Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրել է․
«Սույն հաղորդումը կազմված է երկու առանցքային մեղադրանքների վրա, որոնք ունեն գիտական-ակադեմիական և քրեաիրավական հիմքեր։
Հիմնական պնդումը հետևյալն է. ՀՀ կառավարությունն ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, առանց հիմնավոր ուսումնասիրության և գիտական փորձաքննության, պետական պահուստային խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել են վիճելի ու ոչնչով չհիմնավորված գնում` միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ:
Նախապատմություն
Ակնհայտ էր, որ պետական պահուստային միջոցներից ահռելի գումարների դիմաց այս կասկածելի ցուցանմուշի գնումն ուղիղ կապ ուներ 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ և նպատակ ուներ այսպիսի ձեռքբերումը ծառայեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին և Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը:
Հետաքննչական ու քրեաիրավական հիմքեր
Հետաքննող մարմինները պետք է պարզեն, թե արդյո՞ք այստեղ գործ ունենք հնաոճ իրերի սև շուկայի մեջ ներքաշված պետական պաշտոնյաների հետ, երբ վերջիններս հանցավոր համաձայնության գալով հնաոճ իրերի վաճառքով զբաղվող և շուկան վերահսկող գործակալների հետ, գործարք են կնքում խիստ թանկ գնով հնաոճ իր ձեռքբերելու և իրացնելու համար: Արդյունքում մեծ վնաս է հասցվել ահռելի չափերի արտաքին պետական պարտք ունեցող ՀՀ պետական բյուջեին:
Պատկերացրեք այսպիսի մի սխեմա. պայմանավորվածություն է ձեռք բերվում ինչ որ միջազգային, ոչ առաջնային կարգի աճուրդի հետ, վերջինիս վաճառքի կատալոգում շատ բարձր գնով ցուցանմուշ կամ ձեռագիր մատյան զետեղելու և այն փոխշահավետ պայմանով ձեռք բերելու համար: Ապա իրի լուսանկարն ու գինը որոշ ժամանակով տեղադրելուց հետո այն հեռացվում է վաճառքից: Հաջորդիվ մշակույթի ու արժեքների հանդեպ «սրտացավ» պետական պաշտոնյաներն ի լուր աշխարհր հայտնում են, որ խնդրել են այս կամ այն ցուցանմուշը հանել աճուրդից՝ դրանք ֆիքսված գնով ձեռք բերելու համար:
Հարգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը, այնուամենայնիվ պետք է արձանագրենք, որ ձեռք բերված ցուցանմուշի գինը աստղաբաշխական է և չի համապատասխանում իրականությանը: ՈՒՂՂԱԿԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ այսպիսի գնով հենց այս կատեգորիայի ցուցանմուշ, այն էլ վիճելի ինքնությամբ ու ծագումնաբանությամբ: Ի դեպ, խնդրահարույց դռան փեղկը լոնդոնյան SAM FOGG աճուրդում վաճառքի է եղել առնվազն 20 տարի, հաշվի առնելով 2000-ականներին տպագրված կատալոգը, ուստի սրտաճմլիկ պատմություններն աճուրդից հանելու վերաբերյալ բանից անտեղյակ լսարանի համար է:
Գիտահետազոտական ու փորձաքննական հիմքեր
Այժմ փորձենք պարզ տրամաբանությամբ վերլուծենք, թե ինչ վիճելի ու կասկածելի դրվագներ կան կառավարության կողմից հարկատուների գումարների հաշվին ձեռք բերված այս իրի առնչությամբ.
• Իրի հայկականությունը
100 տոկոսով պնդել, որ ձեռք բերված դռան փեղկը «հայկական» է` ոչ միայն սխալ է: այլև տգիտության դրսևորում է: Այդպիսի պնդման հիմք կարող է լինել միմիայն հայատառ արձանագրության առկայությունը: Մեզ հասած շուրջ մեկ տասնյակ միջնադարյան և ուշ միջնադարյան հայկական եկեղեցական ԲՈԼՈՐ դռներն ունեն հայերեն արձանագրություններ՝ հստակ թվագրմամբ, պատվիրատուի ու վարպետի անունների հիշատակմամբ: Խնդրո առարկա դռան փեղկն այդպիսի արձանագրություն չունի, հետևաբար իրի հայկական լինելու պնդումը, մեղմ ասած, վիճելի է, քանզի այն հիմնված է միմիայն ԵՆԹԱԴՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ: Նույն ենթադրությամբ այն կարելի է համարել ասորական, ղպտիական կամ այլ մշակույթի պատկանող նմուշ:
• Իրի թվագրումը
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեսյանը իր հանրային ելույթներում հայտարարեց, որ, որ ձեռք բերված ցուցանմուշը «Բագրատունյաց շրջանի» է և նույնիսկ նշեց ստույգ թվագրումը` 1188 թվական, հղում տալով «ռադիոածխածնային հետազոտությանը»: Իրականում խոսքը, ոչ թե «ռադիոածխածնային հետազոտության», այլ մեթոդի կիրառմամբ մասին է: Նույնիսկ օրգանական ծագում ունեցող փայտանյութի պարագայում ռադիոածխածնային մեթոդի կիրառմամբ հնարավոր չէ հստակ թվական նշել: Քսան տարի առաջ SAM FOGG աճուրդի հրատարակած կատալոգում հիշատակվում է, որ այդ մեթոդի կիրառման արդյունքում փեղկը թվագրվել է 12-րդ դարով: Մինչ օրս հրապարակված չէ այդ փաստաթղթի բովանդակությունը: Ավելորդ չի նշել, որ մտածածին 1188 թվականի հիշատակումը և այն «Բագրատունյաց» շրջանի հետ կապելը, Հայոց պատմության դպրոցական մակարդակի դասագրքային նյութին չտիրապետելու ակնհայտ դրսևորում է:
• Բովանդակության վերլուծություն
• Իրի աշխարհագրությունը
Այն պնդումները, թե իբր դռան փեղկը ծագում է Սյունիքի վանական համալիրներից, որևէ ապացուցողական հիմք չունի: Դա զավեշտալի ու անհիմն ենթադրություն է՝ հայերեն որևէ արձանագրության բացակայության պայմաններում: Ինչպե՞ս և ինչու՞ շուրջ 50 կգ կշռող դռան փեղկը լեռնային կածաններով պետք է հասցնեին Մերձավոր Արևելք մեկ այլ հարց է, որին չեն ցանկացել անդրադառնալ պետական միջոցները գիտակցաբար փոշիացրած ՀՀ պետական պաշտոնյաները:
Ամփոփելով նշենք, որ այս դռան հայկականության վերաբերյալ չկա որևէ լուրջ և հիմնավոր գիտահետազոտական աշխատանք: Վերոնշյալ աճուրդի հրատարակած կատալոգում իրը բնութագրող կես էջանոց բացատրագիրը գիտականության տեսակետից որևէ քննություն չի բռնում և հիմնազուրկ է:
– Ռադիոածխածնային մեթոդի կիրառման փաստաթղթային հիմքերը, որոնք արձանագրված են աճուրդի տան հրատարակած կատալոգում, սակայն տակավին չեն հանրայնացվել:
– Դռան փեղկը ՀՀ ներկրելու մաքսային ձևակերպման փաստաթղթերը
Հաշվի առնելով կառավարության վերոնշյալ անդամների կողմից Բեյրութում գտնվող միևնույն անհայտ ծագում ունեցող դռան երկրորդ փեղկի ձեռքբերման նպատակադրությունը, իրավապահ մարմիններից պահանջում եմ կիրառել կալանքը որպես խափանման միջոց՝ պետական պահուստային ֆոնդի գումարների աննպատակային վատնման նոր փորձը կանխելու համար։
Միաժամանակ հայտնում եմ, որ պատրաստ եմ տալ փորձագիտական գնահատական իրի պատմականության, ծագումնաբանության և ժամանակագրության վերաբերյալ, ինչպես նաև տրամադրել միջազգային հեղինակավոր աճուրդների կատալոգներ՝ միջնադարյան փայտարվեստի վավերական ու փորձագիտական քննություն անցած նմուշների գների համեմատականը ներկայացնելու համար:
ՀԳ Եթե որևէ պատմաբան կամ արվեստագետ պատրաստ է հանրային բաց բանավեճի ձևաչափով հստակ ու անհերքելի ապացույցներ ներկայացնել առ այն, որ դռան փեղկն անվիճելիորեն հայկական ծագում ունի, ապա ես պատրաստ եմ նման բանավեճի մասնակցել ու հիմնավորել հակառակը։
Միաժամանակ կոչ եմ անում իրենց մասնագիտական ու ակադեմիական համոզմունքները հարգող գիտաշխատողներին իրենց աջակցությունը հայտնեն այս հայտարարության բովանդակությանը»։






