Հայաստանի բնակչության երկու երրորդը չի հավատում, որ Ադրբեջանի հետ խաղաղություն հնարավոր է. Հարութ Սասունյան

19 Նոյեմբերի, 2025

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են Հայաստա​նի բնակչության տեսակետները հիմնական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ: Այդ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ժողովրդականության զգալի անկումը 2018 թվականին իշխանության գալու պահին 82%-ից մինչև ներկայումս՝ ընդամենը 10%-ից փոքր-ինչ ավելի:

Վերջին համազգային հարցախույզը Հայաստանում անցկացվել է 2025 թվականի հոկտեմբերի 5-25-ը՝ «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի կողմից։ Արդյունքները հրապարակվել են 2025 թվականի նոյեմբերի 11-ին։ Հարցախույզի սխալի տոկոսը կազմում է ±2.92։ Մասնակիցները եղել են 18-ից մինչև 80 և բարձր տարիքի քաղաքացիներ։

Հարցախույզը մեկնարկել է ընտանիքների տնտեսական վիճակի վերաբերյալ հարցադրումներով։ Մասնակիցների 12.7%-ը նշել է, որ իրենց ընտանիքը աղքատ է կամ շատ աղքատ, 30.3%-ը՝ միջինից ցածր, 49.7%-ը՝ միջինից բարձր, իսկ 6.2%-ն իրենց վիճակը գնահատել է որպես լավ կամ շատ լավ։

Ստորև ներկայացված են հանրության գոհունակության ցուցանիշները տարբեր պետական կառույցների նկատմամբ․

— Ազգային ժողով. ցածր գոհունակություն՝ 50%, միջին գոհունակություն՝ 24.4%, բարձր գոհունակություն՝ 25.2% (2025 թվականի փետրվարին՝ 17.9%):

— Զինված ուժեր. ցածր գոհունակություն՝ 14.3%, միջին գոհունակություն՝ 18.1%, բարձր գոհունակություն՝ 66.4% (2024 թվականի մայիսին՝ 58.3%):

— Ոստիկանություն. ցածր գոհունակություն՝ 23.2%, միջին գոհունակություն՝ 21.1%, բարձր գոհունակություն՝ 54.6% (2024 թվականի մայիսին՝ 58.3%):

— Կառավարություն. ցածր գոհունակություն՝ 39.5%, միջին գոհունակություն՝ 20.5%, բարձր գոհունակություն՝ 39.5% (2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 23.1%):

— Հայ Առաքելական Եկեղեցի. ցածր գոհունակություն՝ 19.1%, միջին գոհունակություն՝ 16.8%, բարձր գոհունակություն՝ 62.5% (2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին՝ 54.1%):

Հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությունը ճիշտ է, թե սխալ, 42.9%-ը պատասխանել է «ճիշտ է», մինչդեռ 51.8%-ը՝ «սխալ է» (2025 թվականի փետրվարին՝ 64%):

Ինչ վերաբերում է Հայաստանի կառավարության ներքին քաղաքականության ճիշտ կամ սխալ լինելուն, հարցվածների 34.5%-ը պատասխանել է «ճիշտ է», մինչդեռ 62.7%-ը՝ «սխալ է» (2023 թվականի դեկտեմբերին՝ 30.4%): Կարևոր է, որ հարցվածների այն մասը, որն ասել է, թե կարծիք չունի/դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել, 2023 թվականի դեկտեմբերի 33.1%-ից նվազել է մինչև 2.8%՝ 2025 թվականի հոկտեմբերին:

Այն հարցին, թե արդյոք Ադրբեջանի հետ կայուն, երկարատև խաղաղության կարելի է հասնել բանակցությունների միջոցով, 30.5%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 69.2%-ը՝ «ոչ» (2024 թվականի հուլիսին՝ 67.2%):

Այն հարցին, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը իրական խաղաղություն կբերի, 33.7%-ը պատասխանել է «այո», իսկ 65.1%-ը՝ «ոչ»։

Հարցին, թե «Հաշվի առնելով Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին [կառավարության] հնչող քննադատությունները, արդյոք հանրությունը կմիանա՞ եկեղեցու կողմից համախմբման կոչին», 49%-ը պատասխանել է «այո», իսկ 49.3%-ը՝ «ոչ»։

Այն հարցին, թե արդյոք անհրաժեշտ է կրճատել ռազմական բյուջեն և զինվորների թվաքանակը, 19.1%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 80.2%-ը պատասխանել է «ոչ»։

Հարցին, թե արդյոք Հայաստանում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան պետք է փակվի, իսկ ռուս զինվորները դուրս բերվեն/հեռացվեն, հարցվածների 32.1%-ը պատասխանել է «այո», իսկ 64%-ը՝ «ոչ»։

Հայ նախկին ղեկավարների՝ իշխանության վերադառնալու հարցին 18.3%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 78.6%-ը՝ «ոչ» (79.5%-ը՝ 2025 թվականի հուլիսին):

Հարցին, թե արդյոք Հայաստանին անհրաժեշտ է նոր սահմանադրություն՝ որպես նախագահ Ալիևի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման, որի ուղղությամբ վարչապետ Փաշինյանն արդեն նախաձեռնել է սահմանադրություն մշակող հանձնաժողովի ստեղծումը, հարցվածների 35.1%-ը պատասխանել է «այո», մինչդեռ 61.3%-ը՝ «ոչ»։ Սա լուրջ մարտահրավեր է Փաշինյանի համար, քանի որ նա ձգտում է սահմանադրական փոփոխություններ կատարել Ալիևին գոհացնելու համար, սակայն օրենքը պահանջում է հանրաքվե նոր սահմանադրության վերաբերյալ: Հաշվի առնելով հանրության բացասական տրամադրվածությունը նոր սահմանադրության նկատմամբ, Փաշինյանը, հավանաբար, չի կարողանա ապահովել նախագահ Ալիևի ստորագրությունը խաղաղության պայմանագրի վրա, որը Փաշինյանին հուսահատորեն անհրաժեշտ է՝ հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո իր աթոռը պահպանելու համար: Եթե հանրաքվեն ձախողվի, դա կարող է ոչ միայն խաթարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը, այլև հանգեցնել ներքաղաքական լարվածության, ինչը կարող է բերել Փաշինյանի պաշտոնանկությանը:

Հաջորդ հարցով ավելի կոնկրետ պարզել են, թե արդյոք հայերը կհամաձայնվեն Ալիևի պահանջով փոխել ՀՀ Սահմանադրությունը՝ խաղաղության դիմաց: Ճնշող մեծամասնությունը՝ 91.3%-ը, պատասխանել է «ոչ», մինչդեռ միայն 7.7%-ն է ասել «այո»:

Ի պատասխան այն հարցի, թե որն է Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը Հայաստանի նկատմամբ, 13.7%-ը պատասխանել է՝ Հայաստանի տարածքի մի մասի բռնազավթում, 15%-ը՝ Հայաստանի անկախության թուլացում և կախվածության մեջ գցում, 48.5%-ը՝ Հայաստանի ամբողջական ոչնչացում (էթնիկ, պետական), իսկ 17.4%-ը՝ խաղաղ հարաբերությունների հաստատում և տնտեսական համագործակցություն։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ հայերի ճնշող մեծամասնությունը մերժում է Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության մասին հավաստիացումները։

Երբ հարցվածներին ներկայացրել են հինգ երկրների անուններ և առաջարկել նշել, թե դրանցից որի հետ Հայաստանը պետք է ստեղծի ռազմական դաշինք, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․ Ռուսաստան՝ 37.8% (նշված է աճ՝ 2024 թվականի հուլիսի 24.3%-ի համեմատ), Եվրամիության երկրներ՝ 15.9% (նվազում՝ 2024 թվականի հուլիսի 29%-ից), Իրան՝ 17.5% (նվազում՝ 2024 թվականի հուլիսի 18.2%-ից), Միացյալ Նահանգներ՝ 18.3% (գրեթե անփոփոխ՝ 2024 թվականի հուլիսի 18.2%-ի համեմատ), Հնդկաստան՝ 5.4% (նվազում՝ 2024 թվականի հոկտեմբերի 6.8%-ից) և Թուրքիա՝ 0.5%։

Այս հարցախույզի արդյունքները շատ ավելի կարևոր են, քան որևէ մեկի կարծիքը։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նմանատիպ նյութեր

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ի ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը, 19-ի ցերեկը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 18-ին, 19-ի գիշերը սպասվում...

Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

Սպիտակ տունը հայտնել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների աննախադեպ մասշտաբի փոխանակման աշխատանքների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները սկսել են Մոսկվայի և Կիևի միջև գերիների փոխանակման նախապատրաստական աշխատանքները։ Այն կարող է դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենախոշոր փոխանակումը։ Այս մասին X...

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ ԵՄ կազմում․ Փաշինյան

20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է և կա․ Հայաստանը լինելու է այդտեղ, իր տեղում։ Մենք չենք...

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում կրկին փողոցներ կփակվեն

Երևանում Ամանորի ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 14-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 15-ը՝ ժամը 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած...

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Քաղաքական պայմանավորվածությունների պատճառով Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքները կարող են անուշադրության մատնվել․ Սիրանուշ Սահակյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ֆոնին վտանգ կա, որ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման հետևանքները պատշաճ ուշադրության չեն արժանանա։ Երկու երկրների միջև համաձայնագիրը բռնի տեղահանման հետևանքներին վերաբերող որևէ դրույթ չի պարունակում, իսկ...