Ձեր փաստերի ստուգումը փաստերի ստուգում չի անցնում. Բագրատ Միկոյան

7 Մայիսի, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջում ապրիլի 28-ին հրապարակվեց «Հայկական համալսարանի» ուսանողների հետ հանդիպման ոչ ամբողջական տեսագրությունը, որում նախկին նախագահը պատասխանում էր ուսանողների և դասախոսների հարցերին։

Օրեր անց «Սիվիլնեթի» փաստերի ստուգման հարթակը հրապարակեց ուսումնասիրություն, նաև մի վերլուծական նյութ հրապարակեց երկրորդ նախագահի որոշ դիտարկումների վերաբերյալ՝ «հակասություններ» առանձնացնելով։ Yerevan.Today-ը հաճախ անդրադառնում է պատմական թվերին և փաստերին, զբաղվում նմանատիպ տվյալների հավաքագրմամբ և ներկայացմամբ իր ընթերցողին, սակայն որոշեցինք ինքներս կրկնակի «Fact-checking» չանել, այլ դիմեցինք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանություն լրատվամիջոցի ուսումնասիրության վերաբերյալ։

Հրապարակում ենք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի արձագանքները՝ ըստ թեմաների։

 Արտաքին առևտրաշրջանառություն

Ռոբերտ Քոչարյանն ասել էր․ «Առևտրի 60%-ն այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրամիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22-24 %-ն էր։ Հիմա 6-7% է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60%»։

Ըստ «Սիվիլնեթ»-ի՝ արտաքին առևտրի ընդհանուր միտումները Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է նկարագրել, սակայն ոչ ճշգրիտ թվերով։

Կայքը վիճակագրական թվեր է հրապարակել, ըստ որոնց՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության մասնաբաժինը տատանվել է 11%-ից մինչև 21%։ Նույն ժամանակահատվածում Եվրամիության հետ առևտրաշրջանառությունը կազմել է 28–38%։ 2024 թվականին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 41.1%, իսկ 2025-ի հունվար-փետրվարին՝ 35.1%։ ԵՄ-ի հետ կապված թվերը գրեթե համընկնում են՝ 2024-ին այն կազմել է 7.7%, իսկ 2025-ի հուվար-փետրվարին՝ 10.7%։

Լրատվամիջոցի այս պնդման վերաբերյալ Բագրատ Միկոյանն ասաց․ «Նախագահը, հիշելով, 18-ամյա վաղեմության մոտավոր թվեր էր բերում՝ ցույց տալու համար, թե ներկայում որքան էական է փոխվել իրավիճակը Ռուսաստանից մեծ կախվածության ուղղությամբ։ Եթե «Սիվիլնեթ»-ը ներկա ապրանքաշրջանռությանն ավելացնի Հայաստանի տնտեսությունում ծառայությունների ծավալների (բանկեր, զբոսաշրջություն և այլն) ձևավորման մեջ Ռուսաստանի բաժինը, կստանաք այն իրական թվերը, որոնց մասին խոսում էր նախագահը»։

Խաղաղապահների վերաբերյալ

«Սիվիլնեթ»-ը գրում է, թե՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունը «վատ չէր անում իր ֆունկցիաները, մինչև ինչ-որ պահ», խնդրահարույց է՝ հաշվի առնելով ռուսական խաղաղապահների ներկայության ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ միջադեպերը, որոնք ուղեկցվել են նաև մարդկային և տարածքային կորուստներով։

Կայքը հիշում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից և ռուս խաղաղապահների տեղակայումից մեկ ամիս անց ադրբեջանական զինված ուժերի կողմից Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի գրավումը, որի ժամանակ 62 հայ զինծառայող գերեվարվեց, 9-ը զոհվեցին։ 2022-ի մարտին ադրբեջանցիների կողմից Փառուխ գյուղն ու Քարագլուխ բարձունքի գրավումը, որի ժմանակ 3 հայ զինծառայող զոհվեց, 2022թ․ սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ ներխուժումը և ՀԱՊԿ-ի՝ չխառնվելը և այլն, և նշում են, որ դա եղել է Պրահայի քառակողմ հանդիպումից առաջ և պնդում են, թե Քոչարյանի պնդումը ճիշտ չէ, թե Փաշինյանի՝ Պրահայում հայտարարությունից հետո է խաղաղապահների աշխատանքը վատթարացել։

Բագրատ Միկոյանն այս մասին ասաց հետևյալը․ «Հին Թաղերում և Խծաբերդում խաղաղապահներ պարզապես չկային, քանի որ Հադրութի շրջանի հարավում հայկական հսկողության տակ մնացած փաստացի անկլավը խաղաղապահների տեղակայման գոտում չէր ընդգրկվել։ Խաղաղապահների հրամանատարը այնտեղ ժամանել է միջադեպի փաստով արդեն դրա հաջորդ օրը, սակայն ադրբեջանցիները թույլ չէին տվել մտնել տարածք՝ համարելով այն խաղաղապահների պատասխանատվության տիրույթից դուրս։ Տեղի ունեցածի մանրամասների մասին չէի ցանկանա խոսել, սակայն պատրաստ եմ «Սիվիլնեթ»-ի լրագրողին կոնֆիդենցիալության պայմաններում պատմել դրա մասին։   

Հայաստան-Ադրբեջան սահմանը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում չէր։ Ըստ Սահմանադրության, երկրի տարածքային ամբողջականության համար  պատասխանատու են Հայաստանի իշխանությունները։ Սա չարժե կախել խաղաղապահների վրա։ 

Փառուխի դեպքն իսկապես եղել է։ Այդ իսկ պատճառով նախագահը, խոսելով խաղաղապահ զորախմբի մասին, ասաց, որ «վատ չէր անում իր ֆունկցիաները մինչև մի պահ․․․», այլապես կասեր՝ «լավ էր անում․․․»։ Ի դեպ, մինչև այդ միջադեպը Հայաստանի իշխանություններն արդեն բավական թափանցիկ ակնարկում էին Արցախը հանձնելու պատրաստության մասին, ինչը թուլացնում էր Ռուսաստանի միջնորդական ներուժը»։ 

Բագրատ Միկոյանը նաև նշեց դրական, որ կային շատ դրական բաներ․ «Լաչինի միջանցքն անխափան գործում էր։ Տասնյակ դեպքեր կային, երբ խաղաղապահները կանխում էին կոնֆլիկտները։ Նրանց հսկողությամբ գյուղացիները մշակում էին հողերը, բերք հավաքում և դա, փաստացի, ամենուր էր։ Խաղաղապահների օգնությամբ Արցախի ԱԻՆ ծառայության կողմից հայտնաբերվեցին զոհվածների բազմաթիվ մարմիններ։ Ընդհանուր առմամբ, մինչև Պրահայի չարաբաստիկ հանդիպումը Արցախում կար խաղաղապահների կայուն դրական ընկալում։ Իրավիճակը կտրուկ վատացավ հատկապես Արցախը որպես Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո։ Բաքվի վերաբերմունքը խաղաղապահների և նրանց առաքելության նկատմամբ կտրուկ փոխվեց դեպի վատը»։ 

ՀՕՊ միջոցների և ինքնաթիռների գնման վերաբերյալ։

«Սիվիլնեթ»-ն անդրադառնում է երկրորդ նախագահի խոսքին, որ պատերազմի ժամանակ հայկական հակաօդային պաշտպանությունը արդյունավետ չի եղել․ «ՀՕՊ-ը չաշխատեց։ Ինչո՞ւ ամբողջ օդը չփակվեց։ Որովհետև ՀՕՊ-ի պատվերը փոխել են, առել են «Սու»-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործել, բայց լավ սելֆիներ են արել դրանց ֆոնի վրա։ Հիմա սրա մասին պե՞տք է խոսել, թե՞ պետք չէ»։

«Սիվիլնեթ»-ը հղում է անում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ սպառազինության ձեռք բերման պլանով նախատեսված «Տոր» համակարգերը և «Օսա-ԱԿ» համակարգեր ձեռք բերվել են և ինքը գիտի, որ չի փոխվել սպառազինության և ռազմական տեխնիկայի պլանը։ Սակայն կայքը նշում է, թե այս տեղեկությունը բաց աղբյուրներով ճշտել հնարավոր չէ, քանի որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ այլոք չեն հրապարակել ապացույցներ։

Արձագանքելով «Սիվիլնեթ»-ի այս պարբերությանը, Բագրատ Միկոյանը զարմանք հայտնեց․ «Հետաքրքիր է, թե ինչպես է «Սիվիլնեթ»-ը պատկերացնում գաղտնի պայմանագրեր ներկայացնելը ընդդիմության կողմից։ Ընկերներ, դուք գոնե ջանացեք փոքր-ինչ օբեկտիվ երևալ»։

Բարեփոխումների և տրամաչափերի վերաբերյալ

Սիվիլնեթը հրապարակել էր նաև Էդուարդ Առաքելյան հեղինակի հոդվածը երկրորդ նախագահի՝ հայկական բանակում հրետանային տրամաչափերի քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, թե Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է անցում Ռուսաստանից կախվածության մոդելի։ Դա համարում է հնացած և անարդյունավետ։ Նաև նշվում է տարբեր երկրներում փորձի, ինչպես նաև մատակարարումների լոգիստիկայի մասին։

Այս առումով Բագրատ Միկոյանը Yerevan.Today-ին ասաց «Պարզապես նայեք քարտեզին, գուցե տեսնեք, որ մատակարարումների լոգիստիկան չափազանց կարևոր է, և որ բարդ տեխնիկայի վերանորոգումը և սպասարկումը նույնպես ծայրահեղ կարևոր է, և որ այդ տեխնիկայի կիրառումը սովորելը դարձյալ շատ կարևոր է։ Մատակարար երկրների բազմազանեցումը ըստ հրետանու տրամաչափերի, ծայրաստիճան կբարդացնի բոլոր այդ հարցերը։ Զինվորականները դա անվանում են սպառազինությունների գազանանոց։

Եվ ընդհանրապես, հանդիպման ժամանակ խոսքը գնում էր ոչ թե միայն տրամաչափի, այլ մրցակցային մակարդակով սպառազինության բացարձակապես ամբողջ սպեկտրը արտադրող երկրի հետ վստահելի համագործակցության մասին։ Ռուսաստանը դա ամեն օր ապացուցում է Ուկրաինայում։ Գուցե չգիտե՞ն, որ Ռուսաստանի ռազամաարդյունաբերական համալիրը այնպիսի թափ է հավաքել, որ փոխադարձ վստահության դեպքում հնարավոր է ինքնարժեքով լրացնել սպառազինության և ռազմամթերքի ամբողջ պաշարը»։

«Ձեր փաստերի ստուգումը, փաստերի ստուգում չի անցնում»,- եզրափակեց Բագրատ Միկոյանը։

 

Պատրաստեց Աննա Գորգինյանը

Նմանատիպ նյութեր

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

Դատարանի որոշման հետ համաձայն չենք․ Արամ Օրբելյան

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի պաշտպանների բողոքը՝ նշելով, որ առաջին ատյանի որոշումը հիմնավոր է, ու ոչ մի այլ բան չի ավելացրել։ ArmeniaSputnik-ին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը: «Դատարանը չի անդրադարձել հիմնավոր կասկածի վերաբերյալ մեր փաստարկներին`...

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանը մշտապես օգնություն է ցուցաբերել ամերիկյան պետականության կայացմանն ու պահպանմանը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակի առթիվ, որում նշել է ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմական բնույթը և անդրադարձել երկու երկրների միջև երկխոսության...

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Չկա մի նահատակ, որ նահատակվել է Արցախում, բայց դա չի եղել հանուն Հայաստանի․ Վարդանյան

Եթե Հայաստանը հիմա կա այս սահմաններով, այսպիսի բնակչության համամասնությամբ դա Արցախյան շարժման արդյունք է։ Մենք սխալվել ենք մեր անվտանգության հարցը լոկալիզացնելով ու խոսույթ ստեղծելով, որ զրկանքներ ենք կրում Արցախի համար։ Դա եղել է Հայաստանի համար։ Այս մասին գրել է ԱԺ...

Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը․ «Հետք»

Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, և ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը․ «Հետք»

Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեեւ ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք...

Պայթյուն և հրդեհ՝ Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել

Պայթյուն և հրդեհ՝ Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել

Հուլիսի 4-ին՝ ժամը 02։27-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու...