«Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական»․ Լևոն Քոչարյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում

1 Հոկտեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ մեդիա բազմակարծության և անկախության մասին.

«Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է հաշվետու լինել։

Այնտեղ, որտեղ տարբեր կարծիքներ ու ձայներ ազատորեն մրցում են, սխալները բացահայտվում են, չարաշահումները՝ լուսաբանվում, իսկ քաղաքացին հնարավորություն է ստանում մի տեսակետը համադրելու մյուսի հետ և սեփական եզրակացությունն անելու։

Երբ այդ բազմազանությունը սահմանափակվում է, ընտրությունները կարող են շարունակվել, բայց աստիճանաբար կորցնել իրենց բուն իմաստը։ Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական, որովհետև նրանք այլևս չեն ստանում ամբողջական տեղեկատվություն և այլընտրանքային տեսակետներ։

Այս գործընթացը սովորաբար չի սկսվում բացահայտ գրաքննությունից։ Այն սկսվում է ավելի աննկատ ձևով՝ անհարմար հարցը չտալով, այլընտրանքային կարծիքը չհնչեցնելով, իշխանությանը անհարմար փաստը չլուսաբանելով։ Ի վերջո, քաղաքացին պարզապես չի իմանում այն, ինչի մասին իրեն չեն պատմել։

Այս հարցում առավել մեծ պատասխանատվություն է կրում հանրային հեռարձակողը։

Մասնավոր հեռուստաընկերությունը կարող է ունենալ սեփականատեր և իր խմբագրական քաղաքականությունը։ Հանրային հեռարձակողը նման արդարացում չունի։ Այն ֆինանսավորվում է բոլոր քաղաքացիների հարկերով՝ այդ թվում նրանց, ովքեր չեն քվեարկել գործող իշխանության օգտին։

Հետևաբար, այդ ֆինանսավորումը նաև պարտավորություն է։ Հանրային հեռարձակողը պարտավոր է ներկայացնել հասարակության մեջ առկա տեսակետների ամբողջ բազմազանությունը, հաղորդել նաև իշխանության համար անհարմար փաստերը և որևէ մեկին մեղադրանք ներկայացնելիս՝ ապահովել նաև մյուս կողմի խոսքի իրավունքը։

Երբ հանրային հեռարձակողը հրաժարվում է այս պարտականությունից, ստացվում է մի իրավիճակ, երբ քաղաքացիները հարկերով ֆինանսավորում են մի կառույցի, որը կարող է տեղեկատվության փոխարեն իրենց մատուցել իշխանության համար հարմար քարոզչություն։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության օրինակը դրա լուրջ նախազգուշացումն է։ Այս Վեհաժողովի՝ ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցում՝ Doc. 16486 rev, արձանագրվել է, որ հանրային հեռարձակողը ակնհայտ կողմնակալություն է դրսևորել իշխող կուսակցության օգտին՝ հակառակ օրենքով սահմանված իր պարտավորություններին և հանրային առաքելությանը։ Զեկույցում նաև արձանագրվել է, որ դրա հետևանքով ձևավորված մեդիա միջավայրը սահմանափակել է քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։

Այստեղ հատկապես երեք երևույթ է մտահոգիչ։

Առաջինը՝ տեղեկատվության չներկայացումն է։ Հակադիր տեսակետներն ու իշխանության համար անհարմար փաստերը պարզապես չեն հայտնվում եթերում։ Այս դեպքում որևէ մեկը բանավեճում չի պարտվում, որովհետև բանավեճ ընդհանրապես չի լինում։

Երկրորդը՝ իրավապահ մարմինների հաղորդագրությունների օգտագործումն է որպես քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուր։ Ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված գործերի կամ իրականացվող քննությունների մասին հայտարարությունները հաճախ ներկայացվում են այնպես, կարծես մեղադրանքն արդեն իսկ հաստատված փաստ է՝ առանց մյուս կողմին իր տեսակետը ներկայացնելու հնարավորություն տալու։

Երրորդը խմբագրական անկախության հարցն է։ Հանրային հեռարձակողի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարներից մեկի ամուսինը։ Նման իրավիճակը, առնվազն, լուրջ հարցեր է առաջացնում հանրային հեռարձակողի խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ։

Բացի այդ, փաստերի ստուգմամբ զբաղվող անկախ կազմակերպություններն արձանագրել են կեղծ սոցիալական մեդիայի հաշիվների ցանցեր, որոնք տարածում և ուժեղացնում են ընդդիմադիր գործիչների դեմ ուղղված հարձակումները։ Այդ հարձակումների մի մասը հասել է նաև հեռուստատեսության ամենադիտվող ժամերին։

Լուծումը պարզ է և վաղուց ձևակերպված է նաև այս Վեհաժողովի կողմից․ հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական։

Պետք է երաշխավորել դրա անաչառությունը, ապահովել իրական խմբագրական անկախությունը և բացառել այն իրավիճակը, երբ իշխանությունն օգտագործում է հանրային հեռարձակողին որպես սեփական քարոզչական գործիք։

Ժողովրդավարության մեջ քաղաքացին իրավունք ունի ոչ միայն քվեարկելու, այլև տեղեկացված լինելու։ Առանց բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների այդ իրավունքը մնում է միայն թղթի վրա»։

 

Նմանատիպ նյութեր

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «A-92 (ռեգուլյար) բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին: Իհարկե, սա ռուս-ուկրաինական ու իրան-ամերիկյան պատերազմների ուղիղ հետևանքն է: Չեմ կարծում, թե այստեղ որևէ քաղաքաքական...

Ճեպազրույցում Եկեղեցու հանդեպ հնչեցրած սպառնալքիներից հետո՝ Փաշինյանն ընդունել է հավատքի հարցերով Սպիտակ տան  ներկայացուցչին

Ճեպազրույցում Եկեղեցու հանդեպ հնչեցրած սպառնալքիներից հետո՝ Փաշինյանն ընդունել է հավատքի հարցերով Սպիտակ տան ներկայացուցչին

Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։ Նա  ողջունել է  այցը Հայաստան և կարևորել Սպիտակ տան հավատքի հարցերով զբաղվող գրասենյակի հետ ձևավորված երկխոսությունը։ Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ-ն սկսում է Արտաշատում քարոզարշավը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ-ն սկսում է Արտաշատում քարոզարշավը

Արտաշատի համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը սկսում է նախընտրական քարոզարշավը։ Նա հանդիպում է ունենում ընտրողների հետ։ Ընտրությունները, հիշեցնենք, տեղի կունենան հոկտեմբերի 25-ին։ Քարոզարշավն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախումբը: Մշակույթի օրերն անցկացվում են Երևանում և Գյումրիում։ ՌԴ նախագահի միջազգային մշակութային...

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել․ պարզվել է կասկածյալների ինքնությունը

Արաբկիրում մեքենաներից գողություններ են կատարվել․ պարզվել է կասկածյալների ինքնությունը

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված գողությունների վերաբերյալ հաղորդումներ, որոնք ունեին մեկ ընդհանրություն՝ բոլոր դեպքերում մեքենաներին թողել էին գրառումներ։ Տարել էին հաշվառման համարանիշներ, կողային հայելիների ապակիներ, մի...