Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք. Բագրատ Սրբազան

12 Փետրվարի, 2026

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա առիթով նամակ է գրել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից․

«ՎԱՐԴԱՆԱՆՑ և ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ԽՈՐՀՐԴՈՎ

Սիրելինե’ր,

Երեկ չէ առաջին օրը Ղևոնդյանց քահանայից բարեխոսության և հիշատակի տոնն էր: Շնորհավորում եմ մեր հոգևոր դասին` զինվորյալ դասին, ովքեր խորաններից քարոզել են Ղևոնդյանց քահանաների սխրանքի և նահատակության մասին և կյանքով վկայել:

Այսօրվա լեզվով, փաստորեն, Ղևոնդյանք «քաղաքականությամբ են զբաղվել»:

Այո’, այս հիշատակությունը բանտարկված, աքսորված և նահատակված հոգևորականության մասին է, ովքեր չդավաճանեցին ո’չ իրենց հավատքը, ո’չ կենսագրությունը և ո’չ էլ համակերպվեցին Հայրենիքի և Հավատքի կորստի հետ և չասացին. «մենք քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունենք»:

Այս օրը փաստացի 21-րդ դարում Հայաստանում հալածվող եկեղեցու տոնն է և «բանտարկված հոգևորականության» տոնը` նույն Ղևոնդյանց օրինակով:

Շնորհավորում եմ նաև Մուշե, Արշեն, Քաջաջ, Աբրահամ, Խորեն, Ղևոնդ, Հովսեփ, Սահակ, Խաչիկ, Սամուել անուններով անձանց: Թող Աստված օրհնի բոլորիդ:

Այսօր Վարդանանց Սուրբ նահատակների, մեր ներշնչումների, ոգևորության պատգամի, նվիրումի և հավատարմության հիշեցումն է և մեր մեծ հերոս սուրբերի բարեխոսությունը հայցելու հնարավորությունն ու առիթը` իրենց հետ նույնանալու միջոցը:

Իրականում ի՞նչն էր իրականությունը. թշնամին պահանջում էր`

Ա. Եկեղեցու ազատությունը ճնշել` հարված ինքնությանը

Բ. Վանքերը, որտեղ կրթություն, գիտություն, մշակույթ էր զարգանում` փակել:

Փաստացի` կրթական համակարգը ձևախեղել

Գ. Հարկերը ծանրացնել

Դ. Նախարարներին կաշառել և թշնամացնել

Ե. Հազարապետը փոխարինել թշնամու դրածոյով, գլխավոր դատավորն էլ` մոգպետով:

Այսինքն` ենթարկեցնել դատական համակարգը, ժողովրդին ծանրաբեռնել հարկերով, խեղաթյուրել կրթական համակարգը, հարված հասցնել ինքնությանը և ատելության ու թշնամանքի սերմանումով գրավել քաղաքական համակարգը` սեփական դրածոյի ներդրմամբ: Փաստորեն այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր կյանքում` հալածվող եկեղեցի, ստրկացած դատական համակարգ, տնտեսական բեռի և պարտքի տակ կքած ժողովուրդ, խեղված կրթամշակութային համակարգ, թշնամուց գրավված քաղաքական համակարգ` զուգորդված հասարակական լայն թշնամանքով, ատելությամբ և պառակտումով:

Այդ պատճառով էլ Վարդանանք այսօր փորձվում են ներկայացվել որպես «ռոմանտիկ ահաբեկիչներ», իսկ Վասակ Սյունին` որպես մեծ դիվանագետ:

Ինչպես ասվում է` նմանը նմանին և գտնում…

Փորձ է արվում Վարդանանց սխրանքը նվազեցնել, սահմանափակել, տեղափոխել քաղաքական դաշտ, Վասակի դավաճանությունը ներկայացնել որպես «մեծագույն դիվանագիտություն», ով պատրաստ էր ամեն ինչ զիջել` ինքնություն, տարածքներ, գիտակցություն և այլն: Փաստորեն «իրական Հայաստան»… Դավաճանությունը «դիվանագիտություն» է, իսկ հերոսությունն ու սխրանքը` ծաղրանք:

Իրականում Վարդանանց պայքարը չավարտվեց Ավարայրի հերոսապատումով, այլ սկսեց: Այն 33 տարվա պայքարից հետո ավարտվեց Հաղթանակով (կնքվեց Նվարսակի պայմանագիրը)…

Մեր պայքարն էլ չի ավարտվել ու չի ավարտվելու, որքան էլ այն երկար ու տառապալից թվա: Եվ այն անխուսափելիորեն հասնելու է հաղթանակի, որովհետև ինչպես Ղևոնդյանց, այնպես էլ Վարդանանց և այնպես էլ մեր պարագային, մենք ապրում ենք մեր կենսագրության, մեր պատվի, մեր գալիքի պատասխանատվության խորը գիտակցությամբ, «Ավետյաց Երկրի» և Հոգևոր Հայաստանի տեսիլքով, որում մեզ չի ընկճի ո’չ շղթան, ո’չ կապանքներ, ո’չ զնդան և ոչ այլ ինչ հարվածք…

Եվ այո’, Հաղթանակն այլընտրանք չունի…

«Վասն Հավատքի և վասն Հայրենյաց»

Սիրով և աղոթքով

Բագրատ արք. Գալստանյան

Հայրենիքի կալանավոր

Ի տօնի Ղեւոնդեանց քահանայից և Վարդանանց Զօրավարացն

12.02.2026»։

Նմանատիպ նյութեր

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ում ունեցած զգալի ելույթի մասը նվիրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվող «խաղաղությանը»։ Նա հայտարարել է, որ հակամարտությունից հետո տարածաշրջանային կարգավորման գործընթացին զուգահեռ երկրի օրակարգը, ​​ վերջին հաշվով,...

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է յոթ օրով հրադադար հաստատելու Իրանի առաջարկից և մերձավորներին հայտարարել է ամերիկյան Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից հետո Իրանին հարվածները վերսկսելու հնարավորության մասին: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը,...