Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամների՝ առաջնորդությամբ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, կուսակցության ներկայացուցիչները Վեհափառ Հայրապետին համապարփակ տեղեկություններ են փոխանցել ՀՅԴ 35-րդ Ընդհանուր Ժողովի աշխատանքների մասին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բյուրոյի նորընտիր ներկայացուցչին և անդամներին՝ կարևորելով համազգային ներուժի ծառայեցումը հանուն հայրենիքի զորացման, ազգի արժանապատիվ ու լուսավոր գալիքի կերտման։
Հանդիպման ընթացքում արծարծվել են Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, անվտանգային սպառնալիքներին և Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր, առկա խնդիրների դիմագրավման գործում ընդգծվեց ազգային միասնության ու համախմբման անհրաժեշտությունը։