Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

2 Հուլիսի, 2025

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մեջ մեղադրվող ՀՀ նախկին նախագահի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ս.-ն, 2000-2018 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, այնուհետև՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, օրենքով սահմանված արգելքին հակառակ, վստահված անձանց միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ հիմնադրելու և առևտրային կազմակերպությունների կառավարմանը մասնակցելու նպատակով օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է, որպեսզի օտարերկրյա ներդրումներով ՀՀ կարիքների բավարարման համար Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Մ. Բ.-ն և վերջինիս պատկանող կազմակերպությունները:

Ծրագրվածն իրագործելու նպատակով Ս. Ս.-ի վստահված անձ Մ. Բ.-ի մասնակցությամբ գործող ընկերությունը, Կիպրոսի Հանրապետությունում գրանցված ռուսական երկու ընկերությունների հետ համատեղ 2006 թ. փետրվարի 20-ին հիմնադրել են նոր ընկերություն: Ս. Ս.-ն, Մ. Բ.-ի միջոցով մասնակցելով նշված ընկերության հիմնադրմանն ու կառավարմանը, հանձնարարել է այդ ընկերության 50 տոկոս բաժնեմասը ձևակերպել Մ. Բ.-ին պատկանող ընկերության անվամբ, իսկ մյուս 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ գրանցվել է ռուսական երկու ընկերությունների սեփականության իրավունքը:

Այնուհետև Ս. Ս.-ն Մ. Բ.-ից պահանջել է հիմնադրված նոր ընկերության՝ վերջինիս պատկանող բաժնեմասի 22,5 տոկոսը որպես կաշառք փոխանցել իր եղբորորդու և ՀՀ երկրորդ նախագահի որդու կողմից հիմնադրված ընկերությանը: Կատարելով Ս. Ս.-ի պահանջները՝ 2008 թ. մարտի 14-ին Մ. Բ.-ն իր ընկերության բաժնեմասի նշված մասը ձևական գործարքի միջոցով վաճառել է հիշյալ անձանց ընկերությանը, ինչպես նաև նոր հիմնադրված ընկերությունում կատարել է ներդրում:

2013 թ. վերը նշված նոր հիմնադրված ընկերության գործունեության ձախողման պատճառով օտարերկրյա ներդրող կազմակերպությունները նպատակադրվել են վաճառել նշված ընկերությունում իրենց բաժնեմասերը, ինչով պայմանավորված՝ Ս. Ս.-ն, փաստացի կառավարելով նշված գործընթացը, հանձնարարել է Մ. Բ.-ին դիմել ՀՀ-ում գործող, իր մտերիմին պատկանող բանկային կազմակերպությանը՝ 14.000.000 ԱՄՆ դոլար վարկ ստանալու համար և վերադարձնել ռուսական երկու ընկերությունների կատարած ներդրումները, ինչը վերջինս կատարել է:

Դրանից հետո Ս. Ս.-ն Մ. Բ.-ի հետ նպատակադրվել է վաճառել վերջինիս պատկանող կազմակերպությունների, այդ թվում՝ նոր հիմնադրված ըկերության ակտիվները: Միևնույն ժամանակ Ս. Ս.-ն որոշել է նշված գործարքը ծառայեցնել իր դստեր ամուսնու և նրա հետ փոխկապակցված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից ծավալվող գործունեությանը նպաստելուն: Արդյունքում Մ. Բ.-ն հիմնադրել է նոր ընկերություն, որին փոխանցվել են մյուս ընկերությունների ակտիվները, այդ թվում՝ Երևանում և մարզերում գտնվող 23 բենզալցակայանները, նավթամթերքի բազան և Արարատի մարզի Սուրենավան համայնքում գտնվող՝ բիտում արտադրող գործարանը:

2015 թ. օգոստոսի 22-ին Ս. Ս.-ի դստեր ամուսու հետ փոխկապակցված ընկերությունը 40.000.000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Մ. Բ.-ի հիմնադրած նոր ընկերության 100 տոկոս բաժնեմասը, ինչով պայմանավորված՝ հնարավորություն է ստացել ՀՀ բենզինային վառելիք ներկրելու մենաշնորհ ստանալ:

Դրանից հետո Ս. Ս.-ն Մ. Բ.-ից պահանջել է իր եղբորորդու և ՀՀ երկրորդ նախագահի որդու ընկերությանը նախկինում որպես կաշառք ձևական գործարքով փոխանցված 22,5 տոկոս բաժնեմասի դիմաց ՀՀ երկրորդ նախագահի որդուն տալ առանձնապես խոշոր չափերով՝ 6.000.000 ԱՄՆ դոլար, որից հետո Մ. Բ.-ն վերջինիս նախաձեռնությամբ իրեն ներկայացված կեղծ փոխառության պայմանագրի հիման վրա նրա ընկերությանն է փոխանցել նշված առանձնապես խոշոր չափերով գումարը:

Նախաքննության ընթացքում Ս. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և օրենքով սահմանված արգելքին հակառակ՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Նմանատիպ նյութեր

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը

Օգոստոսի 14-ին ՀԱՊԿ միավորված շտաբի բազայում տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցություններ՝ նվիրված 2027 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի...

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

Օգոստոսի 19-ին՝ հոգևորականների գործով հերթական դատական նիստը

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը տեղեկացնում է․ «Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա...

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և բոլոր քաղբանտարկյալների Նույն օրը լրանում է Արեգնազ Մանուկյանի...

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Բարսելոնա– Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան

Օգոստոսի 17-ին նախատեսված Բարսելոնա-Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան։ Ուղևորներից մեկը Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝  հայտնել է, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա...

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Վեհափառը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Վեհափառ Հայրապետն իր...