Բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. վարչապետի աշխատակազմ

18 Մարտի, 2025

Հայաստանի վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայկական Զինված ուժերի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին.

«Ս/թ մարտի 16–ից 18–ն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը թվով 6 հաղորդագրություն է տարածել Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրև թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերը նշված բոլոր հաղորդագրություններից հետո իրականացրել է ստուգողական աշխատանքներ և ստուգման արդյունքներով հերքել Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին պնդումները։

Այդ բոլոր հերքման հաղորդագրություններում ՀՀ պաշտպանության նախարարությունը հիշեցրել է դեռևս 2024 թվականի հունիսի 22–ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, որին Ադրբեջանը մինչև օրս դրական չի արձագանքել։

ՀՀ պաշտպանության նախարարության 2025 թվականի մարտի 17–ի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է հետաքննել Ադրբեջանի հաղորդագրությունները հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ–ին փոխանցելու պարագայում։

Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վերահաստատելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին իր առաջարկը, հայտարարում է, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով, ինչի անհերքելի ապացույցն են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի վերջնականացմանն ուղղված քայլերը։

Խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը և տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարևորագույն քայլ է և Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը կոչ է անում մեկնարկել խորհրդակցությունները համաձայնագրի ստորագրման տեղի և ժամկետների վերաբերյալ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ Համաձայնագրի նախագծի համաձայնեցված տեքստը հասցեագրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և հարաբերությունների հաստատման հիմնարար հարցերը և մեխանիզմներ է նախատեսում հետագա անելիքների քննարկման համար։

Անհրաժեշտ ենք համարում արձանագրել նաև, որ 2025 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը գրավոր կերպով Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել Ադրբեջանի արևմտյան շրջաններից Հայաստանի Հանրապետության տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ, և Հայաստանի Հանրապետության հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ և դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ և սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։

Միևնույն ժամանակ, վերահաստատում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել Ադրբեջանի Հանրապետության հետ պետական սահմանի սահմանազատման աշխատանքները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգի համաձայն»։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...