Ընտրությունները կարող են ունենալ երկու հետևանքներ՝ մեկը՝ ՀՀ-ի ապագայի համար, մյուսը՝ Փաշինյանի համար․ Սասունյան

20 Մայիսի, 2026

Աշխարհասփյուռ հայությունը ուշադիր հետևում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին՝ տեսնելու, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը կպահպանի իր մեծամասնությունը խորհրդարանում, ինչը նրան թույլ կտա մնալ պաշտոնում ևս հինգ տարի։

Այս ընտրությունները կարող են ունենալ երկու հիմնական հետևանքներ՝ մեկը՝ Հայաստանի ապագայի համար, իսկ մյուսը՝ հենց Փաշինյանի համար։

1. Հետևանքները Հայաստանի համար

Հաշվի առնելով Փաշինյանի վերջին ութ տարիների կործանարար գործունեությունը՝ բազմաթիվ հայեր մտավախություն ունեն, որ եթե նա շարունակի մնալ իշխանության գլուխ, Հայաստանի գոյատևումը կարող է վտանգվել։ Ահա նրա հիմնական ձախողումներից մի քանիսը.

ա) Ադրբեջանի դեմ 2020 թվականի պատերազմի սխալ կառավարումը, որը հանգեցրեց Արցախի մեծ մասի կորստին և հազարավոր հայ զինվորների մահվան։

բ) Ադրբեջանական բանակին թույլ տալը, որ ներխուժի և շարունակի բռնագրավված պահել Հայաստանի Հանրապետության տարածքի որոշ հատվածներ 2021 և 2022 թվականներից ի վեր։

գ) 2022 թվականին Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հակառակ նախկինում արված այն հայտարարաությանը, թե «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։

դ) 2023 թվականին Արցախից 120,000 հայերի բռնի տեղահանումը կանխելու հարցում անկարողությունը։

ե) Արցախյան հարցը փակված համարելը և արցախցի փախստականներին «փախածներ» որակելը։

զ) Պնդելը, թե Արցախի հանձնելն ամրապնդել է Հայաստանի անկախությունը։

է) Սահմանադրության խախտմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին միջամտելը և մի քանի բարձրաստիճան հոգևորականների բանտարկելը։

ը) Բաքվում պահվող հայ գերիների և Արցախի ղեկավարների ազատ արձակումն ապահովելու հարցում ձախողումը։

թ) Հաճախակի ենթարկվելը նախագահ Իլհամ Ալիևի պահանջներին՝ Հայաստանի կարևորագույն հարցերում զիջումներ կատարելու համար։

2. Հետևանքները Փաշինյանի համար 

Փաշինյանի ապագան կարող է ամբողջությամբ կախված լինել այս ընտրությունների արդյունքից։ Հայաստանի օրենքների և Սահմանադրության խախտումների պատճառով նա կարող է ձերբակալվել և ենթարկվել հետապնդման, եթե կորցնի իշխանությունը։ Այդ պատճառով նա հնարավոր ամեն ինչ կանի՝ օրինական կամ այլ ճանապարհներով՝ հունիսի 7-ի ընտրություններում հաղթանակ ապահովելու և բանտարկությունից խուսափելու համար։

Չնայած համատարած դժգոհությանը՝ Փաշինյանը դեռ կարող է մնալ պաշտոնում, քանի որ գործող իշխանավորները նախընտրական քարոզարշավների ժամանակ սովորաբար օգտվում են պետական հսկայածավալ ռեսուրսներից: Բացի այդ, իր կատարած զիջումների շնորհիվ նա ստացել է Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության և Միացյալ Նահանգների աջակցությունը: Նրանք հասկանում են, որ ընդդիմադիր ուժերի հաղթանակի դեպքում Փաշինյանի քաղաքականության և զիջումների մեծ մասը կարող է չեղարկվել:

Այնուամենայնիվ, Փաշինյանի քաղաքական վարկանիշը կտրուկ անկում է ապրել։ Նրա վստահության վարկանիշը, որը 2018 թվականին կազմում էր 82%, 2026 թվականին նվազել է՝ հասնելով 10%-ից մի փոքր ավելի։ Այս կտրուկ անկումը կարող է հնարավորություն ստեղծել ընդդիմադիր կուսակցությունների համար՝ իշխանության գալու։

Սակայն ընդդիմությունը բախվում է մի շարք լուրջ խոչընդոտների։

Մասնատված ընդդիմություն

1) Հայաստանը, չնայած իր փոքր երկիր լինելուն,  զարմանալիորեն ունի 123 գրանցված կուսակցություն, որոնցից շատերը բաղկացած են ընդամենը հիմնադրից և համակիրների փոքր շրջանակից։ Բարեբախտաբար, ոչ բոլորն են մասնակցում հունիսի 7-ի ընտրություններին։ Այդուհանդերձ, պաշտոնապես գրանցվել է 19 քաղաքական միավոր՝ 17 առանձին կուսակցություն և 2 դաշինք։ Այս մասնատվածությունը ձեռնտու է իշխող կուսակցությանը, քանի որ ընդդիմությունը բաժանվում է բազմաթիվ մրցակցող խմբերի միջև։

Կոալիցիոն հնարավորություններ

Եթե ընդդիմադիր կուսակցությունները հավաքականորեն ապահովեն ձայների 50%-ից մի փոքր ավելին  և հաջողությամբ կոալիցիա կազմեն խորհրդարանում, նրանք հնարավորություն կունենան առաջադրելու իրենց վարչապետին և հեռացնելու Փաշինյանին պաշտոնից։

Հայաստանի բարդ ընտրական համակարգը

Հայաստանի ընտրական համակարգը համատեղում է իսրայելական ոճի համամասնական ընտրակարգի, գերմանական ոճի կայունության մեխանիզմի և հետխորհրդային Արևելյան Եվրոպայի բարեփոխումների տարրերը։

Ըստ ներկա օրենսդրության՝

1) Խորհրդարան անցնելու համար կուսակցությունը պետք է ստանա ձայների առնվազն 4%-ը։

2) Երկու կամ երեք կուսակցություններից բաղկացած կոալիցիաները պետք է ստանան ձայների առնվազն 8%-ը:

3) Երեքից ավելի կուսակցություններից բաղկացած կոալիցիաները պետք է ստանան ձայների  առնվազն 10%-ը:

Այն կուսակցությունների օգտին տրված ձայները, որոնք չեն հաղթահարում սահմանված շեմը, համամասնորեն վերաբաշխվում են անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունների միջև։

Ընդդիմության ամենամեծ խնդիրը

Այս համակարգի ամենավիճահարույց կողմն այն է, որ եթե Փաշինյանի կուսակցությունը ստանա ձայների ամենամեծ բաժինը, ապա այն կստանա նաև անցողիկ շեմը չհաղթահարած ընդդիմադիր կուսակցությունների վերաբաշխված ձայների զգալի մասը։ Հեգնական է, բայց Փաշինյանի դեմ քվեարկող ընտրողները կարող են ակամա օգնել ամրապնդելու նրա խորհրդարանական մեծամասնությունը։ Այդ պատճառով շատ ավելի փոքր կուսակցությունները, որոնք շեմը հաղթահարելու իրատեսական քիչ հնարավորություն ունեն, չպետք է մտնեին  պայքարի մեջ։ Այդպիսով նրանք ռիսկի են դիմում փոշիացնել Փաշինյանի դեմ քվեարկած ձայները և անուղղակիորեն օգուտ տալ իշխող կուսակցությանը։

Մեկ անսովոր պաշտպանություն

Հայաստանի ընտրական համակարգի անսովոր առանձնահատկություններից մեկն այն է, որ խորհրդարանը պետք է կազմված լինի առնվազն երեք կուսակցությունից։ Հետևաբար, եթե միայն մեկ կուսակցություն է հաղթահարում պահանջվող շեմը, հաջորդ երկու ամենաբարձր արդյունքներ գրանցած կուսակցությունները նույնպես կարող են մանդատներ ստանալ, նույնիսկ եթե չեն հասել 4%-ի շեմին։ Նման դեպքում այդ լրացուցիչ կուսակցությունները հավաքականորեն կստանան խորհրդարանական տեղերի մեկ երրորդը՝ անկախ իրենց հավաքած ձայների փաստացի քանակից։

Ինչ պետք է անի ընդդիմությունը

Եթե ընդդիմադիր կուսակցությունները ցանկանում են մեծացնել իրենց հնարավորությունները, նրանք պետք է ավելի քիչ կենտրոնանան Փաշինյանի հավատարիմ կողմնակիցներին իրենց կողմը գրավելու վրա։ Կառավարության բազմաթիվ աջակիցներ օգտվում են պետական աշխատանքից, խոշոր պարգևավճարներից և մենաշնորհային պայմանագրերից, և, հետևաբար, քիչ հավանական է, որ նրանք կլքեն իշխող կուսակցությունը։ Դրա փոխարեն ընդդիմադիր խմբերը պետք է կենտրոնանան ընտրելու իրավունք ունեցող այն մեծաթիվ քաղաքացիների մոբիլիզացման վրա, որոնք ներկայումս հայտարարում են, որ չեն պատրաստվում մասնակցել քվեարկությանը։

Եթե ընդդիմադիր ուժերին հաջողվի խորհրդարանական մեծամասնություն կազմել, նրանց առաջնահերթություններից մեկը պետք է լինի Հայաստանի ընտրական օրենսդրության բարեփոխումը և ներկայիս համակարգի փոխարինումն առավել ավանդական ընտրակարգով, որը նման կլինի բազմաթիվ այլ երկրներում կիրառվող մոդելներին։

Այդ ընթացքում, Հայաստանի յուրաքանչյուր գրանցված ընտրող պետք է մասնակցի հունիսի 7-ի ընտրություններին՝ երկրի ապագան ուրիշների ձեռքում չթողնելու համար։

Արտերկրում ապրող Հայաստանի այն քաղաքացիները, որոնք պահպանում են ընտրելու  իրավունքը, պետք է ամեն ջանք գործադրեն Հայաստան ժամանելու և իրենց ձայնը տալու համար: Իսկ նրանք, ովքեր չեն կարող ժամանել, պետք է հորդորեն Հայաստանում գտնվող իրենց հարազատներին ու ընկերներին՝ մասնակցել հունիսի 7-ի քվեարկությանը:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

Նմանատիպ նյութեր

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. «Հետք»

Հայտնի են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման մանրամասները. «Հետք»

Ապրիլի 29-ին Աղվերանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել եւ փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ 3 ուղեցույցների նախագծերի տեքստերը: Կողմերը պայմանավորվել էին, որ կդիմեն...

Ուիթքոֆֆը Ռուսաստան կայցելի

Ուիթքոֆֆը Ռուսաստան կայցելի

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆը «մոտ ժամանակում» այցով կժամանի Ռուսաստան։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների...

Տխմար ստի հիման վրա հարուցել են քաղաքական քրեական վարույթ․ Արամ Վարդևանյան

Տխմար ստի հիման վրա հարուցել են քաղաքական քրեական վարույթ․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Քայլ 1. Հրապարակել տխմար սուտ, Քայլ 2. Տխմար սուտի հիման վրա հարուցել քաղաքական քրեական վարույթ, բայց դրա մասին հայտարարել քաղաքական մարդու միջոցով ՆԱԽԱՊԵՍ, Քայլ 3. Տարածել տխմար սուտը, շեղել ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից:...

Պեկինը և Մոսկվան քաջություն են ցուցաբերում միջազգային արդարադատությունը պահպանելու գործում

Պեկինը և Մոսկվան քաջություն են ցուցաբերում միջազգային արդարադատությունը պահպանելու գործում

Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են երկարաձգել Բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիրը։ Այդ մասին նա ասել է Պեկինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։ Գրում է ՏԱՍՍ-ը: Ինչ հայտարարություններ է արել...

Նման պայմաններում ԵՄ լռությունը չեզոքություն չէ․ դա քաղաքական ընտրություն է․ Վարդան Օսկանյան

Նման պայմաններում ԵՄ լռությունը չեզոքություն չէ․ դա քաղաքական ընտրություն է․ Վարդան Օսկանյան

Երեկ ես հրապարակեցի անգլերեն հոդված՝ ուղղված Հայաստանում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին և արևմտյան դիտորդներին՝ հույս ունենալով, որ նրանք կհաղթահարեն իրենց կողմնակալությունը, կխախտեն լռությունը և կհնչեցնեն իրենց դատապարտումը իշխող...