Երեխային հեռախոս խոստացած Մասիսի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն մինչ այս պահը չի հարցաքննվել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Հովհաննես Հակոբյանն անձամբ։
Ավելի վաղ գրել էինք, որ Մասիս համայնքի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ընտրակաշառք խոստանալու փաստի առթիվ։
«Սպասենք պաշտոնական հայտարարություններին, ներկա պահին չեմ հարցաքննվել»,- ասել է Հակոբյանը։
Նշենք, որ այսօր քարոզարշավի առաջին օրն է։ Մասիսում առաջադրված են երկու ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։
«Մարդիկ ինքնաբուխ հավաքվել են, եկել մեր քարոզարշավին, առաջին օրն է։ Անելիքներ ու ասելիքներ շատ են լինելու։ Շանսերս ժողովուրդը պետք է գնահատի, ու կարծում եմ՝ բարձր, որովհետև զգում եմ այդ ուժը»,- ասել է ՔՊ-ական թեկնածուն։




