Դուք և Ձեր ղեկավարած գերատեսչությունն այլևս վերածվել եք անհաղթահարելի ու օրինականացված կոռուպցիայի․ Հայկ Դեմոյանը՝ ԿԳՄՍ նախարարին

12 Սեպտեմբերի, 2025

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բաց նամակով դիմել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին.

«Տիկի´ն Անդրեասյան

Ազգային ժողովում Ձեր վերջին ելույթը ստիպեց ինձ դիմել Ձեզ հենց այս ձևաչափով: Համարեք սա և´ նախազգուշացում, և´ հորդոր: Սկզբում ինձ թվաց, թե այն հոգեբանական ընկճվածությունը, որը դաջված էր Ձեր դեմքին, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում թույլ տված կոպտագույն սխալների ու վանդալիստական գործողությունների արդյունքում հուշարձանին հասցված անվերականգնելի վնասի գիտակցման հետևանք է:

Ավաղ, ոչ: Դուք շարունակեցիք Ձեր առաջնորդի ու ձեր թիմակիցների նման մնալ ցինիկության ու անպատկառության շապիկի մեջ:

Արդեն որերորդ անգամ Դուք փորձում եք կոծկել ակնհայտն ու անհերքելին և դա Ձեր թիմակիցների ճանաչելի ձեռագիրն է: Դուք ոչ միայն նմանվել եք նրանց, ում թիրախավորում ու քննադատում էիք չարածների ու վատ արածների համար, այլև չեք գիտակցում, որ դարձել եք նրանցից ավելի վատն ու մերժելին:

Դուք ընդամենը մի տեսակ եք, ով շատ լավ է իրեն զգում, իր նմաններով շրջապատված լինելով: Դուք նաև մի տեսակ եք, ով չի գիտակցում, թե ի՞նչ կմտածեն իրենց երեխաները ծնողների մասին և ի՞նչ կասեն այդ նույն զավակներին, երբ կգա ծնողների արարքների համար հաշվետու լինելու պահը:

Ձեր ու բոլորիս ողբերգությունն այն է, որ Դուք չեք գիտակցում, որ մաս եք կազմել ու ծառայում եք մի ուժի, որի պարագլուխը հեշտորեն կարող է ժխտել հայոց ցեղասպանության պատմական փաստը և օրը ցերեկով անամոթաբար պղծել ողբերգական ճակատագրի արժանացած միլիոնավոր մարդկանց հիշատակը:

Դուք ծառայում եք մի ուժի, որը հեշտ ու հանգիստ կարող է հայտարարել, որ հանցավոր համաձայնության է եկել ոճրագործի հետ` ևս մեկ ցեղասպանական գործողություն իրականացնելու համար: Վստահ եմ, որ շատ լավ գիտակցում եք, թե ինչ է դա նշանակում և պատասխանատվության ինչ աստիճան ենթադրում:

Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ թե´ հուշահամալիրը և թե´ Հայոց ցեղասպանության թանգարանը մինչ իշխանության գալը, Ձեզ համար մերժելի տեղ է եղել` դատելով Ձեր ելույթներից ու ընտանիքում դավանած արժեհամակարգից, որտեղ հայրենասիրության ու հայկականության վերաբերյալ կա հատուկ ընդգծված ու հանրայնացված կարծիք ու գնահատական:

Ես Ձեզ երբեք չտեսա հուշահամալիր կամ թանգարան այցելելիս այն տարիներին, երբ բողոքում էիք, թե ինչպես ուսուցիչը փորձել էր Արարատ լեռան «մերը չլինելու» պատմությունը ներկայացնել Ձեր զավակին: Իսկ հիմա, ի պաշտոնե, հաճախ եք այցելում Հուշահամալիր և դա ցանկանում եք մատուցել որպես հայ մարդու գիտակցված քայլ և պատասխանատվություն: Դիմեք հոգեբանի և մասնագետը շատ հստակ Ձեզ կբացատրի, թե որքանով անհամոզիչ ու կեղծ են Ձեր հերթապահ ձևակերպումները, որոնցով փորձում եք շղարշել ու քողարկել թույլ տված աններելի ու արհամարական վերաբերմունքը Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հանդեպ:

Ես սպասում էի, որ Ազգային ժողովի ամբիոնից գոնե ինչ որ մեղմացուցիչ ու ներողամտություն հայցող ձևակերպումներ կհնչեն Ձեր շուրթերից` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հոշոտելու փաստի կապակցությամբ: Փոխարենը կրկին որոշեցիք հոխորտալ, սպառնալ ու արդարանալ ու.. կրկին սուտ խոսել: Նորից ու նորից հայտարարեցիք, թե հուշարձանը երբևիցէ «վերջին ավելի քան 60 տարիների ընթացքում չի վերանորոգվել»: Սա սովորական սուտ չի, սա ողբերգության ևս մեկ դրվագ է, քանի որ հուշահամալիրն ընդամենը 58 տարեկան է …

Դուք, Ձեր թիմակիցներով հանդերձ, բռնաբարել ու սպանել եք մարդկային լինելու ու մնալու ամենակարևոր հասկացողությունն ու հատկությունը` ճիշտն ու ճշմարտախոսությունը: Դուք սուտն ու ստախոսությունը դարձրել եք կենսակերպ ու ապրելաձև, այն այլևս ձեր կյանքի ուղեկիցն ու ինքնության գլխավոր առանցքն է: Ստախոսությունը, երեկվա ասածը չընդունելը, անհերքելիի հետ չառերեսվելը հենց Ձեր գործելաոճն է: Դուք փաստն ու ապացույցը մեր օրերում իջեցրեցիք գերեզման, «պատիվ» ու «արժանապատվություն» հասկացությունները հանեցիք շրջանառությունից, հասարակության մեջ ներդնելով ու գովազդելով մարդկային ամենանաստոր հատկանիշը` արածներին ու ասածների համար հաշվետու ու պատասխանատու չլինելը:

Թե որքանով եք շահագրգիռ ու «սրտացավ» հուշահամալիրի վերանորոգման կապակցությամբ, երևաց ակնհայտ այն վերաբերմունքից և գործողություններից, որոնք հետևեցին հանրային բողոքից հետո: Հրապարակված փաստերն ու փաստաթղթերը ևս մեկ անգամ ապացուցեցին, հանցագործություն իրականացնելու ու ազգային հիշողությունն ու արժանապատվությունը ոչնչացնելու Ձեր իշխանության օտարահաճ պատրաստակամությունը:

Ասվածի լավագույն վկայությունն է նաև հակապետական ու հակաազգային այն քաղաքականությունը, որը որդեգրել եք հանրակրթական դպրոցի դասագրքերի պատրաստման գործում: Նույն ցինիկ անպատկառությունն ու ստոր գործելաոճը, որի թիրախում մեր երեխաներն են ու ապագայում մեր լինելիության հարցն է: Եվ դա անում եք գիտակցված, անամոթաբար, արածի ծանր հետևանքները շատ լավ հասկանալով:

Դուք այն անձն եք, ով կարող է մասնագետների հրավիրել քննարկման, սակայն քննարկման հենց սկզբում, հրավիրյալների կարծիքը չլսելով, հայտարարել, թե ինչքան էլ վատը լինեն դասագրքերը, միևնույն է, դա պետական քաղաքականություն է, հետևաբար դրանք չեն հանվելու գործածությունից: Նույն օրը, Ձեզ հետ հանդիպման պահին, ոստիկանական հաշվարկը ահաբեկում է պատմության խոտան դասագրքի դեմ բողոքող մեր գործընկերոջ ընտանիքին` լռություն պարտադրելու համար: Դուք հենց այդ ահաբեկիչն եք ու ահաբեկչական գործողության խորհրդանիշը:

Ձեր աշխատանքի ու կենսափիլիսոփայության ցածրակարգ լինելու մեկ այլ վկայություն է տպագրությունից առաջ դասագրքերում տողերիս հեղինակի ու մյուսների կողմից սխալների ու վրիպակների հիշատակումից հետո դրանց մուտքագրումն է վերջնական տարբերակում: Սակայն նույնիսկ այդ պարագայում, դասագրքերը չեն դադարում խոտան համարվել և գնահատվել որպես մեր երեխաների դեմ իրականացված հանցագործություն: Ապացույցն այն գրախոսականներն են, որոնք հրապարակվել են իմ ու գործընկեր պատմաբանների կողմից:

Դուք և Ձեր ղեկավարած գերատեսչությունն այլևս վերածվել եք անհաղթահարելի ու օրինականացված կոռուպցիայի ու հակազգային քաղաքականության խորհրդանշան:

Առաջարկս մեկն է. հարուցեք քրեական գործ, հետաքննեք Ձեր և Ձեր նախկինների օրոք Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած բոլոր հանցագործությունները, կամ միջամտեք, որպեսզի արգելանքից հանվեն արդեն իսկ հարուցված քրեական գործերը, որպեսզի դրանք մտնեն դատաքննության փուլ: Այնժամ կտեսնեք, թե ով եք Դուք և ինչ «պանծալի» գործընկերներով եք շրջապատված:

Վերջում կասեմ ընդամենը մեկ բան` հեռացե´ք ի սեր Աստծո, հեռացե´ք հանուն Ձեր զավակների, որոնց համար անտանելի մի խարան եք թողնելու, որը կրելու են իրենց ողջ կյանքի ընթացքում»։

Նմանատիպ նյութեր

Օտարերկրյա «կլյաուզնիկներին» սպասարկող կապիտուլյանտը դրանց օգտագործում է իր սեփական շահերի համար․ Համբարյան

Օտարերկրյա «կլյաուզնիկներին» սպասարկող կապիտուլյանտը դրանց օգտագործում է իր սեփական շահերի համար․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլի իրավապահները Ծառուկյանի հարցում հավատում են օտարերկրյա «կլյաուզնիկներին»։ Ծառուկյանի գործով սպասվածից ավելի խայտառակ բացահայտումներ են տեղի ունենում։ Փաստորեն, Իրանի քաղաքացիներ հայր և որդի Օլամաեինները...

Արագածոտնի թեմը Պայծառակերպության տոնին Սուրբ Պատարագներ կմատուցի

Արագածոտնի թեմը Պայծառակերպության տոնին Սուրբ Պատարագներ կմատուցի

Վաղը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին կտոնի մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության հրաշազարդ տոնը։ Արագածոտնի թեմից  ներկայացնում են  թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը. ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Նիգավանի Սուրբ...

Երևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Երևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Այսօր՝ հուլիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել...

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը․ Կարասին

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը․ Կարասին

Ռուսաստանը չի փակում Ուկրաինայի հարցով շփումների և բանակցությունների դուռը, բայց ոչ ոք չի ուզում մտնել, ասել է սենատոր Գրիգորի Կարասինը։ «Մենք չենք փակում դուռը շփումների և կարգավորմանն ուղղված կոնկրետ բանակցությունների համար։ Բայց ինչ-ինչ պատճառներով ոչ ոք չի ուզում...

Օմանում բանակցություններ են․ ԱՄՆ-ն մասնակցում է հեռակա կարգով

Օմանում բանակցություններ են․ ԱՄՆ-ն մասնակցում է հեռակա կարգով

Օմանում բանակցողները քննարկում են Հորմուզի նեղուցով նավերի անարգել անցման համար միջանցքի ստեղծման հարցը, հայտնում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով տարածաշրջանային աղբյուրին։ Ինչպես նշում է Ռավիդը՝ հղում անելով անանուն դիվանագետի, Կատարի ներկայացուցիչները...