Բելառուսը պատրաստվում է պատերազմի՝ դրանից խուսափելու համար, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես անկեղծորեն և բացահայտ ասել եմ, որ մենք պատրաստվում ենք պատերազմի՝ դրանից խուսափելու համար։ Մենք մտադիր չենք հարձակվել որևէ մեկի վրա, ինչպես վերջին շրջանում մեր արևմտյան «բարեկամները» ԶԼՄ-ներում քարոզարշավ են սկսել՝ պնդելով, թե Ռուսաստանը Բելառուսի տարածքից և Բելառուսի հետ միասին կհարձակվի Բալթյան երկրների, հնարավոր է՝ նաև Լեհաստանի վրա»,- նրա խոսքերը՝ Ինտերֆաքսի փոխանցմամբ, մեջբերում է БЕЛТА-ն:
Լուկաշենկոյի խոսքով՝ «վերջին շրջանում ԶԼՄ-ներում այսպես կոչված գործընկերները մեծ ուշադրություն են դարձնում Բելառուսի զինված ուժերում տեղի ունեցող իրադարձություններին»։ «Նրանց առաջին հերթին անհանգստացրել է այն փաստը, որ մենք չափազանց հաճախ, շատ կոնկրետ և ինտենսիվ ստուգումներ ենք անցկացնում Զինված ուժերի ստորաբաժանումներում՝ ոչ միայն բանակում, այլև ամբողջ Զինված ուժերում»,- հավելել է Բելառուսի նախագահը։






