«Հետք»-ը գրում է․ հոկտեմբերի 25-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ՝ «Հանրապետություն», «Նոր դարաշրջան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
ՔՊ-ի ցուցակն այս ընտրություններում գլխավորում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2026թ. հունիսի 17-ի որոշմամբ փոփոխություններ արվեցին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, ըստ որի՝ Արենի, Եղեգիս և Եղեգնաձոր համայնքները միավորվեցին։
Այս օրերին երեք քաղաքական ուժերը ակտիվ քարոզարշավի մեջ են։ «Հետքի» ընթերցողներից մեկի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 13-ին Հուսիկ Սահակյանը Շատին բնակավայրի դպրոցում հանդիպում է ունեցել ուսուցիչների հետ։
Մենք զրուցեցինք ուսուցիչներից մեկի հետ, որը հաստատեց տեղեկությունը։ Ուսուցիչը, ով չցանկացավ՝ իր անունը նշվի հոդվածում, պատմեց, որ դպրոցի ողջ անձնակազմին հրահանգել են մնալ դասերից հետո, քանի որ մարզպետը պետք է գա հանդիպման։ Բայց ավելի ուշ պարզվել է, որ հանդիպումը կազմակերպվել է Հուսիկ Սահակյանի համար։
Շատինի միջնակարգ դպրոցի տնօրեն Տաթևիկ Մաթևոսյանը մեզ հետ զրույցում հերքեց հանդիպման մասին տեղեկությունը։ Իսկ Հուսիկ Սահակյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ինֆորմացիան՝ առաջարկելով խոսել նախընտրական շտաբի պետի հետ։
«Էդ բոլոր հարցերով դիմեք շտաբի պետին։ Ես Ձեր բոլոր հարցերին պատասխանեցի»,- ասաց Սահակյանը։
Հետևեցինք Հուսիկ Սահակյանի խորհրդին ու զանգահարեցինք նախընտրական շտաբի պետ Մուշեղ Ներսիսյանին։ Ներսիսյանը խոստացավ ճշտել տեղեկությունը ու կապ հաստատել մեզ հետ։ Մոտ երեք ժամ սպասելուց հետո կրկին զանգահարեցինք նրան, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
«Հանրակրթության մասին» օրենքն արգելում է ուսումնական հաստատություններում իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն։






