Տուգանքի մատերիալ, ԴԱՀԿ-ի մատերիալ, մունաթի մատերիալ, պետական ռեկետի զոհ․ «Կարճ ասած»

19 Մարտի, 2026

 

Դուք բոլորդ, վստահաբար, միշտ հիշում ու օգտագործում եք «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» արտահայտությունը։ Մենք հիշում ենք դա ոչ թե այն պատճառով, որ իրողություն է, այլ՝ ճիշտ հակառակը․ որովհետև ամեն քայլի համոզվում ենք՝ քաղաքացին տուգանքի մատերիալ է, հարկվելու մատերիալ է, մունաթի մատերիալ է և ընդհանրապես, ամեն ինչի մատերիալ է, բացի արժանապատիվ, հպարտ, դուխով քաղաքացուց։ Այս վերջինը գիտեմ, որ իմաստը կորցրել է վաղուց։

Տասնյակ հաղորդումներ եմ նվիրել Նիկոլի հարկային տեռորին․ այն մի քանի դրսևորում ունի․  խոսքը և՛ բիզնեսի նկատմամբ նոր հարկերի, գործող հարկերի ավելացման մասին է, և՛ քաղաքացու նկատմամբ տեղական հարկ ու տուրքերի, և՛ զանազան տուգանքների։ Բազմաթիվ գործարարներ այս ընթացքում դիմել են, ահազանգել են՝ խնդրելով առանց անունը հրապարակելու հնչեցնել իրենց խնդիրը։ Որովհետև գիտեն՝ հենց անունը տաս՝ հայտնվելու են կա՛մ բանտում, կա՛մ բիզնեսը խլելու են, կա՛մ փակելու են, կա՛մ ավելի վատ բան է լինելու իրենց հետ։ Մարդիկ ասում են, որ անհիմն տուգանվում են․ 20 միլիոն, 150 միլիոն և այլ՝ աստղաբաշխական տուգանքներ են նշանակում, կալանքի սպառնալիքի տակ ստիպում մուծվել։ Որոշները ինչ ունեն-չունեն՝ վաճառում են, փակում բիզնեսը, արտագաղթում կամ ուրիշի մոտ վարձու աշխատող դառնում։ ՔՊ-ական պատգամավորն էլ էր ասում, որ տեսուչները գնում-ստուգում են, խախտում չեն գտնում, բայց ասում են՝ պետք է տուգանենք։ Այսօր իբր կատակով՝ մարդամեկը հարկային տեռորը հայտարարեց փակված է։ Նախընտրական դադար։

Հարկային տեռորի այս տարիներին ենթարկվել է ամբողջ ժողովուրդը ու շարունակում է ենթարկվել։ Միայն մոտ 9 մլրդ դրամ գումար են գանձել մեկ տարում իր տունը վարձով տվող քաղաքացուց։ 3.8 մլրդ դրամ գումար են աշխատել քաղաքացու վրա դնելով կարմիր գծերի հարկ։ Դատարաններում պարտվել են, բայց շարունակում են։ Էն անգամ կարդացի՝ հիվանդանոցի մոտ տեսանկարահանող սարք են դրել ու իր առողջության համար հիվանդանոց գնացող-եկողներին ամեն օր շուրջ 1,6 մլն դրամի տուգանում են։ Սա հենց տեռոր է, ժողովուրդ ջան։ Մենակ ԴԱՀԿ-ի բռնագանձումները 11 տոկոսով աճել են նախորդ տարվա համեմատ, նախորդ տարի ավելացել են երկու տարի առաջվա նկատմամբ ու այսպես շարունակ։ 64 մլրդ դրամ մեկ տարում բռնագանձել են ժողովրդից։ Չեն բռնագանձել ՔՊ-ականների պարգևավճարները, չեն բռնագանձել բյուջեի հաշվին երրորդ, չորրորդ տունը, բռնագանձել են ժողովրդից։ Մենակ 6 մլրդ դրամ վարորդներից են բռնագանձել։ Կառավարությունը վերածել են մի հսկա վակուումային ապարատի, որը քաշում է մարդկանց վերջին կոպեկները։

2021 թվականից սկսած՝ անշարժ գույքի հարկը կլտրուկ թանկացել է, իսկ 2026 թվականին հասել է բարձրակետին։ Նիկոլն ասում է՝ միայն պետք է ուրախանաք, որովհետև դա նշանակում է՝ ձեր տան գինը բարձրացել է։ Չեք կարողանում վճարել՝ տները ծախսեք օր-օրի հարստացող ՔՊ-ականներին ու տեղափոխվեք ծայրամասեր։ ՔՊ-ական նախարարը ասում է՝ ես էս 15 տարի է՝ զարմանում եմ, թե ինչու եմ ցածր գույքահարկ վճարում, արդար չէ, պետք է ոչ թե 5 հազար դրամ լինի, այլ շատ ավելի շատ։ Այ էդ տրամաբանությամբ էլ սրանց օրոք ամեն ինչ թանկացել է մեկից մինչև մի քանի անգամ։ Առաջ որ ընդդիմադիր էին, ինչ-որ չէին պահանջում թանկացնել իրենց գույքահարկը, մյուս հարկերը։ Բա հիմա ինչո՞ւ են պահանջում։ Պարզ պատճառով՝ առաջ դրանից չէին օգտվում, իրենց գրպանը չէր գնում, պարգևավճար չէին ստանում։ Բա պետք է ամեն ինչ թանկանա, որ իրենք պարգևատրվեն։ Բա հաջորդ կիսամյակին 4,6 մլրդ դրամ պարգևատրում է նախատեսված, հլը էնքա՜ն բան կա թանկանալու։ Այսինքն, ըստ ՔՊ-ի, սխալ էր, որ երկրորդ նախագահի օրոք 10 տարի բացարձակ գնային կայունություն է եղել։

Մի միայնակ տատիկ, որ անընդհատ վատանում է ու շտապօգնություն կանչում, դժգոհում էր․ հիմա 8 կանչից ավելը վճարովի է, 10 հազար դրամ արժե, ասում էր իմ 47 հազար թոշակով ես ո՞նց կանչեմ շտապօգնություն, ոնցոր ասեն՝ հիվանդ ես՝ մեռի։ Կառավարությունը հանկարծակի վատացող մարդու վրա անգամ ուզում է փող աշխատել: Էն անգամ ուրախացել էին, թե՝ շաբաթը մի 1000 հոգու տուգանում են Երևանում անտոմս երթևեկելու համար։ Մարդը 150 դրամ չունի, որ տոմսի փող տա, որովհետև մեր երկրում բազմահազար աղքատներ կան ու հազարավոր ծայրահեղ աղքատներ, ու 150 դրամ չունեցողին Ավինյանը տուգանում է մինչև 15 հազար դրամով։

Քաղաքացիների մոտ ընդունված է, չէ՞ ասել, որ սովորաբար առաջին անգամը կտրում են վարորդական քննությունից, որ ամեն անգամ փող մուծեն։ Սրանք համակարգը բարեփոխելու փոխարեն որոշեցին պարզապես փող աշխատել քաղաքացու վրա։ Բերեցին հերթեր ստեղծեցին էդ համակարգում ու հիմա ասում են՝ հերթդ առաջ գցելու համար փող տուր։ Այսինքն՝ հա՛մ կտրում են ու հավելյալ փող աշխատում, հետո ասում են՝ եթե կտրվել ես, բայց ուզում ես հաջորդը հանձնել ոչ թե 6 ամիս հետո, այլ հենց վաղը, մի 45 հազար դրամ էլ էդտեղ տուր, էլի կտրվի։ Մարդամեկը կասեր՝ փող տուր՝ կտրվի, փող տուր՝ կտրվի, փող տուր՝ կտրվի, կտրվի՝ փող տուր։

Մեր երկրում բազմաթիվ արոտավայրեր մնացել են էդպես, մարդիկ սկսել են քիչ պահել անասուն, գլխաքանակը կրճատվել է, ու իշխանությունը փոխանակ խրախուսի, հակառակն է անում։ Էն անգամ բողոքի ակցիա էին անում Շիրակում անասնապահությամբ զբաղվողները․ ասում էին տարածք են վարձել պետությունից, որ անասուն պահեն, 10 անգամ աթանկացրել են վճարները։

Միկրոբիզնեսում գործատուների եկամտահարկն աճել է։ Ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը ավելացել է, շինթույլտվությունների տեղական տուրքերը բարձրացել են մինչև 10 անգամ։ ԱՊՊԱ-ն այնքան է թանկանում ու այնքան շատ, որ չես կարող ասել վերջին թանկացումը երեկ է  եղել, թե այսօր։ Ազգային ժողովի գրեթե բոլոր նիստերում հավանության են արժանանում օրենսդրական փոփոխություններ, որով ավելացնում են քաղաքացու, բիզնեսի վրա հարկերը, տուրքերն ու տուգանքները։ Երբ այդ բոլորին գումարում ես ամենօրյա գնաճը, ստացվում է, որ մարդկանց ապրելու շանս ուղղակի ՔՊ-ն չի թողնում։

Կարճ ասած՝ իսկ հիմա ամենակարևոր հարցը. ի՞նչ են անում այս բոլոր հավաքած, մարդկանցից քերած ու բռնագանձած գումարները, գնաճի արդյունքում հավաքած միլիարդները։ Արդյո՞ք այդ գումարները մեր երկրին են ծառայում, Հայաստանի զարգացմանը, պետականության ու ինքնիշխանության ամրապնդմանը։ Այս գումարները կառավարությունը մսխում է պարգևավճարների, փառատոնների, թանկարժեք գնումների, մեկ անձից ու գործարար դարձած ՔՊ-ականներից թանկարժեք գնումներ, երկրին ոչինչ չտվող գործուղումների, ինչ-որ համերգների, իրենց ավտոշարասյուների վառելիքների, ՔՊ-ականներով լցված պետապարատը պահելու և նման բաների վրա։ Երևի ճիշտ կլիներ Նիկոլը սահմաներ իրենց ուտելու հարկ, ասենք անունը դներ կուկուռուզի հարկ, իմանայիր, որ դա տալիս ես զուտ ՔՊ-ի փորին, մյուս հարկերը գնում են երկրին։ Ոչ թե այսպես ամեն ինչ ծախսում են իրենց վրա ու նաև ժողովրդի հաշվին կուտակում պարտքեր։

Մեր իշխանության ամբողջ գործունեսությունը ոչ թե քաղաքացու բարեկեցությանն է միտցված, այլ քաղաքացու հաշվին ապրելու, քաղաքացուն թալանելու, որից երբեք չեն կշտանում։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. Վահե Դավթյան

Քաղաքագետ Վահե Դավթյանը գրել է.«Մայիսի վերջին Աստանայում նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների նիստը, որի ընթացքում, ըստ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը։ Կարող է սկսվել մի գործընթաց, որի գինը Հայաստանի համար...

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Հնարավորություն ունենք վերականգնելու Իրանի և ԱՄՆ-ի միջև 47 տարի գոյություն ունեցող հարաբերությունները․ Վենս

Իրանը շատ բարդ երկիր է, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ եթե Իրանը ձեռք բերի միջուկային զենք, շատ այլ երկրներ կցանկանան ձեռք բերել իրենց սեփականը։ «Իրանը կլինի միջուկային սպառազինությունների նոր մրցավազքի առաջին նշանը։ Կարծում եմ՝ մենք...

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Հրդեհ՝ Մասիսում. երկու զոհ կա

Մայիսի 19-ին, ժամը 20։25-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։...

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

Եթե Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին. Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, սյունեցիներին էլ բաժին կընկնի նույն ճակատագիրը, ինչ՝ արցախցիներին։ «2018 թվականին, երբ Փաշինյանն այցելել էր Արցախ, մի մարդ՝ միամիտ հայ, մտածելով, թե լավ մտքով...

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Վլադիմիր Պուտինը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինում։ Պուտինին Պեկինի օդանավակայանում դիմավորել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին։ Այցը համընկնում է երկու երկրների միջև բարեկամության...