Հայաստան են ժամանել Իլհամ Ալիևի «հատուկ նշանակության քաղաքացիականները». Հակոբ Բադալյան

24 Հոկտեմբերի, 2025

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Շատերն են ուշադրության արժանացրել հանգամանքը, որ Հայաստան են ժամանել Ադրբեջանի այսպես կոչված «քաղհասարակության ներկայացուցիչներ», իբրև թե Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների ու խաղաղության առաջմղման համար:

Ինչո՞ւ եմ ասում Ադրբեջանի այսպես կոչված «քաղհասարակություն»: Որովհետև Ադրբեջանում չկա և չի կարող լինել քաղհասարակություն: Այնտեղ քաղհասարակություն կոչվածը ընդամենը Ադրբեջանի իշխանությանը կից գործող կազմակերպություններ են, որոնց միջոցով իրականացվում է օրինակ Լաչինի միջանցքի շրջափակում կամ գրոհ Հայաստանի հանքարդյունաբերական սեկտորի, Հայաստանի ատոմակայանի դեմ՝ իբրև թե դրանք վտանգում են ռեգիոնալ էկոլոգիան:

Ըստ այդմ, Հայաստան են ժամանել Իլհամ Ալիևի «հատուկ նշանակության քաղաքացիականները», և սա ոչ թե գնահատական է, այլ փաստի արձանագրում:

Այդ առնչությամբ, ուզում եմ հիշեցնել, որ արցախյան առաջին պատերազմից տարիներ անց՝ արևմտյան դոնորների նախաձեռնությամբ պարբերաբար կազմակերպվել են Ադրբեջանում ոչ կառավարական կազմակերպությունների հետ Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների շփումներ, հավաքներ, քննարկումներ: Դրանք եղել են հիմնականում Վրաստանում, նաև այլ երկրներում, բայց նաև մի քանի անգամ եղել է, որ հենց Հայաստանում:

Հետո՝ Իլհամ Ալիևը կտրուկ արգելեց «քաղաքացիականների» շփումը հայաստանյան գործընկերների հետ: Չեմ կարող ստույգ ասել, թե որ թվականներին էր, բայց դա այն ժամանակահատվածն էր, երբ Ադրբեջանն արդեն անցնում էր այսպես ասած ռազմական սրացման քաղաքականության: Դա թերևս մոտավորապես 2011-12 թվականներին էր, իսկ 2013-14-ից սկսած Բաքուն պարբերաբար լարում էր իրավիճակը սահմանին կամ շփման գծում:

Ալիևը կտրուկ արգելեց «քաղաքացիականների» շփումները, որովհետև այդ շփումները նրա համար լինելու էին հայ-ադրբեջանական հարցում ռազմական բաղադրիչի կիրառումն ուժգնացնելու քաղաքականության խոչընդոտ, առնվազն՝ կաշկանդող հանգամանք:

Ինչ եղավ հետո, չներկայացնեմ, բոլորի հիշողության մեջ թարմ է հետո եղածը:

Հիմա Իլհամ Ալիևը դեմ չէ «քաղաքացիականների» շփմանը, որովհետև ռազմական ճանապարհով լուծել է իր հարցերը, հետո ռազմական շանտաժով կորզել է քաղաքական զիջումներ, հիմա արդեն շոշափում է «փափուկ ուժի» ճանապարհով առաջ շարժվելու հողը:

Ինչ վերաբերում է հայաստանյան «քաղհասարակությանը», ապա այդ առնչությամբ մի քանի օր առաջ արել եմ Ֆեյսբուքում գրառում, թե որն է մեր «քաղհասարակության» ճարտարապետությունը: Գերազանցապես արտաքին դոնորներով ֆինանսավորվող սեկտորը չի կարող լինել Հայաստանի քաղհասարակություն: Այն կարող է կոչվել այդպես, բայց գործունեության վեկտորը որոշելու են նրանք, ովքեր ֆինանսավորում են: Սա 1+1-ի պես պարզ մի բան է: Իսկ դոնորները բնականաբար այդ ֆինանսավորումն իրականացնում են քաղաքական, այլ ոչ թե բարեգործական նկատառումներով:

Հայ-ադրբեջանական «քաղաքացիական հանրությունների» շփումները այդ քաղաքական օրակարգի մաս են: Ես ստույգ տեղեկություն չունեմ, բայց կարծում եմ, որ Ադրբեջանի ներկայացուցիչների այցը Երևան, եղել է հենց այդպիսի մի դրամաշնորհային ծրագիր՝ դոնորների «գաղափարական» ծիրում:

Իհարկե ավելորդ է խոսել այն մասին, թե այդ պատկերի հանդեպ ինչպիսին է Հայաստանի պետական քաղաքականությունը: Հետևաբար զարմանալի չէ, որ Իլհամ Ալիևի «հատուկ նշանակության քաղաքացիականներին» ընդունել է ԱԽ քարտուղարը:

Հիշու՞մ եք դասական դարձած հայտնի ֆիլմը, խորհրդանշական՝ «Կովկասի գերուհին» վերնագրով: «Նինան խնդրեց, որ հենց դուք նրան փախցնեք», ասում են Շուրիկին: «Նինան շա՞տ խնդրեց», հարցնում է նա: «Շատ-շատ»,- հնչում է պատասխանը՝ Շուրիկին համոզելու և առևանգման մեջ ներգրավելու համար:

Եթե դոնորները «շատ-շատ խնդրեին, ապա «քաղաքացիականներին» Հայաստանում կընդունեին թերևս պետական ավելի բարձր մակարդակով էլ: Նվազագույնը որովհետև դոնորների վերաբերմունքը մեծ նշանակություն ունի կառավարող ուժի նախընտրական նպատակների համար»:

Նմանատիպ նյութեր

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը պիտի քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը: Սակայն, ինչպես հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը, այդ գործով քննությունները հետաձգվել...

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի երկրներից տարհանում է ռազմական և դիվանագիտական անձնակազմը

ԱՄՆ-ն աստիճանաբար տարհանում է իր ռազմական և դիվանագիտական անձնակազմը Մերձավոր Արևելքի երկրներից, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։ «Վերջին օրերին ամերիկացի զինվորականներն աննկատ կերպով կրճատում են իրենց ներկայությունը Մերձավոր Արևելքի...

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Քոչարյանների գործով կալանքի անհրաժեշտությունը հիմնավորող փաստեր չեն ներկայացվել․ «Հայաստան» դաշինք

Հայր և որդի Քոչարյանների գործը, անկախ դրա անհիմն և ապօրինի լինելուց, վերաբերում է բացառապես ֆինանսական բնույթի մեղադրանքների, իսկ նախաքննությանը խոչընդոտելու վտանգի հիմնավորումները բացակայում են։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքից։ Բացատրենք։ Գործի հիմքում...

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը ծանոթացել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին

Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են Սյունիքի մարզ՝ TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկն ու հետագա ընթացքը տեղում քննարկելու նպատակով: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը,...