման մասին «Ֆլայուան Արմենիան» հայտարարել էր 2023-ի նոյեմբերին: Սակայն ինքնաթիռը գրանցվել է ոչ թե Հայաստանում, որը 2020-ից գտնվում է ԵՄ ավիացիոն «սեւ ցուցակում», ինչի պատճառով ՀՀ գրանցումով օդանավերը չեն կարող մտնել ԵՄ երկինք, այլ ԵՄ անդամ Ռումինիայում: Օդանավի շահագործողը մոլդովական Fly One ավիաընկերության ցանցի անդամ մեկ այլ փոխադրող է՝ ռումինական FlyOne Romania-ն:

Հատկանշական է նաեւ օդանավի գրանցման համարը՝ YR-SIL, որտեղ YR-ն Ռումինիայի ազգային նիշն է (ՀՀ-ինը EK է), իսկ SIL-ը (Սուքիասյանների «ՍԻԼ Կապիտալ» ընկերության անունից)՝ կոնկրետ այս օդանավի գրանցման համարը:

YR-SIL-ը Երեւան կվերադառնա այսօր:

Երեկ Փաշինյանը որոշում է կայացրել Գերմանիա ՀՀ կառավարական պատվիրակություն գործուղելու մասին: Իր աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին նա հանձնարարել է այսօր չվերթ կազմակերպել Երեւան-Մայնի Ֆրանկֆուրտ-Երեւան երթուղով։ Իսկ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահին հանձնարարել է այդ հարցում աջակցել իր աշխատակազմին:

Որոշման համաձայն՝ չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը պետք է կատարվեն ՀՀ վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին: Ըստ նույն որոշման՝ Ն. Փաշինյանի, ինչպես նաեւ նրա աշխատակազմի ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը, ինչպես նաեւ հուշանվերների ձեռքբերման ու թարգմանչական ծառայության հետ կապված ծախսերը վճարվելու են իր աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին:

Վերոնշյալ անձանց եւ թարգմանչի գիշերավարձի, ինչպես նաեւ պատվիրակության ներկայացուցչական եւ փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը պետք է վճարվեն ԱԳՄԱ նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին: Ինչ վերաբերում է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին ու նույն նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին, ապա նրանց ծախսերը պետք է փակվեն համապատասխանաբար նախարարության եւ նշված ծառայության միջոցների հաշվին:

Այլ կերպ ասած՝ բոլոր ծախսերը կատարվելու են պետբյուջեից:

Ինչու՞ Փաշինյանը չի մեկնել ՀՀ պետական օդանավով

Հայաստանում կա պետական (ոչ ռազմական) ենթակայության ընդամենը մեկ ինքնաթիռ՝ ՀՀ կառավարական Airbus A319 ACJ օդանավը, որը VIP սրահով բորտ է (գրանցումը՝ «Հայաստանի Հանրապետություն 701». պետական օդանավերի համար չի կիրառվում EK ազգային նիշը. այն միայն քաղաքացիական ավիացիայի համար է): Այն 2007 թվականից պատկանում է ՀՀ-ին եւ սպասարկում է երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Հարկ է նկատել, որ 2023-ի սեպտեմբերից Սուքիասյանների «Ֆլայուան Արմենիան» է շահագործում ՀՀ պետական օդանավը (մինչ այդ «Ֆլայ Արնան» էր):

ՀՀ պետական Airbus A319-ը՝ Ֆրանկֆուրտում, 20.02.2026, հեղ.՝ Յենս Բրոկուֆ, jetphotos.com

1998 թ. արտադրության A319-ն այս տարվա մայիսի 6-ին Երեւանից թռել է Բուլղարիա մայրաքաղաք Սոֆիա՝ տեխսպասարկման, սակայն մինչ օրս չի վերադարձել: Այս պայմաններում պետական բորտի շահառու պաշտոնյաները արտերկիր են մեկնում քաղաքացիական օդանավերով՝ կա՛մ իբրեւ ուղեւոր, կա՛մ ամբողջ ինքնաթիռը վարձակալելով:

Ինչ վերաբերում է Սուքիասյանների բիզնես ջեթին, ապա այն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու փորձ ունի: Մասնավորապես՝ այս տարվա մարտի 22-ին նախագահ Վահագն Խաչատուրյանի պատվիրակությունը դրանով մեկնել էր Թբիլիսի՝ մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ի հուղարկավորության արարողությանը: Նույն օդանավը մարտի 26-27-ին Երեւան-Շիմքենդ-Երեւան չվերթով տեղափոխել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատվիրակությանը:

Փոխվարչապետի պատվիրակության տեղափոխման համար ՀՀ վարչապետի աշխատակազմն ու «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն պայմանագիրը էին կնքել, որը ներառել է օդանավավակայանի սպասարկման ծառայությունը, սննդի տրամադրումը, VIP սպասարկման ծառայությունը, օդանավի շահագործման ծառայությունները, այդ թվում՝ անձնակազմի, վառելիքի, տեխսպասարկման, աերոնավիգացիայի, օդանավակայանային վճարները: Պայմանագրի գինը կազմել է 28.600.000 դրամ (ներառում է հարկերն ու տուրքերը) կամ մոտ 77 հազ. դոլար:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի տեղափոխության համար վճարված գումարին, ապա վերջինիս աշխատակազմից «Հետքին» հայտնել էին, որ «Գնումների մասին» օրենքի կարգավորումների համաձայն՝ ՀՀ նախագահի կեցության, սննդի, փոխադրման, տրանսպորտային սպասարկման ծախսերը ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում, հետեւաբար ինֆորմացիայի տրամադրումը մերժվել էր: Այսպիսով՝ պարզ չէ, թե որքան է վաստակել «Ֆլայուան Արմենիան» Վ. Խաչատուրյանի Երեւան-Թբիլիսի-Երեւան ուղեւորությունից:

«Հետքի» փորձը ցույց է տալիս, որ 2016-ի դեկտեմբերին (Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ) ընդունված օրենքի այս դրույթը դարձել է լրագրողների անցանկալի հարցերից «պաշտպանվելու» միջոց բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց աշխատակազմերի համար: Այս առումով ներկա պաշտոնյաները արդյունավետորեն կրկնօրինակում են նախկինների փորձը:

Ընդ որում՝ «Գնումների մասին» օրենքի վերոնշյալ դրույթին հղում անելն ու մասնավոր բիզնես ջեթերից օգտվելու մասին ինֆորմացիան չհանրայնացնելը կարող է կատարվել ըստ հայեցողության եւ քաղաքական իրավիճակի: Նման բան արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասն՝ «Հետք»-ում:

 

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ որևէ ագրեսիվ մտադրություն չունի. Պուտին

Ռուսաստանը Եվրոպայի նկատմամբ որևէ ագրեսիվ մտադրություն չունի. Պուտին

Եկեք ավելի լավ է բարեկամաբար ապրենք, հակառակ դեպքում մենք էլ ստիպված կլինենք պատասխան տալ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դիմելով արևմուտքի երկրներին։ «Ռուսաստանի ինքնիշխանության երաշխավորը մնում է միջուկային եռյակը, և դրա ամրապնդումը անվերապահ...

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները պարգևավճարները կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար, գրել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։...

ՌԴ-ն չի պլանավորում մինչև տարեվերջ անցկացնել գաղտնի զnրահավաք․ Պեսկով

ՌԴ-ն չի պլանավորում մինչև տարեվերջ անցկացնել գաղտնի զnրահավաք․ Պեսկով

Ռուսաստանը չի պլանավորում մինչև տարեվերջ անցկացնել ևս 300,000 զինվորականների գաղտնի զորահավաք, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հայտնել է նա Պետդումայի ընտրություններից հետո գաղտնի զորահավաքի հնարավոր նախապատրաստությունների մասին...

Դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

Դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանայի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության

Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացնում է՝ ՀՀ վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության․ «Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի միջնորդությամբ դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից կիրառված...

Պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի անդամները կպարգևատրվեն

Պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի անդամները կպարգևատրվեն

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները կխրախուսվեն միանվագ դրամական պարգևատրմամբ։ Այս մասին նշվում է Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի սեպտեմբերի 18-ի...