ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին․ «Ժողովուրդ»

25 Սեպտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի օրը, Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Արմավիրում և Կոտայքում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու։ Սակայն այս ընտրական օրը համայնք առ համայնք ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ բոլոր տեղերում էլ դասական քաղաքական պայքարի մասին խոսելը դժվար է։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ընտրությունները նախատեսված են Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, Արմավիրի մարզի Ֆերիկ և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում։ Թումանյանում, Ֆերիկում և Արզնիում ընտրելու են ավագանու անդամների, իսկ Լերմոնտովոյում՝ նաև համայնքի ղեկավարի։

Ամենաուշագրավ պատկերն արձանագրվում է Լոռու մարզի Թումանյան համայնքում։ Այստեղ ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այսինքն՝ ընտրողը քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորություն չունի։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Սուրեն Թումանյանը։ Հատկանշական է, որ Թումանյանը 2021 թվականին համայնքի ղեկավար էր ընտրվել «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, իսկ այժմ նույն համայնքում հանդես է գալիս արդեն ՔՊ-ի ցուցակով։

Այս պայմաններում սեպտեմբերի 27-ի քվեարկության հիմնական ինտրիգը ոչ այնքան այն է, թե որ քաղաքական ուժը կստանա իշխանությունը, որքան այն, թե ինչպիսի կազմ կունենա հաջորդ ավագանին։

Լոռու մարզի Լերմոնտովոյում իրավիճակն առավել ուշագրավ է։ Այստեղ սեպտեմբերի 27-ին համայնքի ղեկավարի ընտրություն է նախատեսված, սակայն առաջադրված է ընդամենը մեկ թեկնածու՝ գործող համայնքապետ Էդիկ Չախալյանը։

Չախալյանը համայնքը ղեկավարում է դեռևս 1997 թվականից։ Այսինքն՝ սեպտեմբերի 27-ի ընտրության արդյունքում, եթե ստանա անհրաժեշտ ձայները, նա կարող է շարունակել պաշտոնավարել արդեն մոտ երեք տասնամյակ։

Այս համայնքում ևս ընտրական պայքարի դասական պատկերը բացակայում է․ ընտրողը համայնքապետի պաշտոնի համար թեկնածուների միջև ընտրություն չի կատարելու, քանի որ քվեաթերթիկում միայն մեկ անուն է։

Արմավիրի մարզի Ֆերիկում սեպտեմբերի 27-ին ընտրելու են ավագանու անդամների։ Ավագանու համար ինքնառաջադրվել է 6 անձ, որոնցից ընտրվելու են 5-ը։ Համայնքի ղեկավար՝ Ռուստամ Հասանյանը։

Ֆերիկի գործող համայնքապետը Ռուստամ Հասանյանն է։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր նաև 2015 թվականի ընտրությունների արդյունքում, իսկ 2024 թվականին ԿԸՀ պաշտոնական տվյալներով կրկին ընտրվել է համայնքի ղեկավար։

Այսպիսով, այստեղ նույնպես ընտրության հիմնական մրցակցությունը քաղաքական ուժերի միջև չէ, այլ ավագանու հինգ մանդատի համար առաջադրված թեկնածուների միջև։

Կոտայքի մարզի Արզնիում պատկերը փոքր-ինչ այլ է։ Այստեղ ավագանու ինը մանդատի համար առաջադրվել է 17 թեկնածու։ Ըստ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի՝ թեկնածուների թվում կան եզդիներ, ասորիներ և հայեր, և նրանք ինքնաառաջադրվել են՝ ոչ թե կուսակցությունների ցուցակներով։

Արզնիում գործող համայնքապետը Ֆելիքս Միրզոևն է, որը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականից։ Նախորդ ընտրություններում Միրզոևը՝ որպես ինքնառաջադրված թեկնածու, հաղթել էր ՔՊ-ի առաջադրած Ալեքսանդր Միրզոևին՝ 372 ձայնով՝ 292-ի դիմաց։

Այս հանգամանքը կարևոր է, քանի որ Արզնիում սեպտեմբերի 27-ի ընտրությունները չեն տեղավորվում այն պատկերում, թե փոքր համայնքներում իշխանության թեկնածուները մրցակից չունեն։ Այստեղ առնվազն ավագանու մակարդակում մրցակցությունը բավականին տեսանելի է։

Այսպիսով, սեպտեմբերի 27-ի ընտրական պատկերը երեք մարզերում բավական տարբեր է։

Թումանյանում՝ ՔՊ-ն միակ առաջադրված քաղաքական ուժն է։

Լերմոնտովոյում՝ համայնքապետի միակ թեկնածուն գործող ղեկավար Էդիկ Չախալյանն է։

Ֆերիկում՝ ավագանու 5 տեղի համար պայքարում է 6 ինքնաառաջադրված թեկնածու։

Արզնիում՝ 9 ավագանու տեղի համար առաջադրվել է 17 թեկնածու»։

Նմանատիպ նյութեր

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի բնակիչները երեկ հայտնվեցին մի իրավիճակում, որը վաղուց պետք է լիներ ոչ թե սոցիալական ցանցերի քննարկման, այլ պետական մարմինների օպերատիվ արձագանքի առարկա։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներից քաղաքացիները հրապարակում էին տեսանյութեր,...

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը

ԱՄՆ-ը շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել հայկական ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների ֆինանսավորմանը։ Այդ մասին վկայում են ԱՄՆ կառավարության պետական ծախսերի վերաբերյալ տվյալները, որոնք ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սկզբում Վաշինգտոնը «Media Program in Armenia» ծրագրի...

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ի մահվան դեպքով իրավապահները մի քանի վարկած են քննում՝ պարզելու, թե ինչ հանգամանքներ կարող էին հանգեցնել զինծառայողի այդ քայլին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության...

Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ»

Հայկ Սարգսյանի «դատավճիռը» կայացվել է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տարաբնույթ խոսակցություններին, թե Հայկ Սարգսյանն իր հարցերը լուծել է, եւ նրան չեն հեռացնի «Քաղպայմանագրից», մեր աղբյուրները պնդում են, որ Հայկի՝ կուսակցությունում մնալն օրերի հարց է, եւ հարցը վարչությունը չի քննարկում մեկ պատճառով,...

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»

Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել համայնքների ղեկավարների հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։...