ՔՊ խմբակցության նորաթուխ մանդատակիր Էդգար Առաքելյանի քաղաքական կենսագրությունը նման է բրազիլական սերիալի, որտեղ պայմանական «Գավիոտան» անդադար սիրավեպի մեջ է տարբեր տղամարդկանց հետ, երբեմն էլ՝ մի քանիսի հետ զուգահեռ: Գրում է yerkir.am-ը։
Էդգար Առաքելյանը նախկին ՕԵԿ-ական է, Արթուր Բաղդասարյանի քաղաքական թիմի անդամ, ՕԵԿ-ի մամուլի խոսնակ և Հ3 հեռուստաընկերության լրատվական-քաղաքական բաժնի տնօրեն։ Մի ժամանակ նա աշխատում էր այն քաղաքական միջավայրում, որը Նիկոլ Փաշինյանն ու նրա «Հայկական ժամանակը» կոշտ քննադատության էին ենթարկում։
2016-ին «Հայկական ժամանակը» հրապարակումներ էր անում Հ3-ի աշխատակիցների՝ ամիսներով չվճարված աշխատավարձերի մասին։ Հ3-ը հերքում էր հրապարակված տեղեկությունները և հակադարձում Փաշինյանին՝ մեղադրելով նրան քաղաքական հակամարտությունը լրատվամիջոցի դեմ օգտագործելու մեջ։ Առաքելյանն այդ ժամանակ Հ3-ի ղեկավար կազմից էր և ՕԵԿ-ի խոսնակը։ Այսինքն՝ նա այն քաղաքական-լրատվական ճամբարում էր, որի հետ Փաշինյանի թիմը հրապարակային հակամարտության մեջ էր։
Բայց 2018-ի մայիսին տեղի ունեցավ քաղաքական մեծ շրջադարձ։ Առաքելյանը քնից արթնացավ և հանկարծ հասկացավ, որ եկել է ՕԵԿ-ը լքելու ժամանակը։ Առաքելյանն իր նոր «առաքելությունը» բացատրեց այսպես՝ նոր իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ են նոր քաղաքական ուժեր և նոր մտածելակերպով մարդիկ։ Նույն թվականի աշնանը հիմնեց «Այլընտրանք» կուսակցությունը, որի կարգախոսն էր՝ «Այլընտրանք միշտ կա», նպատակն էլ մասնակցելն էր 2018 թ․ դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելն էր, որին, սակայն, չի մասնակցել։
Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ «Այլընտրանք միշտ կա» կարգախոսը կարծես իր հեղինակի համար էլ գործեց՝ քաղաքական նոր հանգամանքներին համապատասխան նոր ուղի ընտրելու իմաստով։
ՕԵԿ-ից հեռանալ, նոր կուսակցություն հիմնել, հայտարարել քաղաքական էլիտաների փոփոխության անհրաժեշտության մասին և տարիներ անց վերադառնալ ՔՊ քաղաքական ուժի ցուցակով։
Ի վերջո, ո՞րն էր Էդգար Առաքելյանի քաղաքական նախագիծը՝ ինքնուրույն այլընտրանք ստեղծե՞լը, թե՞ այնպիսի քաղաքական ուժ գտնելը, որի ցուցակով հնարավոր կլինի սողոսկել խորհրդարան։




