Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»

21 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ տարածաշրջանային այցը, որի շրջանակում նա այս տարվա հուլիսի 1-ին այցելեց Ադրբեջան, իսկ հաջորդ օրը՝ Հայաստան, պաշտոնապես ներկայացվեց որպես համագործակցության, տնտեսական կապերի, տարածաշրջանային հաղորդակցությունների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված կարևոր փուլ։

Սակայն նման բարձր մակարդակի հանդիպումների դեպքում սովորաբար օրակարգում են լինում նաև այնպիսի զգայուն հարցեր, որոնք պաշտոնական հաղորդագրություններում չեն արտացոլվում։ Այդ պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, ինչպես նաև Եվրոպական միության հնարավոր գործնական քայլերը՝ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Ձեր և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ ապօրինի ազատազրկված անձանց վերադարձի հարցը։
Եթե այո, ապա ի՞նչ տեղեկություններ է Ձեզ փոխանցել Եվրոպական հանձնաժողովի նախագահը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների վերաբերյալ։ Ի՞նչ դիրքորոշում կամ պատասխան է ստացել ադրբեջանական կողմից։
Անդրադարձ եղե՞լ է արդյոք հայ գերիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, նրանց իրավունքների խախտումների և միջազգային հումանիտար իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ հրապարակային ու ոչ հրապարակային տեղեկություններին։
Քննարկվե՞լ են արդյոք Եվրոպական միության կամ այլ միջազգային կառույցների կողմից հնարավոր գործնական քայլերը՝ ուղղված հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը, նրանց իրավունքների պաշտպանությանն ու Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացված հնարավոր հանցագործությունների միջազգային իրավական գնահատականին։
Կարո՞ղ եք հայտնել, թե այս պահին ի՞նչ գործնական արդյունքներ կամ պայմանավորվածություններ կան միջազգային գործընկերների հետ՝ հայ գերիների վերադարձի ուղղությամբ, և ի՞նչ դերակատարություն է ստանձնել կամ պատրաստվում ստանձնել Եվրոպական միությունը տվյալ գործընթացում։

Սակայն ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված պատասխանը փաստացի շրջանցել է հարցերի բովանդակությունը։

Պատասխանում նշվում է.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ անհրաժեշտ՝ հրապարակման ենթակա տեղեկատվությունը տրամադրվել է։

Միաժամանակ տեղեկացնում ենք՝ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ գերիների հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ»։

Այսպիսով, կառավարությունը չի պատասխանել՝ քննարկվե՞լ է արդյոք գերիների հարցը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում, ի՞նչ է փոխանցել Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում ունեցած բանակցություններից հետո, կամ ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ։

Ի՞նչ էր ասվում պաշտոնական հաղորդագրություններում։

Վարչապետի աշխատակազմի՝ այդ օրերին տարածած հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացումը, ժողովրդավարական բարեփոխումները, տնտեսական համագործակցությունը, «Գլոբալ դարպաս» (Global Gateway) նախաձեռնությունը, ներդրումային ծրագրերը, ինչպես նաև խաղաղության օրակարգն ու տարածաշրջանային կայունությունը։ Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաև ԵՄ ֆինանսական աջակցության, առևտրային համագործակցության և ենթակառուցվածքային ծրագրերի ընդլայնման մասին։

Իր հերթին, Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում հայտարարեց.

«Հայաստանը շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների ուղին և ավելի է մոտենում Եվրոպային։ Ես այստեղ եմ մի պարզ ուղերձով՝ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։

Նա նաև ընդգծել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, տնտեսության դիմակայունությանը և խաղաղության գործընթացին։

Իսկ գերիների մասին՝ լռություն։

Հատկանշական է, որ ոչ Հայաստանի կառավարության, ոչ Եվրոպական հանձնաժողովի, ոչ էլ Բաքվում Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարություններում հայ գերիների, ապօրինի պահվող անձանց վերադարձի կամ նրանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն չի հնչել։ Ադրբեջանի մայրաքաղաքում հրապարակված պաշտոնական հայտարարությունները կենտրոնացած էին էներգետիկ համագործակցության, տրանսպորտային և թվային կապերի, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների վրա։

Արդյունքում «Ժողովուրդ»-ի բարձրացրած հինգ հարցերից որևէ մեկին կառավարությունը փաստացի չի տվել ուղիղ պատասխան՝ սահմանափակվելով արդեն իսկ հրապարակված տեղեկատվությամբ, թե վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է հարցը։ Իսկ մենք գիտենք, թե ինչ է նշանակում վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում լինել. օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին ունեզրկելու հարցը, այո՛, վարչապետի ամենօրյա ուշադրության կենտրոնում է, և գործընթացը լայն թափով ընթանում է, իսկ գերիների հարցի մասին վաղուց բոլորը մոռացել են»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Այս պահին որևէ հստակ ինֆորմացիա չկա, թե երբ նիստը տեղի կունենա․ Արամ Օրբելյան

  «Դատական նիստը տեղի չի ունեցել․ դեռ սպասում ենք, թե երբ կլինի, երբ տեղի կունենա՝ դժվարանում եմ ասել։ Փորձեցինք ճշտել կազմից՝ դատարանի օգնականից և կարգադրիչներից, այս պահին որևէ հստակ ինֆորմացիա, տեղեկատվություն չեն կարողանում տալ։...

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները

Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։ Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը. դեսպանատներից մեկը նրանց որակել է «վտանգավոր»

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ Համաշխարհային փառատոնների ասոցիացիան (World Festival Association, WOFA) չեղարկել է նոյեմբերին Վիեննայում նախատեսված միջազգային փառատոնին կազմակերպությանն անդամակցող Արցախի ազգային նվագարանների պետական...

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

ԿԳՄՍՆ-ի հրահանգով Արտենիի դպրոցի մուտքի պատից հեռացնում են Զորավար Անդրանիկի նկարը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է գյուղում անհանգիստ իրավիճակ է ստեղծվել, քանի որ բնակիչները տեղեկություն են ստացել, որ...

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը․ «Փաստինֆո»

Կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը։ «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսն ասել է, որ Ստեփան Ասատրյանը ոչ միայն չի հեռացել եկեղեցուց, այլ նաև ոստիկաններն են շարունակում...