Պայմանագրեր՝ առանց մրցույթի. Հանրային հեռուստաընկերության գնումները՝ Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամի ընկերությունից. «Հետք»

26 Նոյեմբերի, 2025

2025 թվականի հունվարի 7-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն հեռուստալսարանի ապահովման ծառայություններ ձեռք բերելու համար պայմանագիր է կնքել «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 12 մլն դրամ է։

Հանրային հեռուստաընկերությունն այս ծառայությունը ձեռք բերելու համար մրցույթ չի հայտարարել և ձեռք է բերել մեկ անձից գնման ընթացակարգով, գրում է «Հետք»-ը:

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ գնումը կարող է կատարվել մեկ անձից, եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը՝ 1 մլն դրամը։

Սա «Ինդիվիդում կաստինգ»-ի և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի միջև կնքված միակ պայմանագիրը չէ։ Համաձայն պետական գնումների armeps.am հարթակի տվյալների՝ 2020-2025 թվականներին «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 13 պայմանագիր՝ 12-ը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի, 1-ը՝ վարչապետի աշխատակազմի հետ։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 80 մլն 422 հազար դրամ է։

«Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրերից միայն չորսի գինն է մեկ մլն դրամից ցածր։ Այստեղ հարց է առաջանում՝ ինչու է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն որոշել գնումն իրականացնել մեկ անձից գնման եղանակով։

«Հետքը» գրավոր հարցում ուղարկեց Հանրային հեռուստաընկերություն մեկնաբանություն ստանալու համար։ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը հարցմանն ի պատասխան նշել է, որ համաձայն Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 33-րդ կետի հատուկ և բացառիկ իրավունքի առկայության հիմքով՝ հեռուստահաղորդումների պատրաստման ընթացքում ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը, բացառությամբ շինարարության, կարող է ձեռք բերվել մեկ անձից գնման ընթացակարգով։

Սակայն, հարց է առաջանում՝ ինչպես կարող է հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայություն լինել հեռուստալսարանի ապահովման ծառայությունների մատուցման դեպքում։

Ըստ էության, «ծափահարողների» (հանդիսատեսի) մասնակցությունն ապահովելու ծառայությունը չի ենթադրում որևէ ընկերության կամ անձի բացառիկ կամ հատուկ իրավունք:

Հեռուստալսարանի ապահովման ծառայությունը մեկ անձից ձեռք բերելու մասով մեկնաբանություն էինք խնդրել նաև Ֆինանսների նախարարությունից, քանի որ նրանք են ոլորտը համակարգող մարմինը։ Ֆիննախից մեր հարցմանն ի պատասխան նշել են, որ պատվիրատուի կողմից գնման ձևի ընտրության իրավաչափությունը գնահատելու, ինչպես նաև գնումների գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություններ նախարարությունը չունի։

Համաձայն պայմանագրի՝ «Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ն պետք է ապահովեր հանդիսատեսի ներկայություն Հանրային հեռուստաընկերության հաղորդումներում։ Մեկ անձի 8 ժամ տևողությամբ նկարահանման մասնակցությունը ապահովելու համար Հանրայինը «Ինդիվիդում կաստինգ»-ին վճարել է 2900-ից 4500 դրամ։ Գումարի այս միջակայքը կապված է հանդիսատեսի տարիքի հետ։ Մասնավորապես 18-50 տարեկան մեկ հանդիսականի համար ընկերությանը վճարվել է 4500 դրամ, իսկ 50-ից բարձր տարիքային խմբի համար՝ 2900 դրամ։ Հատուկ կերպարների ներգրավման համար ընկերությանը վճարվել է 11.150 դրամ։

Մենք նաև գրավոր հարցում ենք ուղարկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ խնդրելով նշել, թե արդյոք խնդիր չի տեսնում տարիքով պայմանավորված նույն աշխատանքը կատարող մարդկանց տարբեր գումարներ վճարելու մեջ։ ՄԻՊ-ի գրասենյակից պատասխանել են, որ իրենք մասնավոր ընկերության վերաբերյալ բողոքներ քննելու իրավասություն չունեն և մեր հարցումը վերահասցեագրել են Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին։

«Ինդիվիդում կաստինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին։ Ընկերության սեփականատերը Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանն է։

Աշոտ Սարգսյանը ավագանու անդամ  է ընտրվել նաև 2018 թվականին, «Իմ քայլը» խմբակցության ցուցակով։ Սարգսյանը 2018 թվականի օգոստոսից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2019-2020 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականի պաշտոնը, իսկ 2020-2022 թվականներին՝ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրենի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր

Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Սուրենյան

Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը. Սուրենյան

Հայաստանում վերջին օրերին հաստատված եղանակային կայուն վիճակը շուտով կփոխվի: Հարավարևմտյան տաք օդային հոսանքների ներթափանցումը կշարունակվի մինչև հուլիսի 3-ի կեսօր, ինչի հետևանքով օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով: «Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, երբ...

ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

ՀՀ Սահմանադրական Դատարանում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտը: Հիշեցնենք՝ արդեն 6-րդ օրն է, Սահմանադրական դատարանը...

Հետընտրական պարգևատրումները շարունակվում են

Հետընտրական պարգևատրումները շարունակվում են

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Պետական պահպանության ծառայության մի խումբ աշխատակիցներ   Փաշինյանի կողմից արժանացել են պարգևների: ՊՊԾ ծառայողներին տոնական օրվա առիթով  Փաշինյանը շնորհակալություն է հայտնել  մատուցած և մատուցվող...

Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն. Բաղեր

Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն. Բաղեր

Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար պատասխանատուները կպատժվեն, հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհամմադ Բաղեր Զոլղադրը։ «Մեծ Խամենեիի և Իրանի անմեղ նահատակների արյան վրեժի գործը բաց է, և այս...

Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան

Ինչո՞ւ է իշխանությունը հենց նախընտրական ժամանակաշրջանում «հիշել» ՍԴ դատավորների աշխատավարձը բարձրացնելու մասին. Միքայելյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Թե ինչպե՞ս ստացվեց, որ ընտրություններից առաջ իշխանությունը հանկարծ «հիշեց» ՍԴ դատավորների աշխատավարձերը բարձրացնելու մասին։ Իսկ Սյունիքում 869 անապահով...