ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի՝ Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը Թրամփի ուղու վերաբերյալ արված հայտարարությունը։
Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, պարզապես այլ անվան տակ, այդ իսկ պատճառով Իրանը կտրանապես դեմ է դրան։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այդ ծրագիրն այժմ առաջ է մղվում ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մուտք գործելու միջոցով։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը NEWS.am-ի փոխացմամբ՝ նշել է, որ իրենց դիրքորոշումը հայտնի է։
«Հանդիպման վերաբերյալ ՀՀ դեսպանության կողմից տրվել է հաղորդագրություն, խնդրում եմ առաջնորդվել դրանով»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։
Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեսպան Գրիգոր Հակոբյանը հայտնել է Վելայաթիին, որ «TRIPP» ուղին կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: «ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։






