Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու կանխամտածված ոչնչացումը պատերազմական հանցագործություն է. Monument Watch

29 Ապրիլի, 2026

Monument Watch-ը ահազանգում է․ «2026 թվականի ապրիլի 21-ին պարզ դարձավ, որ հիմնահատակ ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը, որն Արցախի հոգևոր և ճարտարապետական կարևորագույն խորհրդանիշներից մեկն էր և  գտնվում էր  Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի կենտրոնական, բարձրադիր՝ Նելսոն Ստեփանյան փողոցի  վերնամասում (նկ. 1): Եկեղեցու արտաքին տեսքը և հատակագիծը Զվարթնոցի և Հռիփսիմեի տաճարների համադրությունն էր (նկ․ 1, 2)։

Ընդգծենք, որ տաճարի վնասման  և վանդալիզմի դեպքերն «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» թիմի կողմից արձանագրվել էին դեռևս սույն թվականի ապրիլի սկզբին, երբ արձանագրել էր, որ ջարդված են տաճարի պատուհաններից երկուսը (https://monumentwatch.org/hy/alerts/արցախում-շարունակվում-է-մշակութային/)։

Տաճարի հիմնահատակ ոչնչացման փաստը հաստատվել էր նաև մեր գործընկեր՝  «Կովկասի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի կողմից իրականացված արբանյակային լուսանկարների միջոցով (նկ․ 3, 4)։

Ավելի ուշ Սիմոն Մաղաքյան-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ Planet Labs ընկերության տրամադրած արբանյակային լուսանկարները կրկին վկայում են Ստեփանակերտ քաղաքի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի և Սուրբ Հակոբ եկեղեցու ամբողջական ավերման մասին (https://www.facebook.com/share/p/18NHC2Uzzp/)։

Եկեղեցու ճարտարապետը Գագիկ Երանոսյանն էր, որին հաջողվել էր տաճարի հատակագծային և ծավալատարածական հորինվածքի միջոցով դասական շինարարական արվեստը համադրել կառուցման ժամանակակից տեխնոլոգիաների հետ (մանրամասն տե՛ս Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը)։

Նշենք, որ Ստեփանակերտ քաղաքի գլխավոր տաճարի հիմնակերքը կատարվել է 2006 թվականին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռամբ: Մայր տաճարը պաշտոնապես օծվել է 2019 թվականի ապրիլի 7-ին (https://www.youtube.com/watch?v=_AK9_2NVbmM)։

Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ոչնչացումը հերթական անգամ ներկայացումն  է այն հայատյաց հետևողական քաղաքականության, որ իրականացնում է Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության և ընդհանրապես տարածաշրջանում հայկական հետքի վերացման ուղղությամբ։

Մեր արձագանքը

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու կանխամտածված ոչնչացումը որակվում է պատերազմական հանցագործություն՝ համաձայն Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ կետի «b» (ix) կամ «e» (iv) ենթակետերի, և կարող է հավասարվել մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործության (Հոդված 7, կետ 1, «h») https://www.icc-cpi.int/sites/default/files/2024-05/Rome-Statute-eng.pdf ։

Եկեղեցու ոչնչացումը 1954թ. Հաագայի կոնվենցիայի «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիա) 4-րդ հոդվածի  և 1954 թ. Հաագայի կոնվենցիային կից 1999թ. Երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի կոպիտ խախտում է https://www.unesco.org/en/heritage-armed-conflicts/1954-convention ։

Եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ-ի Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում է (UN International Court of Justice, Order on Provisional Measures, Armenia v. Azerbaijan, https://www.icj-cij.org/node/106095)։ Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների դեմ։ Դատարանն այս գործողությունները կապել է 1965 թ. «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հետ՝ համարելով դրանք պետական մակարդակով խրախուսվող հայատյացության քաղաքականություն։

Ստեփանակերտի եկեղեցու կանխամտածված ոչնչացման գործողությունը հանդիսանում է Եվրոպական խորհրդարանի 2022 թ. մարտի 10-ի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» (N 2582) բանաձևի խախտում (European Parliament  Resolution on the destruction of cultural heritage in Nagorno-Karabakh, 2022/2582(RSP), 2022.)։ Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին բացառել ցանկացած միջամտություն և պահպանել ժառանգության իսկության սկզբունքը։

Եկեղեցու քանդումը հակասում է Եվրոպական խորհրդարանի կողմից մշակված մշակութային գլոբալ քաղաքականության ռազմավարությանը (European Parliament, Implementation of the European agenda for culture and of the EU strategy for international cultural relations, European Implementation Assessment, https://www.europarl.europa.eu/RegData/etudes/STUD/2022/734663/EPRS_STU(2022)734663_EN.pdf)։ Այս զեկույցը կարևորում է ԼՂ մշակութային արժեքների պաշտպանությունը՝ որպես եվրոպական մշակութային օրակարգի հրատապ հարց։

Այս ցանկը կարելի է երկար շարունակել:

Միջազգային սովորութային իրավունքը, որի հիմքը նաև ոլորտի գլխավոր՝ Հաագայի 1954 թ. և Ժնևի 1949 թ. կոնվենցիաներն ու արձանագրություններն են, ժառանգության հարգման իրավունքն ազատում են տարածքային պատկանելության և ազգային պետության հռչակման հանգամանքներից՝ ժառանգության անձեռնմխելիության կանոնն ամրագրելով որպես ժողովրդի ինքնորոշման իրավունքից բխող ֆունդամենտալ իրավունք։ Այսինքն՝ միջազգային սովորութային իրավունքը թույլ է տալիս պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության անձեռնմխելիության կանոնը պարտադիր դարձնել նաև կոնվենցիային չանդամակցող պետությունների համար։ Արցախի մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունը միջազգային կանոնակարգերով ունի պաշտպանության լիարժեք իրավունք և բոլոր երաշխիքները, որոնք պարտադիր են բոլոր պետությունների՝ ներառյալ Ադրբեջանի համար։

Արցախի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կողմից որպես անկախ պետություն ճանաչված չլինելու և հետևաբար ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ոլորտի այլ կոնվենցիաներին  կողմ չհանդիսանալու փաստը պատնեշ չէ ժառանգության պաշտպանությանը, նախ որովհետև հակամարտության ընթացքում և տարածքների բռնազավթման արդյուքնում Ադրբեջանը կողմ լինելով Հաագայի և ժնևի կոնվենցիաներին և լրացուցիչ արձանագրություններին  պարտավորվում է չվնասել, չթիրախավորել, հաշվեհարդարի առարկա չդարձնել թե՛ իր և թե՛ այլ պետության տարածքի, կամ այլ խմբին պատկանող մշակութային ժառանգությունը։ Երկրորդ՝ համանման իրավիճակներում՝ ներառյալ Արցախի դեպքում գործում են միջազգային  սովորութային նորմերը և Միջազգային հումանիտար իրավունքը, որոնք կարող են ժառանգությունը պաշտպանել առանց նախապայմանների»։

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...