Ի՞նչ ցույց տվեցին հուլիսի 4-ի ցույցն ու երթը. «Փաստ»

8 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 4-ի երեկոյան, չնայած փաշինյանական իշխանության ներկայացուցիչների ու անձամբ հենց Փաշինյանի ոչ երկիմաստ սպառնալիքներին, Երևանում տեղի ունեցավ բազմահազարանոց բողոքի ակցիա՝ ի աջակցություն ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի:

Դա այս տարի, եթե չենք սխալվում, առաջին խոշոր բողոքի ցույցն էր: Այն ցույցը, որից Նիկոլ Փաշինյանը, այսպես ասենք, նախընթաց նյարդայնանում էր, եթե ոչ՝ վախենում: Այո, որքան էլ ՔՊ-ի ղեկավարը փորձում է իրեն ցույց տալ կամ դրսևորվել որպես «իրավիճակին տիրապետող», որքան ավելի է սաստկացնում բռնաճնշումներն ու բացահայտ ապօրինի հետապնդումները, այնքան ավելի ակներև են դառնում նրա վախերը: Նիկոլ Փաշինյանը, ինչպես շատերն են նկատում, ակնհայտորեն վախերի մեջ է, և նույնիսկ Սամվել Կարապետյանի նկարներից, նրա ազատության կոչով պլակատներից է վախենում ու սարսափում, մեր ավագները կասեին՝ այսահարվում:

Հասկանալի է, որ Փաշինյանի վախերի հիմնական բաղադրիչը իշխանությունը կորցնելու մտահոգությունն է՝ զուգորդված իր իշխանության վարած «խաչմերուկային» քաղաքականության նոր «դիմադրության օջախ» ի հայտ գալու վախերով:

Ինքը՝ Փաշինյանը, մտավախություն ունի, որ «ի աջակցություն Սամվել Կարապետյանի» շարժումը կարող է լինել դիմադրության լուրջ օջախ, մանավանդ, եթե այն ծավալվի ընդդիմադիր դաշտի, ազգային ուժերի ու շրջանակների համախմբման միջոցով:

Ի դեպ, հանուն ճշմարտության, պետք է նկատել, որ Փաշինյանն ինքն իր քայլերով, վախերով ու ռեպրեսիվ-մոլեգին արձագանքներով ուղղակիորեն նպաստել է այդ «դիմադրության օջախի» ձևավորմանը:

Վերջին հաշվով, Սամվել Կարապետյանը, լինելով թերևս ամենամեծահարուստ հայ տնտեսական գործիչներից մեկը, եթե ոչ՝ ամենամեծահարուստը, խոշոր բարերար, որ շատ բան է արել թե՛ Արցախի, թե՛ Հայ առաքելական եկեղեցու, թե՛ իր ծննդավայրի, թե՛, առհասարակ, Հայաստանի համար, ի լրումն՝ հայրենիքում իր գործունեությամբ ապահովում է հազարավոր մարդկանց զբաղվածություն ու կայուն եկամուտ, մինչև վերջերս հրապարակավ որևէ կերպ չէր արձագանքում, չէր դրսևորվում այս կամ այն առանցքային իրադարձության կամ աղետային ընթացքի հետ կապված: Բայց բավարար էր, որ նա մի քանի նախադասություն ասեր «փոքրիկ մի խմբակի» հակաեկեղեցական նկրտումներին իր ձևով դիմադարձելու մասին, Փաշինյանը վայրագ ու ռեպրեսիվ միջոցներով կտրուկ արձագանքեց:

Չնկարագրենք բոլորին հայտնի վերջին օրերի դեպքերի ընթացքը: Բայց նկատենք, որ առավելապես հենց Փաշինյանի այդ նյարդային, անգամ՝ հիստերիկ ռեակցիաները հանգեցրեցին այն բանին, որ նախ՝ դիմադրությունը բավականին բյուրեղացավ, երկրորդ՝ գործնականում ձևավորվում է նոր շարժում:

Ի՞նչ ցույց տվեցին կոնկրետ հուլիսի 4-ի երեկոյան հրավիրված բողոքի ակցիան, հանրահավաքն ու երթը: Այն, որ հազարավոր մարդիկ խորապես բանի տեղ չեն դնում անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «աշխատանքից ազատելու» վերաբերյալ սպառնալիքները: Ավելին, նրանցից շատերը պահում էին հենց այն նկարով պլակատները, որոնցից այդպես մոլոքոր է ընկել փաշինյանական իշխանությունը:

Մյուս կողմից՝ հաշվի առնելով տեղի ունեցողի ամբողջ ենթատեքստը, ի մասնավորի՝ պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցնողի կողմից Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումը, ազգային, ավանդական արժեքներին դեմ դուրս գալը, սրբություններին դիպչելը, ենթադրելի էր, որ ուղղակիորեն «Տաշիր» խմբին չառնչվող բազմաթիվ այլ հայրենակիցներ, ինչպես ասվում է, ինքնաբուխ կամ հախուռն կմիանան բողոքի ակցիային: Հարկավ, ցուցարարների շարքերում կային նաև այդպիսի հայրենակիցներ, բայց, ամեն դեպքում, դա զանգվածային ընդգրկման բնույթ չէր կրում: Եվ այդ առումով ակնկալիքները, ցավոք, չարդարացան, որքան էլ երթի ժամանակ բազմաթիվ վարորդներ ինքնաբուխ «միանում» էին՝ ձայնային ազդանշաններով, բռունցքները պարզելով կամ պարզապես ցուցարարների հետ իրենց համաձայնությունն արտահայտելով:

Սա, կարծում ենք, կազմակերպիչներին և հետաքրքրված քաղաքական, հասարակական շրջանակներին պետք է հուշի, որ նույնիսկ նման պայմաններում ոչինչ հենց այնպես ու «հախուռն» տեղի չի ունենում, անհրաժեշտ է որոշակի քարոզչական, կազմակերպչական, բացատրական աշխատանք:

Երկրորդը. «Ի աջակցություն Սամվել Կարապետյանի» և նրա ազատության պահանջով ցույցը, կարելի է ասել, միավորել էր հիմնական ընդդիմադիր ուժերի մեծ մասին: Բայց թույլ տանք մեզ նկատել, որ դա ավելի շատ նման էր միաժամանակ նույն տեղում գտնվելու և նույն քաղաքական իրադարձությանը մասնակցելու, քան իսկապես միավորված հանդես գալու: Սա հանգամանք է, որի ուղղությամբ ազգային ուժերն իրենք իրենց մեջ աշխատելու շատ տեղ ունեն, ինչպես և խնդիր ունեն՝ շեղող ու իրենց միմյանցից հեռացնող խնդիրները մի կողմ դնելու և հիմնականի վրա կենտրոնանալու առումներով:

Ընդհանուր առմամբ, եթե տեղի ունեցածը դիտարկենք որպես այս տարվա առաջին խոշոր ակցիա, հաշվի առնենք նաև ամռան «արձակուրդային» հանգամանքը, ապա հուլիսի 4-ի ցույցը նկատելի իրադարձություն էր ամեն պարագայում:

Սակայն հիմնականներից մեկը այն դիտարկումն է, որ բազմահազարանոց այդ ցույցը, չնայած ելույթներին, «Պայքար, պայքար մեր ձևով» կարգախոսին, Սամվել Կարապետյանի և սրբազանների ազատության պահանջներին, չուներ ընդգծված քաղաքական բովանդակություն: Սա ամենից առանցքային հարցն է, միաժամանակ՝ այն բացը, որը առաջիկայում, կարծում ենք, շատ արագ պետք է լրացվի:

Իհարկե, «քաղաքական բովանդակության» այդ բացը լրացնում են բանտից Սամվել Կարապետյանի հղած նամակները: Եվ հուլիսի 4-ին տարածված հայտարարությունն էլ այդ շարքում է: Սամվել Կարապետյանը շատ հստակ հայտարարեց, որ «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ», պարզ ասած՝ պետք է հեռանան: Ի լրումն, ինքը՝ Սամվել Կարապետյանը, պատրաստ է անցնել «պայքարի ճանապարհով», «գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը», որպեսզի Հայաստանը վերագտնի տնտեսապես, սոցիալապես, իրավական, ազգային ու ավանդապահական առումներով իր վերականգնման ու զարգացման բնական հունը: Ու՝ որ ինքը հստակ գիտի, թե ինչպես անել այդ ամենը:

Դա, իհարկե, գնահատելի է: Բայց առաջիկայի համար, կարծում ենք, հստակեցումները պետք է լինեն շատ ավելի որոշակի ու ընկալելի: Հնչող խոսքը, այո, պետք է լինի քաղաքական, առաջադրված նպատակները, դրանք իրականացնելու հանձնառության տակ մտած դերակատարները՝ հստակ: Մի խոսքով՝ պետք է հնարավորինս քիչ լինի կամ չլինի պաթոսը, և հակառակը՝ գերակայեն ռեալությունն ու ռացիոնալությունը:

Շատ կարևոր է նաև, ու պետք է ամեն ինչ անել, որ այս շարժումը հանկարծ չվերածվի «քաղաքական առևտրի» միջոցի:

«Պայքար, պայքար մեր ձևով» կարգախոսը բավականին հետաքրքիր է հնչում, իհարկե: Բայց այն, թե որն է «մեր ձևով»-ը, պետք է առավելագույնս հասկանալի լինի Փաշինյանից ու նրա ռեժիմի իշխանավարումից զզված, մեծապես տուժած և տուժել շարունակող հասարակության հնարավորինս շատ ներկայացուցիչների համար: Հանրությանն ուղղված ազգային, տնտեսական, սոցիալական, հարկային, իրավական «մեսիջները», կարծում ենք, պիտի ստանան ավելի ընկալելի ու որոշակի բանաձևումներ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...