Հայկական զnրքեր՝ Ադրբեջանի տարածքո՞ւմ․ Ալեն Սիմոնյանի խնդրահարույց հայտարարության հետքերով. Civilnet

18 Հոկտեմբերի, 2025

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի Հայաստանի տարածքից դուրսբերման պահանջին, հայտարարել էր, թե հայկական զորքերն էլ Ադրբեջանի տարածքում են։ Գրում է Civilnet-ը։

«Իսկ հայկական զորք չկա՞ Ադրբեջանի տարածքում։ Այն տարածքներում, որտեղ դելիմիտացված չի։ Տենց բան չկա՞։ Կան տեղեր, մի 100 անգամ ասել ենք՝ ես էլ, վարչապետն էլ։ […] Ինչի՞, միայն անկլավը չէ։ Շատ տեղերում իրենք են առաջ, շատ տեղերում մենք ենք առաջ։ Իրենք, ենթադրենք, 210 քառ. կմ, մենք, ենթադրենք, 110 քառ. կմ»,- ասել էր Սիմոնյանը՝ որպես օրինակ նշելով Տավուշի մարզը։

#CivilNetCheck-ը, հիմնվելով բաց աղբյուրների, արբանյակային լուսանկարների և խորհրդային քարտեզների վրա, ուսումնասիրել է, թե որքանով են Սիմոնյանի նշած թվերը համապատասխանում իրականությանը։

Ինչպես է որոշվում սահմանը. քարտեզներ և մեթոդաբանություն

Մեր ուսումնասիրության շրջանակում որպես իրավական (դե յուրե) սահման վերցրել ենք Խորհրդային Միության Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1:100,000 մասշտաբի 1970-80-ական թվականների տեղագրական քարտեզները, որոնք թվայնացրել և համադրել ենք արբանյակային պատկերների հետ։ Փաստացի վերահսկողության գիծը (դե ֆակտո) որոշվել է արդի արբանյակային լուսանկարների միջոցով՝ երկու երկրների զինված ուժերի առաջնագծի մարտական դիրքերի քարտեզագրմամբ։

Հենց այս՝ ԽՍՀՄ ԳՇ քարտեզներն են օգտագործվում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ 2024-ի մայիսի 22-ին խորհրդարանում պատգամավորներին ցուցադրել էր Տավուշի հատվածի 1։100,000 մասշտաբով ԽՍՀՄ ԳՇ 1976-ի տեղագրական քարտեզը՝ հայտարարելով, որ դրանք են կիրառվում սահմանազատման համար։ «… Ահա այս քարտեզների 19 էջերով վերարտադրել ենք ՀՀ սահմանի ամբողջ պարագիծը։ Ընդ որում, դե յուրե հիմնավորված թղթերով, սա շատ կարևոր է»,- ընդգծել էր վարչապետը։

Մեր հաշվարկը ցույց է տալիս այն տարածքների մակերեսը, որտեղ երկու կողմերի զինված ուժերը տեղակայել են իրենց մարտական դիրքերը` անցնելով խորհրդային քարտեզների վրա նշված իրավական սահմանից: Ընդ որում, հաշվարկում ներառված չեն կողմերի միջդիրքային չեզոք գոտիները, որոնք թեև բարձադիր տեղակայված հենակետերի դիտարկման ներքո են, սակայն ոչ մի կողմի ֆիզիկական վերահսկողության տակ չեն։ Չեն ընդգրկվել նաև այն դեպքերը, երբ որևէ կողմ միայն մեկ դիրքով է տեղակայված մյուսի տարածքում։

Բացի այդ, հաշվարկի մեջ ներառված չեն անկլավների տարածքները՝ հայկական Արծվաշենը (մոտ 38 քառ. կմ), որը Ադրբեջանի վերահսկողության տակ է, և հայկական տարածքով շրջապատված ադրբեջանական Յուխարի Ասկիպարան (մոտ 26 քառ. կմ), Բարխուդարլի-Սոֆուլուն (մոտ 10 քառ. կմ) և Քյարքի/Տիգրանաշենը (մոտ 8 քառ. կմ)։

Կարճ՝ ինչ ենք պարզել

Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահմանագծի ընդհանուր երկարությունը, ներառյալ՝ Նախիջևանի հետ հատվածը, մեր հաշվարկով կազմում է մոտ 925 կմ, որի երկայնքով քարտեզագրվել է շուրջ 750 ադրբեջանական և մոտավորապես նույնքան հայկական առաջնային մարտական դիրք։

Մեր ուսումնասիրության համաձայն՝ սահմանագծի որոշ հատվածներում հայկական ուժերի վերահսկողության ներքո է Ադրբեջանի դե յուրե տարածքի ընդհանուր շուրջ 21 քառ. կմ, որը չի չներառում անկլավների որևէ տարածք։ Սա մոտ հինգ անգամ պակաս է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարած «ենթադրաբար 110 քառ. կմից»։

Միաժամանակ, Ադրբեջանի զինված ուժերը վերահսկում են Հայաստանի դե յուրե տարածքի առնվազն 230 քառ. կմ. նրանք սահմանագծի շուրջ 20 հատվածներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք։ Ընդ որում, առավել մեծ տարածքները ադրբեջանական կողմը գրավել է 2021-2022 թվականներին Հայաստանի դեմ լայնածավալ հարձակումների ժամանակ։

Ստորև ներկայացված ինտերակտիվ քարտեզում կարող եք տեսնել Հայաստանի (կապույտով) և Ադրբեջանի (կարմիրով) կողմից վերահսկող տարածքները։ Ձախ հատվածում տեղակայված պատուհանից կարող եք միացնել նաև մարտական դիրքերի ցուցադրումը։ Քարտեզում սպիտակով նշված է ԽՍՀՄ ԳՇ քարտեզից վերարտադրված դե յուրե սահմանը, որը որոշ հատվածներում չի համապատասխանում Google Maps-ում առկա սահմանին։

Նմանատիպ նյութեր

Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան

Միայնակ թոշակառուն՝ պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության արանքում․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միայնակ թոշակառուն այսօր թողնված է պետական բյուրոկրատիայի և «բարեգործական» անտարբերության միջև ընկած մոխրագույն գոտում: Թղթի վրա համակարգը գոյություն ունի՝ կան Միասնական սոցիալական ծառայություններ, տուն-ինտերնատներ,...

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-21-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-18-ին գիշերը և կեսօրից հետո, 19-21-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև...

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ոչ մի պարագայում չի կարող նորմալ համարվել այն, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի ինչ-որ «մասնագետ» կոչեցյալներ Հայաստանի տարածքի ներսում որոշեն, թե որտեղ պետք է էլեկտրահաղորդակցության ինչ-որ սյուներ կանգնեցվեն, այն դեպքում, երբ նույն...

Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում

Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրիում

Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։ Դեպքի...

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Հսկայական աղբ՝ Քարի լճի հարակից տարածքում. ՇՄ նախարարության արձագանքը

Երեկվանից համացանցում ակտիվորեն տարածվում են Արագած լեռան բարձրլեռնային լճերից մեկի՝ Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր։ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացել։ Այդ մասին տեղեկացնում է գերատեսչությունը:...