Հայաստանի զրոյական կետը. հիշողության զոհաբերումը խաղաղության պատրանքի համար․ Արա Այվազյան

18 Հուլիսի, 2025

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի հոդվածը․

«Սրընթաց թափ հավաքող վերջին գործընթացները, ըստ էության, հանդիսանում են միջազգային օրակարգում մեր գոյության, ինքնության և արդարության պահանջատիրության վերաբերյալ Հայկական Հարցի վճռական փուլի սկիզբը։ Այս վերջին հանգրվանը վտանգավոր ճամփորդություն է ազգային հիշողության, ինքնության և հոգևոր արժանապատվության կորստի ճանապարհով։

Հայ ժողովուրդը հայտնվել է պատմական ու ճակատագրական մի խաչմերուկում, երբ մոռացությունը ներկայացվում է որպես ճանապարհ դեպի ապագա, իսկ ինքնությունից հրաժարումը և պատմության ուրացումը՝ որպես խաղաղության կեղծ պատրանք։ «Պրագմատիզմ» կամ «իրատեսություն» անվան տակ այսօր մեզ փորձում են պարտադրել ազգային հիշողության, ինքնության ու դիմադրության համակարգված քանդումը։ Այս գործընթացների հետևում թաքնված է վտանգավոր խաղադրույք հայրենիքի դեմ, որը սպառնում է մեր գոյությանը և հավաքական հոգևոր ինքնությանը։

Այն ամենը, ինչը կատարվել է և շարունակում է տեղի ունենալ, իրականում «զրոյացման» համապարփակ գործընթաց է: Այսպես, Լեռնային Ղարաբաղի բանակցությունները «զրոյական կետից» սկսելու որոշումը դիվանագիտական քայլ չէր։ Դա հրաժարում էր ազատագարական պայքարից: Մերժելով տասնամյակների բանակցային ժառանգությունն ու զոհողությունները՝ ժողովրդին հայտարարվեց, որ Արցախյան պայքարը սխալ էր կամ առասպել։

Նույն կերպ այսօր «զրոյական կետից» է նախանշվում քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, ձգտելով կարգավորել հարաբերությունները մի պետության հետ, որը ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլև հրապարակավ մասնակցել է Արցախի հայաթափմանը և ողջունել հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Խոսվում է բաց սահմանների մասին, մինչդեռ փակվում են արդարության դռները։ Խոսվում է «կառուցողական» երկխոսության մասին՝ լռեցնելով 1915-ի հիշողությունը։

Սա հաշտեցում չէ։ Սա կապիտուլյացիա է, որը ներկայացվում է «բարդ ու հնարամիտ» դիվանագիտության անվան տակ։

Եվ մինչ արտաքին ճակատում «սրբագրվում է» պատմությունը, ներսում լռեցվում է ընդդիմախոսությունը։ «Պետական հեղաշրջման նախապատրաստման» մեղադրանքով արդարացվում են ձերբակալությունները, գրաքննությունը, ահաբեկումն ու հետապնդումները։ Բայց ակնհայտ է. իրական վտանգը, որից վախենում են օրվա իշխանությունները, բռնությունը չէ, այլ՝ այլակարծությունը։ Ոչ թե «հեղաշրջում» է կանխվում, այլ վերացվում են քաղաքական բազմակարծության վերջին մնացորդները մի երկրում, որը գնալով ստիպված է խոսել միայն իշխանությունների կողմից պարտադրված պաշտոնական լեզվով։

Նույն քաղաքականության մի մասն է դարձել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը։ Այսպես կոչված բարեփոխման անվանման տակ և «զրոյական կետի» տրամաբանությամբ մեր ժողովրդի հոգևոր սիրտը՝ Սուրբ Էջմիածինը, այսօր ենթարկվում է համակարգված վարկաբեկման։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ընտրվել է թիրախ՝ այն ուժերի կողմից, որոնք չեն հանդուրժում Եկեղեցու անկախ ձայնը։ Սա պատահական չէ, այլ՝ «իրական Հայաստանի» գաղափարին հակադրվող վերջին հաստատությունը խարխլելու փորձ: Բայց այն Հայաստանը, որը կտրվում է իր Եկեղեցուց, իրական Հայաստանը չէ։ Դա արմատներից կտրված, մարող, հոգեզրկված կերպարանք է։

Այո՛, աշխարհաքաղաքական իրադրությունը բարդ է։ Հայաստանը նորից հայտնվել է կայսրությունների բախման կիզակետում և տարբեր շահերի ճնշումների դիմաց։ Բայց բարդությունը արդարացում չէ մոռացման և ուրացման համար։ Գոյատևել չի նշանակում հրաժարվել ճշմարտությունից։ Իրական քաղաքականությունը չի պահանջում ինքնության լուծարում։ Բարդագույն այդ ճանապարհով չորս հազարամյակ գոյատևած ազգերը՝ այդ թվում Հայաստանը, անցել են ոչ թե մոռանալով, այլ հիշելով ու դիմադրելով։ Անհերքելի է՝ Հայաստանն իսկապես ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների անկեղծ և արդար կարգավորման կարիք, բայց ոչ արժանապատվության, հիշողության ու ազգային ինքնության հաշվին։

Տեղի ուենցողը Հայաստանի ոչ բարեփոխում է, որ էլ այժմեականացում։ Մեր ներսում կատարվողը Հայաստանի կերպարի ու էության աղավաղում է՝ մերկացնելով նրա հոգևորությունը, պատմությունը, ինքնատիպությունն ու ազգային հիշողությունը:

Այս վտանգավոր խաղերը՝ այսպես կոչված «զրոյական կետերը», վերածվում են մեկ ընդհանուր ռազմավարության: Հիմա, թվում է, ոչ միայն Արցախը, այլ ամբողջ հայ ազգը՝ իր պատմությամբ, հիշողությամբ ու արժանապատվությամբ, զոհաբերվում է այդ զրոյական կետին։

Զրոյական կետերը տարբեր խորհուրդներ են ունեցել մի շարք ազգերի համար: Եթե Նյու Յորքի Զրոյական կետը դարձավ հավաքական հիշողության և դիմադրության խորհրդանիշ, ապա ներկայիս Հայաստանում զրոյական կետը կառուցվում է որպես պատմական ուրացման, ազգային պառակտման և հոգևոր պարտության հուշակոթող։

Եթե շարունակենք այս ուղով, ապա Հայաստանը կդառնա այն, ինչ նույնիսկ ամենադաժան նվաճողը չկարողացավ պարտադրել. մի ազգ, որը կամավոր կերպով մոռանում է ինքն իրեն։ Ժողովուրդ, որը ոչ թե նվաճման, այլ ներքին հրաժարման հետևանքով է զրկվում իր ինքնությունից։ Երկիր, որտեղ հիշողությունը դառնում է խանգարիչ, հավատը՝ հնացած, իսկ ճշմարտությունը՝ սակարկելի և փոխանակելի։

Այս ճանապարհի շարունակության դեպքում հայերս այլևս չենք լինի ազգ՝ միավորված հավատքով, ժառանգությամբ ու պայքարով։ Հայերս կդառնանք համայնք՝ միավորված մոռացությամբ։

Եվ դա կլինի վերջնական հաղթանակը՝ ոչ թե խաղաղության, այլ նրանց, ովքեր միշտ ցանկացել են Հայաստան՝ միայն անվան պահպանման պայմանով։

Փակուղուց դուրս գալու ուղին սկսվում է անցյալի վերհիշումից։ Հասարակությունը պետք է կրկին վստահի իր պատմությանը՝ ոչ որպես անցյալի վիշտ, այլ որպես ներկա մարտահրավերներին դիմակայելու կամքի և ուժի հուսալի աղբյուր։ Հայաստանը պետք է ուժեղանա իր բազմակարծությամբ, ոչ թե մեկ ձայնով։ Եկեղեցին, մշակույթը, պատմական գիտակցությունն ու ազգային արժանապատվությունը պետք է նորից դառնան պետության հիմքը, այլ ոչ թե դրա մնացորդները։

Խաղաղությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կառուցվում է արժանապատվության հիմքով։ Իսկ արժանապատվությունն անհնար է առանց հիշողության։ Սա է այն միակ ճանապարհը, որը կերաշխավորի ունենալ այն Հայաստանը, որն իրոք իրական է։

Արա Այվազյան,
ՀՀ նախկին արտգործնախարար,
Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ»

 

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...