2025-2026 թվականներին Վանաձորի համայնքապետարանի տրամադրած ավարտական ակտերից 27-ում որպես գլխավոր կապալառու նշված է «Ալավերդյան և ընկերներ» ընկերությունը։ Այս ընկերության 100% բաժնետերը համայնքապետարանի ճարտարապետության բաժնի պետի պաշտոնակատար Արմեն Ալավերդյանն է, գրում է Հետք-ը։
2025-2026 թվականներին Վանաձորի համայնքապետարանը 212 ավարտական ակտ է տրամադրել բնակիչներին։ Նշված ժամանակահատվածում 27 բնակիչ կառուցապատման աշխատանքները վստահել է «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ին։
«Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ն 2007 թվականին հիմնադրել է Արմեն Ալավերդյանը, և ըստ պետական ռեգիստրի՝ մինչ օրս պատկանում է նրան։ Ընկերության տնօրենը Թագուհի Խաչատրյանն է՝ Արմեն Ալավերդյանի կինը։ Այս ընկերությունը, ըստ ՊԵԿ-ի կայքում հրապարակված տվյալների, զբաղվում է բնակելի և ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգմամբ։
Արմեն Ալավերդյանը Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետի տեղակալն է։ 2024 թվականին՝ բաժնի պետ Սուրեն Աբովյանի ձերբակալվելուց հետո, նա նաև բաժնի պետի պաշտոնակատարն է։ Հիշեցնենք, որ Աբովյանը ձերբակալվել էր շինարարության հետ կապված պաշտոնական փաստաթղթերի դիմաց կաշառք ստանալու մեղադրանքով։
Ստացվում է, որ համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պաշտոնակատարին պատկանող ընկերությունը իրականացնում է շինարարական աշխատանքներ, որոնց թույլտվությունները և ավարտական ակտերը տալու գործընթացում մասնակցում է նաև ինքը՝ Ալավերդյանը։
Նախորդ տարիներին ևս Արմեն Ալավերդյանի ընկերությունը կառուցապատման աշխատանքներ է իրականացրել համայնքում։ Ընդհանուր առմամբ 2023-2026 թվականներին 36 հասցեներում «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքներ է իրականացրել։
«Հետքը» գրավոր հարցմամբ դիմեց Արմեն Ալավերդյանին՝ խնդրելով նշել, արդյոք շահերի բախում չի տեսնում այս իրավիճակում և խնդրահարույց չի համարում, որ ինքը մասնակցում է սեփական ընկերությանը շինթույլտվություններ և ավարտական ակտեր տրամադրելու գործընթացում։ Ալավերդյանը պատասխանել է, որ համայնքային ծառայության պաշտոնի նշանակվելուց հետո դադարեցրել է կապը ընկերության հետ։
Շարունակությունը՝ «Հետք»-ում։




