Փաշինյանի օրոք միայն դրոշներ են վառում, տրորում, կամ մեր հերոս տղաների մարմիններն են բերում՝ դրոշների մեջ փաթաթած. Ծառուկյան

18 Մայիսի, 2026

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերթական անգամ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին՝ նշելով, որ չի պատրաստվում ներքաշվել վիրավորանքների և սպառնալիքների քաղաքականության մեջ։ Այս մասին ԲՀԿ առաջնորդը հայտարարել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի վերջին կոշտ և սուր հայտարարությունները ընդդիմության առաջնորդների հասցեին։

Լրագրողը հիշեցրել է, որ վարչապետը շարունակում է սպառնալից և ագրեսիվ հռետորաբանություն կիրառել ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ, և հետաքրքրվել է՝ արդյոք Ծառուկյանը հետևում է այդ հայտարարություններին և ինչպիսի՞ վերաբերմունք ունի դրանց նկատմամբ։

Ի պատասխան՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ իր դիրքորոշումը չի փոխվել և ինքը չի պատրաստվում իջնել նույն մակարդակին։

«Ես ոնց ասել եմ երկու օր առաջ, նոր էլ մի ժամ առաջ ասեցի՝ ես իմ կլասը չեմ գցելու։ Այսօր ժողովրդի գնահատականը ցանկացած մարդու նկատմամբ պետք է տրվի իր արած գործով։ Մարդուն պետք է գնահատեն իր կատարած աշխատանքով»,- հայտարարել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ հասարակությունն այսօր պետք է հստակ հարց տա գործող իշխանություններին՝ հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ութ տարվա ընթացքում ինչ արդյունքներ են արձանագրվել երկրի համար։

«Մեր վարչապետը ութ տարվա ընթացքում ի՞նչ է արել։ Թող ասի՝ ինչ է արել։ Ես կարող եմ ասել՝ ես ինչ եմ արել»,- ընդգծել է ԲՀԿ առաջնորդը։

Նա մանրամասն ներկայացրել է իր գործունեությունը սպորտի ոլորտում՝ նշելով, որ դեռևս 2005 թվականից անձնական միջոցներով աջակցել և զարգացրել է հայկական սպորտը։

«2005 թվականից ես վերցրել եմ սպորտի ոլորտը, գումարներ եմ ներդրել, ծախսել եմ։ Օլիմպիական կոմիտեն բյուջե չուներ։ Ես իմ անձնական միջոցներն եմ դրել, զարգացրել եմ ոլորտը, դպրոցներ եմ կառուցել, թոշակներ եմ նշանակել, մարզիկներ եմ բերել ու հետ եմ վերադարձրել»,- ասել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ այդ աշխատանքի արդյունքները տարիներ շարունակ տեսանելի են եղել միջազգային ասպարեզում։

«Այսօր Հայաստանը տարեկան ունենում է 800-ից 1000 մեդալ Եվրոպայի, Աշխարհի առաջնություններից և Օլիմպիական խաղերից, որոնցից 25 տոկոսը ոսկե մեդալներ են։ Դա մեր ազգին ճանաչում է տալիս, մեր դրոշն է բարձրացնում, մեր հիմնը հնչեցնում»,- նշել է ԲՀԿ առաջնորդը։

Գագիկ Ծառուկյանը հիշեցրել է նաև 2015 թվականին Բաքվում անցկացված առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը՝ ընդգծելով, որ հենց իր նախաձեռնությամբ և պատասխանատվությամբ է կազմակերպվել հայկական մարզիկների մասնակցությունը, չնայած պատերազմի և անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններին։

«2015 թվականին աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկին եկել էին ինձ մոտ և դիմել էին, քանի որ ես օլիմպիական ընտանիքի անդամ եմ, որ կազմակերպենք Հայաստանի մասնակցությունը Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերին։ Այդ ժամանակ պատերազմ էր»,- պատմել է նա։

Ծառուկյանի խոսքով՝ ինքը սկզբում հրաժարվել է՝ մտավախություն ունենալով մարզիկների անվտանգության համար։

«Ես ասեցի՝ ինչ երեխա ուղարկեմ, դրանք իմ երեխաներն են։ Եթե դուք երաշխիք եք տալիս, որ նրանց մազը չի ծռվելու, միայն այդ դեպքում։ Թոմաս Բախը պաշտոնական թուղթ գրեց, ստորագրեց և ասաց՝ ես երաշխավորում եմ, որ ոչ մի խնդիր չի լինելու»,- նշել է ԲՀԿ առաջնորդը։

Նրա խոսքով՝ արդյունքում հայկական պատվիրակությունը մասնակցել է խաղերին, իսկ Հայաստանը կարողացել է բարձր պահել իր հեղինակությունը նույնիսկ Բաքվում։

«Իմ կազմակերպելով մեր սպորտսմենները գնացին Բաքու պատերազմի ժամանակ և մասնակցեցին խաղերին։ 2015 թվականին հայկական դրոշը բարձրացավ Բաքվի կենտրոնում»,- ասել է նա։

Ծառուկյանը հատուկ անդրադարձել է նաև ըմբիշ Միրան Հարությունյանի հաղթանակին՝ նշելով, որ դա բացառիկ նշանակություն ուներ ազգային արժանապատվության տեսանկյունից։

«Միրան Հարությունյանը կարողացավ հաղթել Ադրբեջանի ներկայացուցչին՝ աշխարհի չեմպիոն Ալիևին։ Այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ ամբողջ դահլիճը լարված էր, բայց մեր մարզիկը կարողացավ ազգի պատիվը բարձր պահել և Բաքվում բարձրացնել հայկական դրոշը»,- հայտարարել է Ծառուկյանը։

ԲՀԿ առաջնորդը հակադրել է այդ տարիների իր գործունեությունը ներկայիս իշխանությունների քաղաքականությանը՝ ընդգծելով, որ այսօր Հայաստանը կանգնած է բոլորովին այլ իրականության առաջ։

«Պարոն Փաշինյանի օրոք միայն դրոշներ են վառում, տրորում, կամ մեր հերոս տղաների մարմիններն են բերում՝ դրոշների մեջ փաթաթած»,- ասել է նա։

Ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը հնչեցրել է նաև կոշտ քաղաքական գնահատական՝ անդրադառնալով Հայաստանի անվտանգային խնդիրներին։

«Այսօր Հայաստանի հիմնական սպառնալիքը Ալիևն ու Նիկոլ Փաշինյանն են։ Թող ինքը շատ լավ լսի ու անտեղի չներվայնանա»,- եզրափակել է ԲՀԿ առաջնորդը։

Նմանատիպ նյութեր

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա․ Բագրատ սրբազան

«Արտահերթ, թե հերթական ընտրություն՝ անհրաժեշտ է, որ այս իշխանությունը հեռանա»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հնարավոր արտահերթ ընտրություն անցկացնելու մասին հայտարարությանը։ «Այս իշխանությունը...

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայում առաջիկա օրերին կարգելվեն ցույցերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։ «Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա...

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

Հոկտեմբերի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 32-ամյա Ռոզա Մ․-ն և հայտնել, որ նույն օրը՝...

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է

Սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Ադրբեջան, գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Նշենք, որ  ԱԱԾ-ն այսօր է միայն հաստատել, որ  Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել,  նշվելով, որ ձեռնարկվում են համապատասխան...

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության հիման վրա պատրաստվել է զեկույց՝ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Փաստաթղթում...