Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. «Փաստ»

13 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական դաշտում արտախորհրդարանական ուժերի վարքագիծն ու դերակատարումը վաղուց դուրս են եկել դասական ընդդիմադիր տրամաբանությունից՝ վերածվելով իշխող համակարգի կայունությանն ու վերարտադրությանը նպաստող առանցքային գործոնի: Ընտրությունների փուլում հանրությանը այլընտրանք խոստացող, սակայն արդյունքում ընդդիմադիր ու դժգոհ ընտրազանգվածի ձայները պառակտող ու փոշիացնող այս միավորները քվեարկության ավարտից անմիջապես հետո, ըստ էության, անհետանում են քարտեզից՝ որպես քաղաքական գործոն:

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների թվային պատկերը լավագույնս է բացահայտում ձայների փոշիացման այս քաղաքական մեխանիզմը: Ընտրություններին մասնակցած 18 քաղաքական միավորից խորհրդարան չանցած ուժերին բաժին է ընկել ավելի քան 230 հազար քվե։ Սա ահռելի քաղաքական ռեսուրս է, որը, չանցնելով անցողիկ շեմերը, ըստ ընտրական մեխանիզմների, փաստացի «նվիրաբերվեց» առաջատար իշխող ուժին՝ դյուրացնելով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդումն ու վերարտադրությունը:

Այս ընդհանուր պատկերում առանձնահատուկ ու բացառիկ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) դեպքը (58287 ձայն, 3,98%): Ի տարբերություն մյուս արտախորհրդարանական միավորների, ԲՀԿ-ի պարագայում առկա է քաղաքական բոլորովին այլ իրողություն. կուսակցությունն իրականում ունեցավ բավարար ընտրական աջակցություն և հաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ շեմը, սակայն իշխանությունների իրականացրած բիրտ քաղաքական միջամտության արդյունքում ԲՀԿ-ի ձայները պարզապես գողացվեցին:

Գործող իշխանությունն ամեն գնով կանխեց ԲՀԿ-ի մուտքը Ազգային ժողով, քանի որ վերջինիս առկայությունը խորհրդարանում էականորեն կխախտեր իշխանական մեծամասնության հարմարավետությունը:

Մինչդեռ մյուս արտախորհրդարանական ուժերը լրիվ այլ առաքելություն ունեին: Այդ օրինաչափության առանցքային դերակատարներից են Գուրգեն Սիմոնյանի գլխավորած «Հայաստանի Շնորհապետական» կուսակցությունը (30642 ձայն, 2,09 %) և Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը (33537 ձայն, 2,29%): Սահմանված օրենսդրական մեխանիզմներով՝ որոշակի շեմեր հաղթահարած սույն քաղաքական միավորները պետական բյուջեից ստանում են պատկառելի ֆինանսավորում: Նրանց դեպքում այդ պետական ֆինանսավորման առկայությունը փաստացի ապահովում է կուսակցական ապարատների գոյությունը: Հարկատուների հաշվին գոյացող այս միջոցները տրամադրվում են ոչ թե պարզապես գոյություն պահպանելու, այլ ակտիվ քաղաքական-հանրային աշխատանք ծավալելու, իշխանություններին հակակշռելու և քաղաքացիների շահերը պաշտպանելու համար: Փոխարենը, սակայն, ստացվել է մի իրավիճակ, երբ բյուջեից ֆինանսական հոսքերը կանոնավոր «կաթում են», իսկ այդ ուժերն ու նրանց առաջնորդները հայտնվել են խոր «լուսանցքում»՝ ցուցաբերելով բացարձակ անգործություն:

Այս շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը (15808 ձայն, 1,08 %): Ընտրություններում տանելով զգալի քանակությամբ ձայներ՝ Արամ Զ. Սարգսյանը թե՛ նախընտրական շրջանում, թե՛ ընտրություններից հետո, թե՛ այժմ դրսևորում է իշխանության «սազանդարի» վարքագիծ: Նա դարձել է այն եզակի քաղաքական գործիչներից, որն ուղղակիորեն կամ վատ քողարկված արդարացնում է իշխանական ձախողումները, ընդհուպ՝ Շաքիի վերջին տագնապալի դեպքերում Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորի հանցավոր վարքագիծն ու քայլերը թեթևացնելու կամ շեղելու փորձերը:

Ուշագրավ է նաև մյուս արտախորհրդարանական միավորների վարքագիծն ու ճակատագիրը: Օրինակ՝ «Քոչարի» կուսակցությունը (1986 ձայն, 0,13%), հավաքելով աննշան ու ցածր տոկոս, ընտրարշավի ընթացքում ծավալեց ակնհայտ ամոթալի գործունեություն. փոխանակ իշխանափոխության իրական օրակարգ ձևավորելու, այն զբաղված էր իշխանության համար ոչ ցանկալի քաղաքական միավորների դեմ ատելություն գեներացնելով ու անպատասխանատու հայտարարություններ տարածելով, ինչը ևս աշխատեց իշխող թիմի օգտին:

Մյուս կողմից՝ ցավալի պատկեր արձանագրվեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) դեպքում (3143 ձայն, 0,21%): ՀԱԿ-ը, թեև չհավաքեց նշանակալի ձայներ, իրականում ներկայացավ որպես ամենահասուն քաղաքական միավորներից մեկը. գեներացրեց հիանալի ու բովանդակային կոնտենտ, վարեց բարձր մակարդակի քարոզարշավ և փայլուն հանդես եկավ դեբատներում: Սակայն այդ հսկայական ու որակյալ քաղաքական աշխատանքը փաստացի փոշիացավ և մսխվեց առանձին մասնակցության պատճառով. այնինչ որևէ լուրջ ու լայն քաղաքական բլոկի կազմում մասնակցելու դեպքում այս ռեսուրսը կարող էր ունենալ անհամեմատ ավելի մեծ էֆեկտ և կարող էր էականորեն փոխել ընդհանուր քաղաքական հաշվեկշիռը:

Վերոնշյալ ընդհանուր լռությունն ու լուսանցքային կարգավիճակը առավել ակնառու են դառնում երկրում տեղի ունեցող խորքային ճգնաժամերի ու անվտանգային լուրջ սպառնալիքների ֆոնին: Երբ սահմանային ու անվտանգային անմխիթար վիճակը հարվածում է խաղաղ բնակիչների տներին, կամ երբ երկրում ընթանում են աննախադեպ թանկացումներ, հարկային բեռի ավելացում ու սոցիալական անկում, այս քաղաքական ուժերից որևէ մեկի ծպտունը դուրս չի գալիս: Չկան քաղաքական բողոքի ակցիաներ, չկան իրավիճակի գնահատականներ, չկան այլընտրանքային լուծումների առաջարկներ:

Այս վարքագիծը հանգեցնում է միանշանակ եզրահանգման. այդ քաղաքական ուժերի բուն նպատակն ընդդիմադիր դաշտում «ձայների փոշիացումն» էր և Փաշինյանի իշխանության վերարտադրությանն աջակցելը, ինչի դիմաց այսօր նրանք վայելում են հարկատուների հաշվին ապահովված հարմարավետ անգործությունը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Հեռու չէ օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային վերածվել․ «Փաստ»

Հեռու չէ օրը, որ Փաշինյանի վարչակազմի աջակցությունը կարող է Սպիտակ տան համար իմիջային վերածվել․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի հարցերով զբաղվող ամերիկյան շրջանակները վերջին շրջանում առավել մեծ ուշադրությամբ են հետևում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ձերբակալություններին։ Վաշինգտոնում ներքին խողովակներով ստացվող տեղեկությունները՝...

Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ վարչության վերջին նիստում բոլորը շատ լարված են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել ոչ միայն նրա հրապարակային հայտարարություններով, այլև «Tête-à-tête»...

ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում․ «Հրապարակ»

ՔՊ-ն «ստրախովկայով» է գործում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրիի ՏԻՄ ընտրություններում, ինչպես տեղեկացրել ենք, իշխանական թեկնածուն գրեթե առանց մրցակցության է մնացել։ Առաջադրվել են թեկնածուներ Շնորհապետական, Եվրոպական, «Ապրելու երկիր» կուսակցություններից, բայց բոլոր...

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ է պատմել ՀՀ սահմանն ապօրինի հատած և հայ ընտանիք ներխուժած, մահափորձ իրականացրած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը։ Թեև նախաքննական մարմինը գործը քննում է խիստ...

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը․ «Փաստ»

Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում հայաստանյան քաղաքական օրակարգում ու հասարակական քննարկումներում կտրուկ աճել են սպասումներն ու մտահոգությունները։ Սահմանային վերջին միջադեպերը, մասնավորապես Շաքիի դեպքը, ինչպես նաև շարունակվող արտաքին սպառնալիքները փաստում են, որ...