Հոգևոր կյանքը ինքնագովազդ կամ սեփական շահի հետապնդում չէ․ Հայր Ռուբեն

2 Մայիսի, 2026

«Դվինի պատմական հողը կրկին կենդանացավ հավատքի շնչով և ազգային հիշողության կայծով։ Միջնաբերդի հարևանությամբ վեր խոյացող Սուրբ Հարություն եկեղեցում հանդիսավորությամբ նշվեց օծման 26-րդ տարեդարձը»,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից։

Տոնական օրը մեկնարկեց Սուրբ և Անմահ Պատարագով։ Եկեղեցու կամարների ներքո  հոգևոր դասի, բազմաթիվ հավատացյալների և ուխտավորների մասնակցությամբ  առ Աստված բարձրացավ միասնական աղոթք՝ մեր հայրենիքի խաղաղության, անվտանգության և ժողովրդի բարօր կյանքի համար։

Պատարագի ընթացքում ներկաներին հոգևոր պատգամ հղեց Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ ընդգծելով հավատքի կենսական դերը մեր ժողովրդի կյանքում.

«Սիրելի՛ հավատացյալ ժողովուրդ, սիրելի՛ ուխտավորներ և դվնեցիներ, այսօր մենք հավաքվել ենք պատմական մի վայրում՝ Սուրբ Հարության տոնի խորհրդով օծված այս հոյակերտ տաճարում։ Սակայն հոգևոր ցնծությանը գումարվում է նաև մի հուզիչ պատմական զգացողություն. այս տարածաշրջանը բնակեցված է եղել անհիշելի ժամանակներից։

Այս վայրը տեսել է բազում իրադարձություններ՝ հաղթանակներ ու պարտություններ, կյանք ու մահ, բայց այսօր այն կանգնած է հաղթանակած՝ Հարության խորհուրդը կրող գմբեթի ներքո։ Այստեղով անցել են մեր ուրարտացի նախնիները, այստեղ մեր հեթանոս հայրերը մատուցել են իրենց պաշտամունքը։ Սա եղել է «Ոստան Հայոցը»՝ թագավորանիստ ու կաթողիկոսանիստ կենտրոնը, որտեղ Սուրբ Հովհան Մանդակունին իր պատմական ճառն է արտասանել Նվարսակի հաշտությունից հետո։ Այստեղ նստել են մեր մարզպանները, գործել է թագավորական դիվանը։

Այս հողը տեսել է նաև ավեր, երկրաշարժ ու ամայություն, սակայն 1996 թվականին երջանկահիշատակ Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ դրվեցին այս եկեղեցու հիմքերը՝ Տիար Սամվել Տիգրանյանի և նրա ընտանիքի նվիրատվությամբ։

Գարեգին Ա Հայրապետն այս տաճարն անվանեց «Տեսիլ Հարության»՝ նկատի ունենալով մեր նորանկախ պետականությունը և այն տեսիլքը, որ մեր ժողովուրդը հառնում է հավատքի անապատացումից ու անտարբերությունից՝ դեպի լուսավոր ու համերաշխ ապագա։ 2000 թվականին արդեն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օծեց կանգուն տաճարը՝ կնքելով այդ հույսն ու տեսիլքը։

Սակայն այսօր ինձ մոտ մի հարց է ծագում. արդյոք Հարության իրողությունը կենսական դարձա՞վ մեր կյանքում։ Արդյոք այս խորհուրդը փոխե՞ց մեր սրտերը, մեր համայնքները։ Դադարեցի՞նք մահից վախենալուց, դադարեցի՞նք իրար ատելուց, կեղծիք տարածելուց կամ անարդարություն գործելուց։ Ցավոք, ո’չ։

Այսօրվա Ավետարանը մեզ մի զարմանալի դաս է տալիս. Հիսուսի մերձավորները, Նրա եղբայրները չէին հավատում Նրան։ Սա նշանակում է, որ եկեղեցու ֆիզիկական ներկայությունը դեռ երաշխիք չէ, որ մեր կյանքը հրաշքով կվերափոխվի։ Աստված մեր տրամադիր սրտերն է ուզում։

Հիսուսի եղբայրները Նրան դրդում էին գնալ Երուսաղեմ՝ Տաղավարահարաց տոնին, որպեսզի Նա Իրեն «ցույց տա» աշխարհին, գովազդի Իր հրաշքները։ Բայց Հիսուս պատասխանում է. «Իմ ժամանակը դեռ չի հասել»։ Սա կարևոր պատգամ է մեզ համար. հոգևոր կյանքը ինքնագովազդ կամ սեփական շահի հետապնդում չէ։ Այն հրաշքների հետևից ընկնել չէ։

Ամենամեծ հրաշքը սերն է։ Այն սերը, որը նշանակում է՝ կյանքդ ապրում ես ընդհանուր բարիքի տրամաբանությամբ, բարիքդ բաժնեկից ես դարձնում ազգակցիդ հետ, հզորանում եւ հզորացնում ես պետությունդ, համայնքդ, եկեղեցիդ։

Մեր Տերն ասում է. «Ով փորձի իր կյանքը փրկել, կկորցնի այն, իսկ ով իր կյանքը զոհաբերի հանուն Ինձ, կգտնի այն»։

Քրիստոսի Խաչը ծնվեց այնտեղ, որտեղ բախվեցին Ճշմարտությունն ու կեղծիքը, Սերն ու ատելությունը, Արդարությունն ու անարդարությունը։ Ովքեր հետևում են Քրիստոսին, չեն կարող չհալածվել կամ չծաղրվել աշխարհի կողմից, բայց քրիստոնյան ամենաուժեղն է, ամենահամարձակն է, որովհետև նա սիրում է և պատրաստ է զոհողության։

Այս եկեղեցին Հարության վկան է, բայց այն կենդանի կդառնա միայն այն ժամանակ, երբ մենք այն լցնենք մեր սիրով ու վերափոխված կյանքով։ Մինչև մեր շրջապատը, մեր քաղաքներն ու արտերը դրախտի չվերածենք, մենք դեռ չենք մոտեցել քրիստոնեական իրականությանը։

Ողջունում եմ պարոն Սամվել Տիգրանյանին, որի ազնիվ նվիրատվությամբ վեր խոյացավ այս տաճարը։ Աղոթենք նրա և իր ընտանիքի համար։ Շնորհակալություն բոլոր հոգևորականներին, որոնք սպասավորել են այս եկեղեցու խորանին, մասնավորապես Դվինի հովվության սպասավոր Տեր Եղիշեին՝ ջերմ հյուրընկալության համար։ Առանձնակի ուրախությամբ տեսնում եմ այստեղ հավաքված պատանիներին ու երիտասարդներին. դուք եք Դվինի հոգևոր կյանքի ապագա առաքյալները։

Սիրելի՛ ուխտավորներ, մի՛ վախեցեք։ Տերը մեզ հետ է։ Նա հաղթել է մահվանը և մեզ ցույց է տվել կյանքի ճանապարհը։ Թող այս ուխտը զորացնի մեզ՝ լինելու Հարության իրական վկաները։

Քրիստոս յարեաւ ի մեռելոց։

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի։

Նմանատիպ նյութեր

Ազատազրկվածների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ

Ազատազրկվածների իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ, իր տարեկան զեկույցներում և հրապարակային հայտարարություններում բազմիցս անդրադարձել է ձերբակալված կամ կալանավորված անձանց՝ դատարանների խցերում պահելու գործընթացի կարգավորումներին և պահման պայմաններին...

ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում

ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում

ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի։ Այս մասին ԵԱՏՄ նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը հավատարիմ է ԵԱՏՄ սկզբունքներին։ Հիմնական սկզբունքներից մեկը ապրանքների, ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովումն է։ Ցավոք,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Օր 6․ ԱԺ-ն շարունակում է ընտրել երրորդ՝ ընդդիմադիր փոխնախագահին

Տեղի է ունենում 9-րդ գումարման ԱԺ լիզաորությունների ստանձնման նիստը։ Այս նիստում ընտրելու են խորհրդարանի փոխնախագահների և մշտական հանձնաժողովների ղեկավարությանը։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում․ «Հրապարակ»

Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է» իրեն զգում․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.  Շաբաթներ առաջ գրել էինք, որ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը բերդերում ռեյդ է իրականացնում, հնազանդեցնում կամային, փորձառու պաշտոնյաներին: Հատկապես նրանց, ովքեր փորձում են իր հրահանգներին առարկել, խմբագրել որոշ...

Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը

Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը

Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդի և Թեմական Խորհրդի հայտարարությունը․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարության, կանոնական իրավասության և եկեղեցու ներքին գործերին պետական միջամտության անթույլատրելիության վերաբերյալ: Կանադայի Հայոց Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ....