ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից. «Ժողովուրդ»

22 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչև նոյեմբերի 15-ը Սահմանադրական դատարանում պետք է կրկին նախագահի ընտրություն անցկացվի։ Սակայն հոկտեմբերի 14-ին տապալված ընտրություններից հետո ՍԴ-ում նոր զարգացումներ են սպասվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ նախկինում առաջադրված երկու թեկնածուներից մեկը հերթական ընտրությանը հրաժարվի իր թեկնածությունն առաջադրելուց։

Միաժամանակ, ըստ մեր տեղեկությունների, ՍԴ դատավորները ներքին քննարկումների ընթացքում չեն բացառել նաև մեկ այլ սցենար․ նախկինում առաջադրված երկու թեկնածուներին՝ ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանին և նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին, կարող է միանալ երրորդ թեկնածուն։ Այս դեպքում Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար պայքարը կծավալվի արդեն երեք թեկնածուների միջև։ Փաստացի, ՍԴ-ում դեռևս միասնական պատկերացում չկա, թե ինչ զարգացումներ կունենա նախագահի հերթական ընտրությունը։

Սակայն սա դեռ ամենը չէ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 14-ին չկայացած ընտրություններից հետո ՍԴ դատավորները հանդիպել և միմյանց հասկացրել են, որ քվեարկության արդյունքներից անձնական վիրավորանքներ կամ նեղացածություն չկա, և անկախ ընտրական գործընթացի ելքից՝ պետք է շարունակեն համատեղ աշխատանքը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին կայացած աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ փուլում։ Առաջադրված էին երկու թեկնածուներ՝ նախկին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը, որն այս պահին իրականացնում է նաև ՍԴ նախագահի լիազորությունները։

Սահմանված կարգի համաձայն՝ երկու կամ ավելի թեկնածուների առաջադրման դեպքում ՍԴ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն, իսկ մեկ թեկնածուի դեպքում՝ 5։ Շուրջ հինգ ժամ տևած նիստում, սակայն, թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ապահովել անհրաժեշտ ձայները։ Թե նրանցից յուրաքանչյուրը քանի ձայն է ստացել, ՍԴ-ն չի հրապարակում՝ հղում անելով քվեարկության գաղտնիությանը։

ՍԴ աշխատակարգի համաձայն՝ նախագահի չընտրվելու դեպքում նոր ընտրությունն անցկացվում է երկրորդ փուլի քվեարկությունից հետո՝ ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր անց։ Հիմա, երբ առաջադրվի 3 թեկնածու, ավելի քիչ թվով ձայներ պետք կլինեն ՍԴ նախագահ ընտրելու համար։

Նշենք, որ ՍԴ նախկին նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը լրացել է հոկտեմբերի 12-ին։ Նա ևս չորս տարի կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, սակայն այլևս չի կարող հավակնել նախագահի պաշտոնին։

Այսպիսով, Սահմանադրական դատարանի գործող կազմից, բացի Արման Դիլանյանից, մյուս բոլոր դատավորները նախագահի պոտենցիալ թեկնածուներ են։ Հետևաբար, առաջիկա ընտրությունը կարող է ընթանալ բոլորովին այլ սցենարով՝ թեկնածուներից մեկի հրաժարումից մինչև նոր հավակնորդի առաջադրում։

Իսկ թե ՍԴ դատավորները կկարողանա՞ն այս անգամ համաձայնության գալ նախագահի հարցում, թե՞ հերթական քվեարկությունը ևս անարդյունք կավարտվի, պարզ կդառնա առաջիկա շաբաթներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...