Անցյալ շաբաթ ես բացահայտեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամբողջովին կեղծ հայտարարությունը․ «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն արդարություն և կարեկցանք»։
Էրդողանի ստերը հերքելու համար ես ներկայացրեցի Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության գործած հանցագործությունների ցանկի առաջին մասը՝ պատրաստված Կանադայի հելլենական հետազոտությունների ինստիտուտի կողմից։
Ահա թուրքական հանցագործությունների երկրորդ և վերջին ցանկը.
«Գաղութատիրություն չկա» պնդման հերքում. ժամանակակից բնակեցում և բռնազավթումներ
Էրդողանի այն պնդումը, թե Թուրքիայի պատմության մեջ «գաղութատիրություն չկա», լիովին հերքվում է այն փաստով, որ Սելջուկյան և Օսմանյան կայսրություններից յուրաքանչյուրը ձևավորվել է տարածքային զավթումների, ենթարկեցման և տևական գաղութատիրական բռնազավթման հիման վրա: Բացի այդ, ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը մինչ օրս իրականացնում է իր սահմաններից դուրս ռազմական բռնազավթման, ռեսուրսների կողոպտման, ժողովրդագրական փոփոխությունների և պետականորեն ուղղորդվող վերաբնակեցման ծրագրերի քաղաքականություն։
— Ապօրինի բռնազավթում և վերաբնակեցման գաղութատիրություն Հյուսիսային Կիպրոսում (1974 թվականից մինչ օրս)
1974 թվականին Կիպրոս ռազմական ներխուժմամբ Անկարան հաստատեց կղզու փաստացի բաժանումը, որը շարունակվում է արդեն վեցերորդ տասնամյակը։ Թուրքիայի իշխանություններն իրականացրեցին ժողովրդագրական փոփոխության ագրեսիվ քաղաքականություն՝ հյուսիսում գտնվող իրենց բնօրրանից վտարելով 170-200 հազար բնիկ հույն կիպրացիների: Տարածքը վերջնականապես յուրացնելու նպատակով Թուրքիան, Ժնևի կոնվենցիայի խախտմամբ, կազմակերպեց բնակչության պետական տեղափոխում՝ հյուսիս բերելով տասնյակ հազարավոր թուրք վերաբնակիչների։
— Նեոգաղութատիրություն Հյուսիսային Սիրիայում (2016 թվականից մինչ օրս)
Սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում թուրքական զինված ուժերը հաջորդական ռազմական գործողություններ իրականացրեցին՝ Հյուսիսային Սիրիայում 30 կիլոմետր խորությամբ բուֆերային գոտու բռնազավթման համար, ինչը ռազմական բռնազավթման դասագրքային օրինակ է՝ նեոգաղութատիրությանը բնորոշ գծերով։ Այս ռազմավարության կենտրոնում վարչական և մշակութային ոչնչացման համակարգված գործընթացն է, որի ընթացքում Թուրքիան տեղական սիրիական առողջապահության, կրթության և դատական ոլորտները անմիջապես դրեց Թուրքիայի ներսում գտնվող Հաթայի նահանգապետարանի բյուրոկրատական վերահսկողության տակ։ Այս կենտրոնացված իշխանության ներքո դպրոցական ծրագրերը բռնի ուժով փոխվեցին թուրքականի, որպես հիմնական արժույթ ներմուծվեց թուրքական լիրան, իսկ քրդական փողոցների տեղական անվանումներն ու մշակութային տոները խստիվ արգելվեցին։
— Ռազմական ներխուժում Արցախ (2020–2023 թթ.)
Թուրքիայի ժամանակակից տարածաշրջանային հավակնություններն էապես ձևավորել են Հարավային Կովկասի քարտեզը՝ կիրառելով արդիական ռազմական ուժ՝ տեղական ժողովրդագրությունն ուղղակիորեն փոխելու նպատակով: 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Թուրքիան ցուցաբերեց վճռորոշ, ուղղակի ռազմական, հետախուզական և լոգիստիկ աջակցություն Ադրբեջանին: Թուրք բարձրաստիճան զինվորականները ղեկավարում էին օպերատիվ պլանավորումը, մինչդեռ առաջատար անօդաչու թռչող սարքերը կիրառվում էին հայկական պաշտպանությունը ոչնչացնելու համար: Բաքվի ռազմական հաղթանակը հաջողությամբ կոտրեց երեք տասնամյակ տևած փակուղին՝ ուղղակիորեն ճանապարհ հարթելով Արցախից շուրջ 120 հազար բնիկ հայերի ամբողջական տեղահանման և էթնիկ զտման համար 2023 թվականին։
— Քրդական ենթակառուցվածքների ռմբակոծություն Սիրիայում և Իրաքում (2023 թ.)
2023 թվականի հոկտեմբեր․ Անկարան սկսեց օդային և անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ ու ավերիչ հարվածների արշավ Սիրիայի և Իրաքի քրդաբնակ շրջանների դեմ՝ վնասելով կենսական նշանակություն ունեցող մարդասիրական ենթակառուցվածքները, այդ թվում՝ ջրամղիչ կայանները, էլեկտրակայանները, նավթավերամշակման գործարանները և կենցաղային գազի օբյեկտները։ Ընդգծելով հարձակման ահռելի մասշտաբը՝ իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդել են Իրաքում մինչև 2024 թվականի կեսերին իրականացված ավելի քան 1000 առանձին օդային հարվածների մասին:
— Օրինականացված լռություն․ Թուրքիայի քրեական օրենսգրքի հոդված 301
Հայոց ցեղասպանության ճանաչումն արգելված է Թուրքիայի դատական համակարգի կողմից: Այս պատմական ոճրագործությունները քննարկել փորձող այլախոհներին, լրագրողներին և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին պատժելու հիմնական իրավական մեխանիզմը Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածն է:
301-րդ հոդվածը քրեականացնում է «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությանը կամ Թուրքիայի Ազգային մեծ ժողովին հրապարակայնորեն վիրավորելու» արարքը։ Այս օրենքով դատապարտված յուրաքանչյուր ոք ենթարկվում է ազատազրկման՝ վեց ամսից մինչև երկու տարի ժամկետով։ Օրենքն ագրեսիվ կերպով կիրառվում է այն անձանց թիրախավորելու համար, որոնք հրապարակայնորեն օգտագործում են «ցեղասպանություն» բառը կամ հրապարակում են ազգային փոքրամասնությունների կոտորածները մանրամասնող աշխատություններ։ Այս օրենքով հետապնդվել են հայտնի մտավորականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը՝ հայերի և քրդերի զանգվածային սպանությունները հիշատակելու համար: Նույն կերպ, խաղաղության ակտիվիստ Յանիս Վասիլիս Յայլալին երկու տարով ազատազրկվել է Հայոց և հույների ցեղասպանությունների զոհերի հիշատակը ոգեկոչելու համար։
Պետականորեն հովանավորվող այս իրավական թիրախավորման վտանգն ամբողջությամբ ի հայտ եկավ պոլսահայ ականավոր լրագրող Հրանտ Դինքի նշանակալից դատական գործով։ Դինքը Հայոց ցեղասպանության մասին իր հոդվածների համար 301-րդ հոդվածով բազմիցս ենթարկվել է քրեական հետապնդման և դատապարտվել։ Պետության հանրային իրավական արշավը նրան ներկայացրեց որպես դավաճան՝ ստեղծելով թշնամական ներքին միջավայր, ինչն ի վերջո հանգեցրեց 2007 թվականին ծայրահեղ ազգայնականի կողմից նրա սպանությանը։ Չնայած օրենքը փոփոխվեց 2008 թվականին՝ գործ հարուցելուց առաջ Արդարադատության նախարարության հստակ թույլտվությունը պահանջելու համար, այն մնում է պետական գրաքննության հզոր գործիք՝ վախի միջոցով արդյունավետորեն պարտադրելով պետության կողմից հաստատված պատմությունը։
Էրդողանի բարոյական գերազանցության և ընտրողական բարոյախոսության վտանգը
Պնդելով, թե Թուրքիայի անցյալում եղել է «միայն արդարություն և կարեկցանք», Էրդողանն, ըստ էության, ջնջում է միլիոնավոր բնիկ փոքրամասնությունների սերունդների ցավն ու ապրած փորձառությունը, որոնք համակարգված կերպով արմատախիլ են արվել Արևելյան Թրակիայից, Անատոլիայից, Հայկական լեռնաշխարհից, Կիպրոսից և Լևանտից։
Եզրակացություն
Պատմական կատարելության մասին համատարած պնդումները քաղաքական նպատակահարմարության գործիքներ են, այլ ոչ թե պատմական իրականություն։ Օսմանյան կայսրության ուշ շրջանից մինչև Թուրքիայի Հանրապետություն իշխանության փոխանցումն անժխտելիորեն բարդ, խորը սպիներով լի ժառանգություն է, որը պահանջում է թափանցիկություն, բաց արխիվային հասանելիություն և մութ էջերին ազնվորեն առերեսվելու քաջություն։ Այս համակարգային վերքերն իսկապես բուժելու համար Թուրքիան պետք է իրականացնի «ճշմարտության և հաշտեցման» գործընթաց։ Նման շրջանակը պետությանը թույլ կտա առերեսվել պետական հովանավորչությամբ իրականացված անցյալի անարդարություններին՝ հանրային վկայությունների, խորքային կրթության և պաշտոնական պատասխանատվության միջոցով՝ ապացուցելու, որ իրական արդարադատությունն ու միջազգային հեղինակությունը չեն կարող կառուցվել պետության կողմից պարտադրված լռության վրա։ Թուրքիայի համար համաշխարհային ասպարեզում իսկական բարոյական առաջնորդության հասնելը պահանջում է հրաժարվել պաշտպանական քաղաքական հռետորաբանությունից և արտերկրի զոհերի համար պահանջվող նույն կարեկցանքը տարածել նաև սեփական պատմական տարեգրության զոհերի հիշատակի վրա։
(երկրորդ և վերջին մաս)
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի





