Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում նախագահի ընտրությունն արդյունք չտվեց։ Պաշտոնին հավակնող Վլադիմիր Վարդանյանն ու Էդգար Շաթիրյանը չհավաքեցին անհրաժեշտ ձայները։
Երկու թեկնածուների կենսագրություններում ուշագրավ են ոչ միայն նրանց կապերը Նիկոլ Փաշինյանի իշխանության հետ, այլև նախկին իշխանությունների օրոք զբաղեցրած պաշտոններն ու հատկապես 2020 թվականին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված իրադարձությունների ընթացքում նրանց դիրքորոշումները։
Վլադիմիր Վարդանյան․ Հրայր Թովմասյանի աշխատակազմի ղեկավարից՝ ՔՊ պատգամավոր, ապա ՍԴ դատավոր
Վլադիմիր Վարդանյանի մասնագիտական ճանապարհը երկար տարիներ կապված է եղել Սահմանադրական դատարանի հետ։ 2003 թվականից աշխատել է ՍԴ աշխատակազմում՝ տարբեր պաշտոններ զբաղեցնելով Գագիկ Հարությունյանի նախագահության տարիներին։
2018 թվականի ապրիլին, արդեն Հրայր Թովմասյանի նախագահության օրոք, Վարդանյանը նշանակվել է ՍԴ աշխատակազմի ղեկավար։
Սակայն նույն տարվա վերջին նա տեղափոխվեց քաղաքական դաշտ՝ պատգամավոր ընտրվելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։ Հետագայում դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և շուրջ յոթ տարի ղեկավարել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։
Ուշագրավ է Վարդանյանի դերակատարումը 2020 թվականին, երբ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել էր փոխել Սահմանադրական դատարանի կազմը և դադարեցնել Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի լիազորությունները։
2020 թվականի փետրվարի 10-ին Վարդանյանը հայտարարում էր, որ Սահմանադրության 213-րդ հոդվածը չի կարող փոփոխվել խորհրդարանի կողմից։ Ավելին, նա զգուշացնում էր, որ առանց հանրաքվեի այլ ճանապարհով գնալու դեպքում «մենք այստեղ իրոք կչարաշահեինք մեր լիազորությունները»։
Սակայն ընդամենը չորս ամիս անց՝ հունիսի 22-ին, հենց Վարդանյանի նախագահած ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Սահմանադրության 213-րդ հոդվածը խորհրդարանի միջոցով փոփոխելու՝ իշխող ուժի նախագծին։
Փոփոխություններն ընդունվեցին նույն օրը, ինչի արդյունքում դադարեցին ՍԴ երեք դատավորների, ինչպես նաև Հրայր Թովմասյանի՝ դատարանի նախագահի լիազորությունները։
Այսպիսով, այն ճանապարհը, որի վերաբերյալ Վարդանյանը փետրվարին զգուշացնում էր լիազորությունների հնարավոր չարաշահման մասին, հունիսին դարձավ իշխանության իրականացրած սահմանադրական փոփոխությունների ճանապարհը։
2026 թվականի մարտի 13-ին՝ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվելու օրը, Վարդանյանը հայտարարեց ՔՊ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին։ Ընդամենը 12 օր անց Ազգային ժողովը նրան ընտրեց ՍԴ դատավոր՝ 67 կողմ և 0 դեմ ձայնով։ Խորհրդարանական ընդդիմությունը քվեարկությանը չէր մասնակցել։
Նշանակումը քննադատեցին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ՝ մտահոգություն հայտնելով երկարամյա կուսակցական գործունեությունից անմիջապես հետո ՍԴ դատավոր դառնալու կապակցությամբ։ Վարդանյանն իր հերթին հավաստիացնում էր, որ լինելու է անկախ և անաչառ։
Հատկանշական է նաև, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ գործով ՍԴ-ն օրենքով սահմանված հիմքով անհնար ճանաչեց Վարդանյանի մասնակցությունը քննությանը։ Գործով որպես երրորդ անձ ներգրավված էր նաև նրա նախկին կուսակցությունը՝ ՔՊ-ն։
Էդգար Շաթիրյան․ Քոչարյանի և Սարգսյանի իշխանություններից մինչև Փաշինյանի կառավարություն
Էդգար Շաթիրյանի պաշտոնեական կենսագրությունը սկսվել է դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին։
2002-2005 թվականներին աշխատել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունում։ 2007 թվականին եղել է Սահմանադրական դատարանի խորհրդական, երկար տարիներ դասավանդել ԵՊՀ-ում։
2015 թվականին Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, իսկ 2016 թվականին նախագահի կարգադրությամբ ընդգրկվել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտի բարեփոխումների աշխատանքային խմբում։
Իշխանափոխությունից հետո Շաթիրյանի պաշտոնեական գործունեությունը շարունակվել է։
2019 թվականին Փաշինյանի իշխանության «Իմ քայլը» խմբակցությունը նրան առաջադրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։
Սակայն հանձնաժողովի նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ի առաջադրած Հայկուհի Հարությունյանը։ Դրանից հետո Շաթիրյանը հրաժարական ներկայացրեց՝ իր քայլը բացատրելով գործընկերների կողմից իր նկատմամբ անվստահությամբ։
Ուշագրավ է նաև Շաթիրյանի դիրքորոշումը 2020 թվականին՝ Սահմանադրական դատարանի շուրջ իշխանության նախաձեռնած փոփոխությունների ընթացքում։
Երբ իշխանությունը սահմանադրական փոփոխություններով նախաձեռնել էր Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և երեք դատավորների լիազորությունների դադարեցումը, Շաթիրյանը հրապարակայնորեն պաշտպանում էր փոփոխությունների անհրաժեշտությունը։
Անդրադառնալով այդ փոփոխություններին ընդդիմացող ՍԴ դատավորների հայտարարություններին՝ նա նշել էր. «Մի բան է օգտվել պաշտպանության միջոցներից, այլ բան՝ սպառնալիքի տարրեր պարունակող հայտարարություններ անել»։
Նա նաև պնդում էր, որ սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո դրանց պահանջները չկատարելը չի կարող մնալ անհետևանք։ Մինչդեռ փոփոխությունների իրավաչափությունը վիճարկում էին ընդդիմադիր ուժերն ու մի շարք իրավաբաններ։
Հատկանշական է, որ այս հայտարարություններից ընդամենը երկու ամիս անց՝ 2020 թվականի օգոստոսին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Շաթիրյանի թեկնածությունն առաջադրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։
Սեպտեմբերին նա ընտրվեց ՍԴ դատավոր, իսկ 2025 թվականի դեկտեմբերին՝ դատարանի փոխնախագահ։
2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Շաթիրյանը եղել է ՍԴ զեկուցող դատավորը։
Արման Դիլանյանի նախագահության ժամկետի ավարտից հետո հենց Շաթիրյանն է ժամանակավորապես իրականացնում ՍԴ նախագահի լիազորությունները։
Երկու հավակնորդ՝ իշխանության հետ կապերի տարբեր պատմություններով
Վարդանյանն ու Շաթիրյանը Սահմանադրական դատարան են հասել տարբեր ճանապարհներով։
Վարդանյանը նախկինում աշխատել է Գագիկ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի ղեկավարած դատարանում, այնուհետև դարձել ՔՊ պատգամավոր՝ մասնակցելով հենց ՍԴ կազմը փոխելուն ուղղված իշխանության նախաձեռնությունների խորհրդարանական քննարկմանը։
Շաթիրյանը պաշտոններ է զբաղեցրել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, իսկ իշխանափոխությունից հետո երկու անգամ պաշտոնի է առաջադրվել Փաշինյանի իշխանության կողմից։ Նա նաև հրապարակայնորեն պաշտպանել է ՍԴ-ի շուրջ 2020 թվականին իրականացված փոփոխությունները։
Այս փաստերն ինքնին չեն ապացուցում թեկնածուների քաղաքական կախվածությունը, սակայն կարևոր հանգամանքներ են Սահմանադրական դատարանի անկախության շուրջ քննարկումների տեսանկյունից։
Հոկտեմբերի 14-ի քվեարկությամբ նախագահ չընտրվեց։ Թե ում կվստահվի երկրի սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմնի ղեկավարումը առաջիկա վեց տարիներին, դեռ որոշված չէ։






