Մեր հարցը փակված չէ․ մեր իրավունքները վաղեմություն չունեն․ Արցախի միություն

2 Սեպտեմբերի, 2026

ԱՐՑԱԽ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակի առթիվ․

35 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի ժողովուրդը, գործադրելով ինքնորոշման իր անօտարելի իրավունքը, հռչակեց իր անկախությունը: Այս որոշումը, որին մի քանի ամիս անց հաջորդեց դեկտեմբերի 10-ի հանրաքվեն, դարձավ մեր ժողովրդի ժամանակակից պետականության ու հավաքական ինքնության հիմքը՝ երեք տասնամյակից ավելի ժամանակահատվածում ապահովելով ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու փորձառություն: Հատկանշական է, որ այդ պատմական ձեռքբերումը հնարավոր է եղել համայն հայության և Հայաստանի Հանրապետության համակողմանի ու հետևողական սատարման շնորհիվ:

Այս տարվա տարեդարձը դիմավորում ենք բացառիկ ծանր հանգամանքներում: 2020-2023 թթ. ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության ու էթնիկ զտման հետևանքով Արցախի ողջ բնակչությունը՝ շուրջ 150,000 մարդ, բռնի կերպով զրկվեց իր հայրենիքից: Երեք տարի անց մենք շարունակում ենք ապրել բռնի տեղահանության մեջ, իսկ մեր հայրենիքը մնում է ցեղասպանական բռնազավթման պայմաններում. հենց այս իրականությունն է Արցախ Միության առաքելության հիմքում՝ պաշտպանել բռնի տեղահանված Արցախի ժողովրդի հավաքական շահերը, իրավունքներն ու արժանապատվությունը, հասնել միջազգային արդարության և նպաստել մեր ժողովրդի հավաքական վերադարձին՝ ինքնորոշված, խաղաղ, արդար, արժանապատիվ ու անվտանգ կյանքի՝ նոր ցեղասպանության վտանգներից զերծ:

Այս տարեդարձը համընկնում է Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև տեղի ունեցող հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Սակայն, ցավոք, այն որևէ առնչություն չունի իրական ու արդար խաղաղության և հակամարտության կարգավորման հետ, քանի որ հակամարտության բուն զոհերն ու հիմնախնդիրները անտեսված են, և ոչ մի փաստաթղթում անդրադարձ չկա Արցախի ժողովրդի իրավունքներին, կարգավիճակին, ոճրագործությունների հետաքննությանը, հայ պատանդների ազատ արձակմանը, հայատյացության քաղաքականության վերացմանը և բազմաթիվ այլ հիմնարար հարցերին:

Այս ամենի համատեքստում խիստ դատապարտելի են ՀՀ իշխանությունների այն հայտարարություններն ու գործողությունները, թե, իբր, Արցախի հարցը փակված է, և Արցախի ժողովուրդը պետք է մոռանա իր հայրենիք վերադառնալու մասին: Այսպիսի վարքը ուղղակիորեն խրախուսում ու աջակցում է ալիևյան ցեղասպանական ռեժիմին ոչ միայն ոճրագործությունները մարսելու, այլև՝ հայ ժողովրդի և հայոց պետականության հանդեպ նորանոր ոճրագործություններ պլանավորելու ու իրականացնելու համար:

Ցավալի իրականություն են նաև Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի ինքնության պահպանման և մարդասիրական կարիքների կայուն ու արժանապատիվ ապահովման լրջագույն մարտահրավերները: Բացի դրանից, Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների հանդեպ իրականացվող բռնաճնշումները և նրանց ռեսուրսների ու կարողությունների խորը ճգնաժամը լրացուցիչ հիմնախնդիրներ են հարուցում Արցախի ժողովրդի հիմնարար ու հավաքական իրավունքների պաշտպանության ու վերականգնման պայքարի ճանապարհին: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ համայն հայության շահագրգիռ անձանց ու ինստիտուտների ջանքերով Արցախի ժողովրդին հաջողվելու է վառ պահել մեր պայքարի ջահը և հետևողական կերպով հետամուտ լինել իր իրավունքների ու շահերի պաշտպանությանը՝ մինչև մեր անվտանգ ու արժանապատիվ վերադարձը հայրենի տներ:

Անկախության հռչակումից 35 տարի անց և վերոնշյալ ծանրագույն պայմաններում Արցախ Միությունը վերահաստատում է հետևյալ առաջնահերթությունները՝

• Արցախի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ ու հավաքական վերադարձը իր հայրենիք՝ պատշաճ միջազգային երաշխիքների ներքո, ի կատարումն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ. նոյեմբերի 17-ի հրամանի.

• Բաքվում պատանդառության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մնացած բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը.

• Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային ոճրագործությունների հանդեպ պատասխանատվության ապահովումը՝ անկախ միջազգային հետաքննության միջոցով.

• Ադրբեջանում պետականորեն խրախուսվող հայատյացության քաղաքականության դադարեցումը՝ կրթական ու մշակութային քաղաքականությունների վերանայման միջոցով.

• Մայր Հայաստանում Արցախի ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցությունը և ինքնության պահպանումը՝ մինչև վերադարձի ապահովումը:

Արցախի Հանրապետության անկախության 35-ամյակը վկայում է, որ մեր ժողովրդի ինքնության և իրավունքների գիտակցությունը գոյատևել է բոլոր փորձությունների միջով: Արցախ Միությունը շարունակելու է իր հնարավորությունների սահմաններում փաստագրել իրավախախտումները, ներկայացնել գործեր միջազգային իրավական մարմիններին, պաշտպանել բռնի տեղահանվածների շահերը Հայաստանում ու արտերկրում և պահանջել, որ ոչ մի խաղաղության գործընթաց չկառուցվի Արցախի ժողովրդի բացակայության կամ լռության հաշվին:

Մեր հարցը փակված չէ: Մեր իրավունքները վաղեմություն չունեն: Մենք շարունակելու ենք պայքարել՝ մինչև արդարությունն ու վերադարձի իրավունքը դառնան իրականություն:

Արցախ Միություն

Երևան, 2026 թվականի սեպտեմբերի 2

 

Նմանատիպ նյութեր

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

Բոլոր հայ գերիների վերադարձը պետք է լինի իշխանությունների առաջնային օրակարգերից մեկը․ «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս...

Որևէ մեկի հրովարտակով կամ քաղաքական կամքով չի կարող փակվել արցախյան էջը․ Լիլիթ Գալստյան 

«Սեպտեմբերի 2-ը պիտի արժևորենք, որովհետև մեր երկարատև պատմության մեջ արժանապատիվ օրերից մեկն էր՝ Արցախի ինքնորոշման, ինքնորոշված ապրելու, արցախահայության իրավունքների և արժանապատվության պաշտպանության և պետականության գիտակցման օր էր,...

Արցախը հայկական է․ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ Արցախը հայկական է, թե՝ չէ․ Սաղաթելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին։ Այս մասին հայտնել է «Փաստինֆո»-ն։ «Այս պահին դեռևս առկա չէ որոշում՝ գործը վարույթ ընդունելու,...