Իշխանությունների կողմից որևէ քայլ արցախցիների արտագաղթը կանխելու ուղղությամբ չի ձեռնարկվում. հայտարարություն

20 Սեպտեմբերի, 2025

«Ցավոք սրտի, արցախահայությունը մնացել է միայնակ իր խնդիրների հետ, և առաջին հերթին մեր ձայնը մենք ինքներս պիտի լսելի դարձնենք՝ հույսներս դնելով միայն մեզ վրա»,- նշված է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ։

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը։ Վերջին մեկամսյա դադարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի մեր հետագա գործունեությունը։ Այս ընթացքում մարզերից բազմաթիվ հայրենակիցներ դիմել են մեզ հանդիպումների խնդրանքով։ Բացի դրանից՝ անընդհատ ստանում ենք արձագանքներ՝ շարժմանը անդամակցելու պատրաստակամությամբ։

Ցավոք սրտի, արցախահայությունը մնացել է միայնակ իր խնդիրների հետ, և առաջին հերթին մեր ձայնը մենք ինքներս պիտի լսելի դարձնենք՝ հույսներս դնելով միայն մեզ վրա։

Մեր բոլոր մտահոգ հայրենակիցներին կոչ ենք անում անդամակցել շարժմանը և ակտիվորեն ներգրավվել Խորհրդի աշխատանքներին։ Դրա համար անհրաժեշտ է լրացնել այս հայտարարությանը կցված հարցաթերթիկը (Google Form)։ Նշենք, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում շարժմանը անդամակցած անձիք հենց իրենք էլ կընտրեն շարժման համակարգողներին ու կհաստատեն շարժման օրակարգը։ Այդ գործընթացի ընթացքում նաև հանդիպելու ենք ինչպես մարզերում բնակվող մեր հայրենակիցների, այնպես էլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ։

Մեր շարժումը հանրային է և բաց է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է իր մասնակցությամբ նպաստել Արցախի հարցի արդար լուծմանը և արցախցիների իրավունքների վերականգնմանը։

Վերջին շրջանում տեղի ունեցած հանրահավաքներն ու տարբեր գործընթացները ցույց են տալիս, որ առաջին հերթին մենք ինքներս պետք է լինենք համախմբված, անձամբ բարձրաձայնենք մեր իրավունքների մասին և համատեղ ջանքերով դրանք դարձնենք համահայկական օրակարգ։ Կրկին ընդգծում ենք․ չենք հրաժարվելու Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու մեր գաղափարից։ Իսկ դա առաջին հերթին պիտի անի հենց արցախահայությունը։

Ցավոք, հավաքներին մարդկանց քիչ մասնակցությունը պայմանավորված է հիասթափությամբ և վստահության նվազումով։ Մինչդեռ մեզ համար առաջնային է և՛ վերադարձը Արցախ, և՛ Պահանջագրի բոլոր 12 կետերի իրագործումը։ Միևնույն ժամանակ չենք կարող անտեսել նաև այն ցավալի իրողությունը, որ գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի արցախցիները արտագաղթեն։ Արդեն իսկ շուրջ 17․000 արցախցի լքել է Հայաստանը։ Մենք նախ և առաջ պետք է կանխենք արտագաղթը, քանի որ եթե արցախահայությունը չի բնակվում մայր Հայաստանում, ապա վերադարձի մասին խոսելն անիրատեսական է և կորցնում է իր իմաստը։

Մենք համոզվել ենք, որ մեր խնդիրները լուծելու և որևէ արդյունքի հասնելու միակ տարբերակը համախմբված հանրային ճնշումն է։ Որևէ առաջարկ, նամակ կամ քննարկում այս կառավարության հետ որևէ արդյունք չի տալիս։ Երկու ամիս շարունակ Խորհուրդը բարձր մակարդակով բազմակողմանի ներկայացրել է թե՛ խնդիրները, թե՛ դրանց լուծման առաջարկները, սակայն այն նվազագույն արդյունքները, որ ապահովվել են, ձեռք են բերվել բացառապես մեր համախմբվածության շնորհիվ։

Մարտի 29-ի հանրահավաքից հետո միայն հնարավոր եղավ հասնել մի շարք կարևոր փոփոխությունների․ բնակարանային ծրագրում վերացվեցին մեկ տասնյակից ավելի սահմանափակումներ, 150-ից ավել բնակավայր ընդգրկվեց երկրորդ գոտում, և լուծվեցին մի շարք այլ խնդիրներ։ Այս ամենը մեր բոլորիս համատեղ ջանքերի արդյունքն էր։

Սակայն կառավարության տված խոստումները, նույնիսկ արձանագրված, չեն իրականացվել՝ հաշվի առնելով, որ Խորհուրդը բավարար աջակցություն չունի։ Մեր խնդիրները մենք՝ արցախցիներս, առաջին հերթին պետք է ներկայացնենք հավաքական կերպով։

Ահա թե ինչու Խորհուրդը հենց առաջին օրվանից, իր գլխավոր նպատակը համարելով արցախցիների վերադարձը Արցախ, առաջնահերթ է համարել նաև նրանց սոցիալական խնդիրների լուծումը։ Թեև դա եղել է որոշ անհատների և քաղաքական ուժերի քննադատության առարկա, մենք համոզված ենք, որ առանց արժանապատիվ կյանքի պայմանների, առանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման, արցախցիների արտագաղթը չի դադարի։ Այս պահին իշխանությունների կողմից որևէ քայլ արտագաղթը կանխելու ուղղությամբ չի ձեռնարկվում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ուժը միայն միասնության մեջ է։ Եթե միասին բարձրաձայնենք, միասին գործենք և միասին պաշտպանենք մեր իրավունքները, ապա ոչ ոք չի կարող մեր ապագան տնօրինել մեր փոխարեն։

Կոչ ենք անում բոլորիդ լրացնել հարցաթերթիկը, միանալ շարժմանը, համախմբվել և համատեղ ուժերով պայքարել մեր իրավունքների պաշտպանության համար»,- նշված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է...

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը...

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփ

Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պատերազմում, հայտարարել է ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին։ «Անկեղծ ասած՝ մենք կարող ենք այսօր հեռանալ։ Աշխարհը շատ շնորհակալ է մեզ այն բանի համար, ինչ մենք անում ենք։ Շատ շուտով դուք կտեսնեք, թե ինչպես են նավթի գները...